23.11.2024
Հայաստանը երբեք չի կարող ունենալ կայացած «հատուկ ծառայություններ». քաղաքագետ
prev Նախորդ նորություն

Ինչո՞վ են զբաղված Արցախի ԱԺ պատգամավորները Հայաստանում. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի «Արդարություն» խորհրդարանական կուսակցության ղեկավար կազմը մտադիր է Հայաստանում հասարակական կազմակերպություն հիմնել, որը, ըստ ամենայնի, կղեկավարի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, ով վերջին շրջանում մեծ ճանաչում է ձեռք բերել ոչ միայն Արցախում, այլեւ՝ Հայաստանում եւ սփյուռքում։ ՀԿ-ի գործունեության առանցքում լինելու է հայապահպանությունը, նախաձեռնողները ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը տրամագծորեն հակառակ գործունեություն են ծավալելու եւ փորձելու են Արցախի հարցը տաք պահել։ ՀԿ-ի անվան հետ կապված՝ դեռ որոշում չունեն։ Բանն այն է, որ Արցախում գրանցված կուսակցությունները Հայաստանում այլեւս իրավազորություն չունեն, եւ պատգամավորները որոշել են գոնե ՀԿ-ի միջոցով գործունեություն ծավալել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով Արցախից բռնի տեղահանված պատգամավորներից հետաքրքրվել՝ ինչու Արցախի բռնի զավթումից հետո ՀՀ-ում Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ չեն հրավիրում եւ ինքնորոշման հարց բարձրացնում: «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը, մեր այս հարցին ի պատասխան, ասաց, որ դեռ փակ քննարկումներ են ունենում միայն: «Արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ պետք է հանդես գան կա՛մ պատգամավորները, կա՛մ ԱԺ ղեկավարությունը, բայց այս պահին դեռ փակ քննարկումներ են տեղի ունենում Արցախի եւ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի մասով. շատ հարցեր դեռ ոչ հրապարակային են քննարկվում»,-ասաց նա: Ըստ պատգամավորի՝ այս իրավիճակում հրապարակային շատ բան ասել չեն կարող. «Ժամանակը կգա, կխոսենք, հիմա շատ բան չենք կարող դեռ խոսել. եթե հրապարակային լիներ, կխոսեինք»: Նկատենք, որ Արցախի բոլոր պատգամավորները միաբերան ասում են, որ հիմա դեռ փակ քննարկումների մեջ են: Տպավորություն է, որ նրանք ինչ-որ բանի են սպասում եւ առաջիկայում հստակ քայլեր նախաձեռնելու մտադրություն չունեն:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարվա դեկտեմբերին սպասվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություն: Այն դժվար է ազատ ընտրություն անվանել, քանզի, ինչպես ցույց տվեց գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի 2019-ի ընտրությունը, իշխանությունն ամեն ինչ արեց, որ այլ թեկնածու չհաղթի: Անշուշտ, դարձյալ իշխանություններն են որոշելու, թե ով է լինելու ՀՖՖ նախագահը՝ նախագահ ընտրող ֆուտբոլային ֆեյք ու իրական ՀԿ-ների տերերի հետ կաշխատեն, եւ կընտրվի նա, ով «պետք է»։ Ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանը շատ է վարկաբեկվել՝ չկան ֆուտբոլային հաջողություններ, կան խայտառակ պարտություններ տարբեր տարիքային հավաքականներում, դրան գումարած՝ նրա անցյալի «հերոսություններն» ու ֆուտբոլային աշխարհի հետ աշխատելու անկարողությունը, անընդհատ խնդիրներ ու լարվածություններ ստեղծելը, կոռուպցիոն կասկածները:


Սրան գումարած՝ լուռ հակամարտություն է հասունանում «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին լրագրող, Ռուբեն Հայրապետյանի նախկին խորհրդական, 19-ից ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի ու մինչ վերջերս նրա հովանավորյալ Մելիքբեկյան Արմենի միջեւ: Ըստ շրջանառվող լուրերի՝ տարիքով ավելի ավագ Նիկողոսյանը մտորում է, որ ժամանակն է, որ ինքը դառնա ՀՖՖ նախագահ։ Ժամանակին Մելիքբեկյանը ստանձնել է այդ պաշտոնը հենց իր օգնությամբ ու հովանավորությամբ: ՀՖՖ մեր աղբյուրները հայտնում են, որ Նիկողոսյանը համարում է, որ վերջինս դուրս է եկել իր վերահսկողությունից՝ սկսել է ուղիղ աշխատել իշխանությունների, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի հետ: Այն, որ Մելիքբեկյանը կարողանում է ոչինչ չանելով բուռն գործունեության տպավորություն ստեղծել՝ հայտնի փաստ է: Թե ում վրա կկանգնի իշխանությունների ընտրությունը՝ ցույց կտա ժամանակը։ Լավ կլիներ, որ պայքարն ընթանար այն կոնտեքստում, թե ում է ավելի հետաքրքրում հայկական ֆուտբոլը, եւ ով կարող է այն զարգացնել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի մասով որոշում է կայացրել եւ մերժել նրա պաշտպանի բողոքը: Արդյունքում Բազեյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 29-ին Ալբերտ Բազեյանը կալանավորվեց 2 ամսով, եւ նրա կալանքի հարցով բողոք էր ուղարկվել ՀՀ վերաքննիչ դատարան, դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու՝ պաշտպանների միջնորդությունը։ Նշենք, որ Մխիթարյանը այն դատավորն է, որին Կարեն Անդրեասյանը կարգել է որպես ՀՀ վերաքննիչ դատարանում «իր աչք ու ականջներ»։


Հավելենք, որ, ըստ ԱԱԾ-ի, «Խաչակիրներ» ռազամահայրենասիրական ՀԿ անդամները, ինչպես նաեւ Ալբերտ Բազեյանը եւ այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների եւ ղեկավարի նկատմամբ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով եւ դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին: Հանցավոր խմբի անդամները ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր, հանցանքի կատարումը հեշտացնող միջոցներ եւ գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդկերպ նախապատրաստվելով կատարել նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանության յուրացում, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել եւ խափանվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականի փետրվարի 3-ին՝ Ալեն Սիմոնյանի որոշմամբ։ Մինչ այս պաշտոնին նշանակվելը Առաքելյանը եղել է ԱԺ նախագահի օգնականը։ Հայտարարագրում պաշտոնատար անձի պաշտոնը նշված է որպես օգնական, սակայն նա ԱԺ նախագահի օգնական եղել է 2022 թվականին։ Մեզ չհաջողվեց Դավիթ Առաքելյանի կենսագրության մասին որեւէ տվյալ գտնել, այդ պատճառով էլ այլ մանրամասներ չենք ներկայացնում, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Դավիթ Առաքելյանը սեփական անշարժ գույք չունի եւ բնակվում է այլ անձին սեփականությամբ պատկանող բնակարանում, որը 90 օրից ավելի շահագործվում է իր կողմից։ Առաքելյանը 2021 թվականին նվիրատվություն է ստացել 2016 թվականի արտադրության, Toyota մակնիշի մեքենա։ 2022 թվականի հաշվետու տարվա վերջին նրա բանկային հաշիվների մնացորդները կզամել են 175 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 29 հազար դոլար, 8 մլն 500 հազար դրամ, 7 հազար եվրո եւ 180 հազար ռուբլի։


Թվում է, թե ամեն ինչ կարգին է, որ բոլորն էլ կարող են այսքան մեծ քանակի կանխիկ գումարներ ունենալ, սակայն ուշագրավն այն է, որ Առաքելյանի տարեկան եկամուտները կազմում են 9 մլն 383 հազար դրամ, իսկ նրա կանխիկ դրամական միջոցները 2,5 անգամ ավել են՝ գրեթե 23 մլն դրամ։ Կարելի է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել, որ «պոզով-պոչով կոռուպցիան» հենց իր կողքին է, քանի որ Առաքելյանը հայտարարագրում բաց եւ թափանցիկ չի նշել ունեցած ֆինանսական միջոցների աղբյուրները։ Դավիթ Առաքելյանի եկամուտների 8 մլն 487 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, իսկ 895 հազար դրամ ստացել է ՀՀ նախագահի աշխատակազմից։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2024թ. պետական բյուջեի նախագծով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատակազմին նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 771 մլն 633 հազար դրամ։ Այս մասին երեկ Ազգային ժողովում 2024թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը։ Նա նաեւ հավելեց, որ հատկացվող բյուջեի 82 մլն դրամը նախատեսվում է աշխատակազմի համար նոր ցանցային սարքավորումների եւ հեռահաղորդակցության համակարգերի ձեռքբերման համար, իսկ մյուս մասը կծախսվի նախագահի ներկայացուցչական ծախսերի վրա։ Հիշեցնենք, որ 2022 թվականի բյուջեի քննարկմանը «Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրով տարեկան պլանը հաստատված էր 1 մլրդ 602 մլն 527 հազար դրամ։ Նախորդ տարի «Հանրապետության նախագահի գործունեություն եւ ներկայացուցչականության ապահովում» միջոցառման տարեկան պլանը հաստատված է եղել 1 մլրդ 598 մլն 700 հազար դրամ։ «Հանրապետության նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման տարեկան պլանը հաստատված է եղել 3 մլն 760 հազար, 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, Կառավարության որոշմամբ, այն ավելացվեց 20 մլն դրամով:


