Արցախցիների համար. Կառավարությունը խնդրել է 3 տոկոս սահմանաչափը դարձնել 6 տոկոս
Խորհրդարանը նոյեմբերի 22-ի արտահերթ նիստում վերսկսել է ««Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումը:
Նախագծի վերջնական տարբերակը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«2023 թվականի սկզբից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Հայաստանում էին գտնվում Լեռնային Ղարաբաղի բնակիչներ, որոնց համար ՀՀ կառավարությունը հատկացրել էր կեցավայրեր՝ հիմնականում հյուրանոցներում, եւ դրա հետ կապված մենք հավելյալ ծախսեր ենք ունեցել»,- նշել է զեկուցողը: Նրա խոսքով պայմանավորված ապօրինի շրջափակման շարունակմամբ, որը հանգեցրել է նաեւ սեպտեմբերյան բռնի տեղահանմամբ՝ տարվա ընթացքում այդ ծախսերն ավելի են շատացել: Ըստ նախարարի՝ կատարվել են այն վերաբաշխումները, որոնք անհրաժեշտ էին Կառավարության համար ընթացիկ ծրագրերը պատշաճ իրականացնելու համար. «Մենք արդեն որոշումներ ենք կայացրել ԼՂ-ից տեղահանված ավելի քան 100 հազար մեր հայրենակիցներին 100 հազար դրամ միանվագ աջակցություն տրամադրելու, ինչպես նաեւ 3 ամսվա համար բնակարանային ապահովման եւ երկու ամսվա համար առաջնային ծախսերը հոգալու վերաբերյալ. ամբողջ գումարը կազմում է մոտ 40 մլրդ դրամ: Դրան գումարվում են նաեւ կրթության, առողջապահության ծախսերը: Սրանք մեծ չափով ծախսեր են ենթադրում, եւ մենք ակնկալում ենք, որ սրա հետեւանքով կգերազանցեք մեր վերաբաշխումների սահմանաչափը: Ուստի խնդրել ենք 3 տոկոս սահմանաչափը դարձնել 6 տոկոս»:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 6 տոկոսի սահմաններում վերաբաշխում կատարել օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ` ծրագրերի միջոցառումների միջեւ:
Վահե Հովհաննիսյանը նշել է, որ նախորդ օրը հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ խոսվել է այն մասին, որ սահմանաչափի բարձրացումը մինչեւ 6 տոկոս չի նշանակում, որ վերաբաշխումները հենց այդ չափով պետք է իրականացվեն: «Դա ուղղակի հնարավորություն է տալիս Կառավարությանն ավելի ճկուն լինել եւ հոգալ առաջնային անհրաժեշտության ծախսերը: Կան ծախսեր, որոնք վերաբերում են ոչ միայն ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների կարիքները հոգալուն, այլեւ մենք նաեւ հավելյալ վերաբաշխումներ ունենք՝ կապված սոցիալական ապահովության որոշ ծրագրերի հետ»,- ընդգծել է նախարարը:
Նշվել է, որ նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն եղել:
Պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի միաձայն դրական եզրակացությունը:
Խորհրդարանն ընդունել է օրենքի նախագիծը: