24.11.2024
Պուտինին հանդիպելուց խուսափելով Հայաստանի անվտանգային հարցերը չեն լուծվում
prev Նախորդ նորություն

Իշխանությանն ու ընդդիմությանը Արցա՞խն էր խանգարում. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ խորհրդարանում ջան-ջիգյար մթնոլորտ էր, տպավորություն էր, որ իշխանությանն ու ընդդիմությանը Արցախն էր խանգարում՝ փոխըմբռնման մթնոլորտում աշխատելու, եւ հիմա, երբ Արցախը չկա, իշխանությունն ու ընդդիմությունը ո՛չ ձեռնամարտի են բռնվում, ո՛չ էլ նույնիսկ լեզվակռիվ են անում։ Ընդդիմության կառուցողական պահվածքն անգամ Ալեն Սիմոնյանը նկատեց․ «Ես ողջունում եմ միասնությունը, որն այսօր կա»։ ԱԺ նիստում նախագծերի քվեարկության ժամանակ էլ գովեց ընդդիմությանը՝ տեսնելով «ՀՀ բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման օրինագծի փոփոխությունների մասին» նախագծի քվեարկության արդյունքները։ Նիստին ներկա 88 պատգամավորից 81-ը նախագծին կողմ էր քվեարկել։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանությունում կադրային կրիզիս է` թափուր հաստիքներն ամիսներով, անգամ տարիներով չեն համալրվում: Օրինակ, ավելի քան երկու շաբաթ է՝ մեկնարկել է ամենամյա ձմեռային զորակոչը, սակայն ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնն ավելի քան 3 ամիս է՝ թափուր է։ Օգոստոսի վերջերին այդ պաշտոնից ազատվեց Արմեն Ավթանդիլյանը: Նրա ազատվելուց հետո լուրեր տարածվեցին, թե իրավապահ համակարգը զինկոմիսարիատներում ուսումնասիրություններ է կատարում, կոռուպցիոն ռիսկեր են ի հայտ եկել, մեծ թվով զինվորների են տարկետում տալիս կամ ազատում ծառայությունից, եւ Ավթանդիլյանի ազատումը դրանով էր պայմանավորված: Իշխանությունն ուզում է ավելի «ձիգ» կադրով փոխարինել նրան: Սակայն փաստն այն է, որ դեռ փոխարինող չեն գտել, եւ ժամանակավոր պաշտոնակատարն է գործը «յոլա տանում»։ Նույն իրավիճակն է նաեւ Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում․ օգոստոսի 5-ից՝ Սերգեյ Ատոմյանին ազատելուց հետո, կալանավայրերի ծառայությունը պետ չունի: Իշխանական շրջանակներում խոսում են, որ այս պաշտոնում էլ հարմար թեկնածու չեն գտնում: Խոսակցություններ կան, որ Քննչական կոմիտեի նախկին պետ, ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանին են առաջարկել, նա չի համաձայնել։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեւանի տարբեր վարչական շրջանների թաղապետարանների նկատմամբ իրավապահների «հետաքրքրությունը», ըստ որոշ տեղեկությունների, նոր չէ։ Դեռեւս ամռանը՝ հունիս-հուլիս ամիսներին, իրավապահ մարմինները գործընթաց են սկսել գրեթե բոլոր վարչական շրջանների աշխատակազմերում, սակայն հայտնաբերված խախտումների մասին որոշել են լռել` հանրայնացնել ամիսներ անց, որպեսզի, ինչպես իշխանական աղբյուրներն են հայտնում, չվնասեն ՔՊ-ի վարկանիշին եւ չազդեն Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների վրա: Դիցուք, նախօրեին հայտարարեցին, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Կենտրոն վարչական շրջանի պաշտոնյաների։ Մասնավորապես, Կենտրոն թաղապետարանի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանին, նույն բաժնի աշխատակից Արման Հ.-ին, ովքեր տարբեր անձանցից ստացել են շուրջ 1 մլն 700 հազար դրամ կաշառք: Նրանց ձերբակալել են տարբեր ընկերությունների կաշառքի դիմաց արտոնություններ տալու համար: Հնարավոր է, որ այս գործի թելերը հասնեն նաեւ թաղապետին՝ Սամվել Ղուկասյանին, ով Ավինյանի մտերիմներից է։ Նոյեմբերի 2-ին բերման էին ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանը եւ մի քանի աշխատակիցներ` համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանը, առեւտրի բաժնի պետ Հրայր Արամյանը, կոմունալի աշխատակից Վան Հարությունյանը, որոնց հարցաքննելով՝ ազատ էին արձակել: Նրանց մեղադրում են գնումների գործընթացի խախտումների համար: Ուշագրավ է, որ իրավապահները սեւեռվել են Տիգրան Ավինյանի ենթակայության ներքո գործող հիմնարկների վրա, իսկ իշխանության մասշտաբային «կոռուպցիոներները» նրանց տեսադաշտից դուրս են մնացել։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դատելով ԱԺ վերջին նիստից՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարմանը շատ քիչ ժամանակ է մնացել։ ՔՊ-ական պատգամավոր, ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարել է. «Մեզ տեղեկություններ են հասնում, որ քաղաքացիներից բժշկական հաստատություններում կանխիկ գումարներ են ուզում… Այդ գումար ուզող մարդն այն գողանում է։ ՀՀ-ում բոլոր բժշկական ծառայությունները կատարվում են անկանխիկ եղանակով։ Զարմացած եմ, որ այդ երեւույթն այսքան համատարած բնույթ է կրում։ Սա եւ՛ առողջապահական համակարգի, եւ՛ իրավապահ մարմինների բացթողումն է»Ինչպես հայտնի է, բուժկենտրոններում վճարումներն անկանխիկ եղանակով են. այդ մասին շատ է խոսվել։ Կառավարության նիստերից մեկի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե պետք է քիչ-քիչ անցում կատարել բացարձակ անկանխիկ եղանակի, որ անգամ տերմինալներով կանխիկ փողը չմուտքագրեն, այլ քարտով վճարեն։ Ու հիմա Անահիտ Ավանեսյանի ղեկավարած կառույցի դեմ նման դեմարշ է սկսել ՔՊ-ի կարկառուն դեմքերից մեկը։ Սա պատահական չէ, եւ նա նման հրապարակային քայլերի չէր գնա առանց Փաշինյանի հետ ճշտելու։


Ասել է թե՝ այս ամենը արվում է՝ եւս մեկ անգամ կարծես ցույց տալու, որ մասնագիտությամբ իրավաբան Անահիտ Ավանեսյանը չի տիրապետում առողջապահության ոլորտին. Վահագն Ալեքսանյանն էլ ասաց, որ դա առողջապահական համակարգի, ասել է թե՝ իրենց նախարարի բացթողումն է։ Ու հիմա ենթադրվում է, որ այսպես նախարարի պաշտոնանկության համար հող է նախապատրաստվում։ Փաստորեն, Ավանեսյանին չի փրկի անգամ ՔՊ-ական դառնալն ու կուսակցական միջոցառումներին գերակտիվ մասնակցելը։ Նա հրաժեշտ կտա պաշտոնին՝ չնայած ամեն գնով վարչապետի աչքին երեւալու, նաեւ սիրաշահելու փորձերին։ Կարծես թե, սա արվում է՝ ապահովագրական համակարգի ներդրմանն ընդառաջ։ Սա թերեւս այլ պատմություն է՝ իր բազմաթիվ խութերով ու նախապատմություններով։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանին հաջողվել է հարթել երբեմնի լարված հարաբերությունները թիմակիցների հետ: «ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադարձել էր, որ Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ժամանակ առողջապահության ոլորտում կորոնավիրուսի դեմ պայքարի մասով սկանդալային բացահայտումներից հետո ՔՊ-ականները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, լարվել էին Թորոսյանի հետ՝ նրան դիտարկելով իբրեւ հիմնական մեղավոր: Թորոսյանն էլ իր հերթին էր երես թեքել իր թիմակիցներից, չէր շփվում նրանց հետ, կուսակցական հանդիպումներին չէր մասնակցում: Ավելին՝ մամուլի հրապարակումների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը որոշել էր պատժել Թորոսյանին. քննարկումներ կային նաեւ, որ գլխավոր դատախազը, հնարավոր է, Թորոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գնա ԱԺ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հիմա ամեն ինչ այլեւս առաջվանը չէ. Թորոսյանը դարձի է եկել, վերականգնել է հարաբերությունները թիմակիցների հետ ու հիմա ամբողջ ոգով լծվել է կուսակցաշինությանը՝ վարչության նիստերին է մասնակցում, մարզեր է այցելում, կուսակցական ակտիվի հետ հանդիպումներ է ունենում: Մի խոսքով, կորչեն պետբյուջեից մսխված գումարները, կարեւորը ՔՊ-ն է:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետական պաշտոնյաների շուրջ նոր գործընթաց է սկսել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց հայտարարագրերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը անհամապատասխանություններ է հայտնաբերել եւ որոշել է «հետ գնալ», վերլուծել պաշտոնյաների՝ տարբեր տարիների ընթացքում ներկայացված հայտարարագրերը: Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 23-ին գրել էինք, որ ՀՀ պետական պաշտոնյաները ծանուցումներ են ստացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից: Ծանուցման մեջ հանձնաժողովը կոնկրետ հարցադրումներ էր արել պետական պաշտոնյաներին եւ պահանջել հայտնել, թե այս կամ այն բիզնեսի, գույքի կառավարման հետ ինչ առնչություն ունեն: Ավելին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմում էր ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի օպերատիվ հետախուզական խումբը ստուգի բոլոր պետական պաշտոնյաների գույքը եւ պարզի, օրինակ, նրանք ունեն արդյոք բիզնես, անշարժ կամ շարժական գույք, որը չեն հայտարարագրել, կամ արդյոք վարում են մի մեքենա, որը հայտարարագրում ներկայացված չէ: Արդյունքում պաշտոնյաները պատասխանել են հանձնաժողովի նամակներին, ինչպես նաեւ իրավապահներն են որոշակի տվյալներ տվել Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հիմա էլ անճշտություններ են եղել, որից հետո հանձնաժողովը պաշտոնյաների շուրջ նոր գործընթաց է սկսել՝ ստուգելով, համեմատականներ անցկացնելով հին հայտարարագրերի հետ:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 13-ին խառնաշփոթ իրավիճակ է եղել Արմավիրի բանտում, որտեղ գիշերով սկսել են տակնուվրա անել 3-րդ մասնաշենքի խցերը: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ 3-րդ մասնաշենքից իրավապահները տարել են հայտնի քրեական հեղինակության: Դիմեցինք, իհարկե, Քրեակատարողական ծառայության լրատվական բաժին, որտեղին հայտնեցին. «Հիմնարկներում մշտապես ու պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ արգելված իրեր եւ թաքստոցներ հայտնաբերելու ուղղությամբ, իսկ նոյեմբերի 13-ին մեծ խուզարկություն է իրականացվել «Արմավիր» ՔԿՀ-ում, հայտնաբերվել են բազմաթիվ արգելված իրեր եւ թմրամիջոցներ։ Մեր պաշտոնական կայքէջում մենք մշտապես լուսաբանում ենք արգելված իրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքները։ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի տեղափոխությունն անմիջական հետեւանքն է նոյեմբերի 13-ին կատարված միջոցառումների, որոնց շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել դատապարտյալներից մեկին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ»։ Ըստ ամենայնի, ինչ-որ անթույլատրելի բաներ են հայտնաբերվել, որոնք դեռ գաղտնի են պահվում: Կիմանանք:


«Հրապարակ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունը հոկտեմբերի 10-ին մեկ անձից գնման ընթացակարգով կանացի շարֆ է գնել, որի արժեքը 30 հազար դրամ է։ Շարֆը Turquoise Meadow ապրանքանիշի է, այն գնվել է «Արդեան» ընկերությունից։ Նշենք, որ գնումը չի կատարվել «ներկայացուցչական գնումների» անվան տակ, ինչպես էկոնոմիկայի նախարարության այլ գնումներ՝ ճաշի կազմակերպում, ժամանող հյուրերի սպասարկում եւ այլն, ուստի հարց է առաջանում, թե ում համար են պետական միջոցներից 30 հազար դրամանոց շարֆ գնել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանի եկամուտները գերազանցում են կուսակցության ղեկավար Հայկ Մարությանի եկամուտները։ Գրիգորյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք՝ 2 բնակարան բազմաբնակարան շենքում, 2 անհատական բնակելի տուն եւ 1 հողամաս։ Անհատական բնակելի 2 տները գտնվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որից մեկը ձեռք է բերվել 2018 թվականին, մյուսը՝ 2022 թվականին։ Բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարաններից մեկը ձեռք է բերվել 2016 թվականին Արաբկիր վարչական շրջանում, իսկ մյուսը՝ 2022 թվականին Կենտրոն վարչական շրջանում։ Հողամասը 2019 թվականին ձեռք է բերվել Արմավիրի մարզի Էջմիածին համայնքում։ Գրիգորյանը 2021 թվականին ձեռք է բերել նոր մեքենա՝ 2017 թվականի արտադրության, Nissan մակնիշի։ Նրա բաժնային արժեթղթերը եւ այլ ներդրումները կազմել են 605 հազար ԱՄՆ դոլար եւ 50 հազար դրամ։


Որպես այլ ներդրումներ Գրիգորյանը նշել է «Ամազոն» եւ «Գուգլ» ընկերությունները, որոնցից համապատասխանաբար ստացել է 125 հազար եւ 175 հազար ԱՄՆ դոլար։ Այսինքն՝ նա մասնաբաժին ունի նաեւ այս ընկերություններում։
Նրա բանկային ավանդները կազմել են 125 հազար ԱՄՆ դոլար, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 30 մլն դրամ, 250 հազար եվրո, 780 հազար ԱՄՆ դոլար։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 14 մլն դրամ, 55 հազար ԱՄՆ դոլար։ Գրիգորյանի՝ հաշվետու ժամանակաշրջանի եկամուտները կազմել են 477 մլն 503 հազար դրամ, որից դրամով ստացած միակ եկամուտը դա 75 հազար դրամն է Երեւանի քաղաքապետարանից։


963 հազար ԱՄՆ դոլար Գրիգորյանը ստացել է գույքի օտարումից, գործարքի մյուս կողմը եղել է «Ֆինեքս Էնթերփրայզիս Ինք» ընկերությունը, սակայն այդ մասին այլ մանրամասներ նշված չեն։ Գրիգորյանն ունի նաեւ մասնաբաժին «Գրիգորյան փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ում, որի տնօրենն է հանդիսանում եւ որից էլ ստացել է 121 հազար ԱՄՆ դոլար գումար։ «Հոսթել Ինտերնեյշնըլ»-ից էլ որպես եկամուտ ստացել է 144 հազար ԱՄՆ դոլար։ Գրիգորյանի ստացած փոխառությունները կազմել են 8 հազար 700 ԱՄՆ դոլար։ Գրիգորյանը նաեւ բաժնեմասեր ունի «Հոսթել Ինթերնեյշնլ կորպրոացիա»-ում 50 տոկոս, «Ագրիլենդ Սիներջի» եւ «Գրիգորյան փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ում էլ՝ 100-ական տոկոս բաժնեմասեր։ Համեմատության համար նշենք, որ Մարությանն ունի 23 անշարժ գույք եւ 310 մլն տարեկան եկամուտ, իսկ նույն կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանը՝ 5 անշարժ գույք, սակայն 477 մլն տարեկան եկամուտ։