Ստացվում է, որ 2024 թվականի բյուջեի քննարկման ընթացքում նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավմանն ուղղված ֆինանսական միջոցներն ավելացվել են 82 միլիոնով։ Ֆինանսական բյուջեն ավելացնում են, սակայն նախագահի գործունեությունը չի ավելանում։ Ներկայացուցչական ծախսեր կատարել սիրող իշխանությունների որոշումները ստորագրող նախագահը իրեն հատկացված ֆինանսական միջոցներն ուղղում է միայն իր արտագնա այցերին։ Օրինակ՝ մեր նախագահը շատ է սիրում այցելել իր ընկերներին արտասահման կամ հայտնի անձանց հոգեհանգստի արարողություններին, ինչպես, օրինակ, Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հոգեհանգիստը։ Ստացվում է, որ նախագահ Խաչատուրյանը եւ նրա աշխատակազմը տեղյակ են միայն ֆինանսներ ստանալուց եւ ծախսելուց, իսկ երկրում տիրող իրավիճակից նախագահը կա՛մ տեղյակ չէ, կա՛մ էլ շուտով կտեղեկանա մամուլից, եւ հուսով ենք՝ գոնե կմիջամտի կամ մի հայտարարությամբ հանդես կգա։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի մի շարք վարչական շրջանների ղեկավարներ, այդ թվում՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում: «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ ՔՊ-ում որոշում կա Երեւան վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակել ավագանու՝ իր սկանդալային հայտարարություններով հայտնի անդամ Նուարդ Վարդանյանին, որը նշանակվել է ավագանու ՔՊ խմբակցության քարտուղար: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ում թեժ քննարկումներից հետո այդ որոշումը փոխվել է: Այսպիսով, նախապես ՔՊ-ում որոշված է եղել, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը, որը Տիգրան Ավինյանի մտերիմ ընկերն է, ամբողջությամբ տապալել է իր ոլորտը եւ պետք է ազատվի այդ պաշտոնից: Նույնիսկ որոշվել էր, որ Սամվել Ղուկասյանը կնշանակվի քաղաքապետի խորհրդական կամ ԲՏԱ նախարարությունում պաշտոնի: Օրեր հետո իրավիճակ փոխվեց: Հիշեցնենք, որ Սամվել Ղուկասյանը Տիգրան Ավինյանի մտերիմ ընկերն է, նրան մեկ տարի առաջ ԱՄՆ-ից կանչել են, որ աշխատանք տան: Անգամ նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանն իր նախնական համաձայնությունը տվել էր, որ Սամվել Ղուկասյանին պաշտոնանկ անելուց հետո այդ պաշտոնում նշանակվի Նուարդ Վարդանյանը: Պարզվում է, որ Նուարդ Վարդանյանի՝ Երեւանի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում չնշանակվելու որոշման մեջ կարեւոր դեր են ունեցել նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումները, որտեղ մենք անընդհատ հիշեցնում էինք Նուարդ Վարդանյանի այդ սկանդալային հայտարարությունները, կենսագրական կոռուպցիոն տարրեր պարունակող տվյալները, որի արդյունքում ի վերջո որոշումը փոխվեց:


«Փաստ» օրաթերթը գրում է. 1000 խոշոր հակատուների ցանկը յուրատեսակ լակմուսի թուղթ է, որն ի ցույց է դնում Հայաստանի տնտեսական կառուցվածքը, տնտեսական շարժի առանձնահատկությունները, տնտեսական աճի «բովանդակությունը» և այլն: Ի մասնավորի, առաջին ցուցիչներից մեկն այն է, որ արդեն քանի տարի «1000 լավագույնների» ցանկը գլխավորում է հանքարդյունաբերության լոկոմոտիվը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Երկրորդ՝ չափազանց ուշագրավ է, որ 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, վճարած հարկերի աճի ամենամեծ ցուցանիշներն ունեն օնլայն վաճառք իրականացնող «Վայլդբերրիզ Արմենիա» ցանցը (2022 թվականի 366 մլն դրամի փոխարեն՝ 2023 թվականին՝ 12,5 մլրդ դրամ, այսինքն՝ մոտ 40 անգամ ավելի), բջջային հեռախոսների ներկրում և վաճառք իրականացնող «Մոբայլ ցենտր» խանութների ցանցը (7,4 մլրդի փոխարեն՝ 30 մլրդ) և էլեկտրատեխնիկայի վաճառքով զբաղվող «Փրիթի ուեյ» («Վեստա») ընկերությունը (2 մլրդի փոխարեն՝ 23,3 մլրդ, այսինքն, մոտ 11 անգամ ավելի):


Հաջորդ էական հարկային ավելացում արձանագրած ոլորտը բանկայինն է: Մասնավորաբար, «Ամերիաբանկը» 2022 թ. հունվար-սեպտեմբերի 2023 թ. նույն ժամանակահատվածում մոտ 3 անգամ ավելի հարկ է վճարել, «Արդշինբանկը»՝ մոտ 4 անգամ, «Ակբան»՝ մոտ կրկնակի: Ոչ պակաս հետաքրքիր պատկեր է արտադրողների առումով: Առիթ ունեցել ենք նշել, որ վերջին տարիներին առաջին հարյուրյակում լավագույն դեպքում մեկուկես տասնյակ արտադրողներ են, ինչը տնտեսության կառուցվածքի ցուցիչ է: Նրանցից, անցած տարվա 9 ամսվա համեմատ, այս տարվա հունվար-սեպտեմբերին պետբյուջե վճարած հարկերի աճ են գրանցել «Աթենք», «Արարատցեմենտ», «Երևանի գարեջուր», «Երևանի կոնյակի գործարան», «Կոկա-կոլա», «Պեռնո Ռիկար Արմենիա», «Ջերմուկ գրուպ» և «Սիգարոն» ընկերությունները: Ընդ որում, նրանցից երեքը՝ «Աթենքը», «Ջերմուկ գրուպը», «Սիգարոնը», լավագույնների ցուցակում նաև դիրքային էական առաջընթաց են ունեցել: Այս ֆոնին ուշագրավ է ցանկի «վերևներում» գտնվող հատկապես երկու ընկերությունների՝ «Գրանդ տոբակոյի» և «Ինտերնեյշնլ Մասիս տաբակի» վճարած հարկերի նվազումը: Ավելին, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» զիջել է իր դիրքերը 5 հորիզոնականով: Թե ինչի հետ է կապված նման անկումը, դժվար է ասել, հատկապես, որ այս կազմակերպությունների տերերը պարբերաբար բարձրաձայնում են տարաբնույթ ծրագրերի (այդ թվում՝ բարեգործական) մասին, սակայն, պարզվում է, հարկերի գծով նվազում ունեն:


«Փաստ» օրաթերթը գրում է. Բավական ծանր, գրեթե կոլապսային վիճակ է ստեղծվել ջերմատնային մշակաբույսերի արտադրության ոլորտում: «Փաստ» թերթի տեղեկություններով, ջերմոցային տնտեսությունների զգալի մասն այս փուլում խուսափել է սածիլներ «դնել» մի քանի էական պատճառներով: Առաջին ու հիմնական պատճառը անորոշությունն է: Նախ՝ հայ-ռուսական վատթարացող հարաբերությունների ֆոնին տնտեսվարողների շրջանում առկա են վատ սպասումներ, առավել ևս, որ մասնակի անբարենպաստ հետևանքներ արդեն իսկ ի հայտ են գալիս: Ըստ այդմ, անհանգստություններ կան իրացման շուկայի հետ կապված, քանզի կանխատեսելի չեն առաջիկայում ՌԴ արտահանում իրականացնելու հնարավորությունները, Լարսի անցակետում սպասվող խոչընդոտները, այդ թվում՝ արհեստական: Երկրորդ բացասական սպասումը կապված է գազի գնի հետ: Բանն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունների վատացման նման արագընթաց «ռեժիմի» պարագայում չի բացառվում գազի գնի բարձրացումը՝ անկախ թանկացման չափից: Ի վերջո, գազի գնի նույնիսկ ամենափոքր բարձրացումը կարող է մեծ հարված հասցնել ջերմոցային տնտեսություններին, քանզի վերջիններիս արտադրանքի ինքնարժեքում գազի գինն ահռելի տոկոս է կազմում: Ըստ այդմ, հաշվի առնելով առկա անորոշությունները և ելնելով վերոնշյալ ու մի քանի այլ անհանգստություններից՝ ջերմատների մեծ մասն այդպիսով փորձում է ապահովագրվել հավանական խոշոր վնասներից: