24.11.2024
Ադրբեջանի և ՀՀ իշխանությունները համատեղ ականապատել են Արցախի հարցի ակտիվացման ճանապարհները
prev Նախորդ նորություն

ՌԴ-ից «պոկելու» փորձերով Փաշինյանը ՀՀ-ն կանգնեցնում է նոր մարտահրավերների առաջ. Ղուկասյան

ՀՀ Կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, վարում է ընդգծված հակառուսական քաղաքականություն, որի նպատակն է Հայաստանն ամբողջությամբ կտրել Ռուսաստանից և տանել դեպի Արևմուտք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբի փորձագետ, քաղաքագետ Արման Ղուկասյանը:

Նրա խոսքով, այս ճանապարհին Փաշինյանն ու իր թիմը որևէ բանի առջև կանգ չեն առնի, քանի որ հակառուսական քաղաքականությունը Փաշինյանի համար հնարավորություն է պահել իր իշխանությունը, որովհետև եթե առաջ նախկիններին մեղադրելով էր նա իշխանությունը պահում, ապա 5 տարի անց այդ միջոցն այլևս էֆեկտիվ չէ. "Իսկ հակառուսական քաղաքականությունը հնարավորություն է բոլոր մեղքերը, պարտություններն ու ձախողումները բարդել ՌԴ վրա",- շեշտեց նա: 

Սակայն այդ արևմտյան ուղղությունը, մատնացույց է անում Արման Ղուկասյանը, ՀՀ-ին ու հայ ժողովրդին ընդհանրապես որևէ երաշխիքներ ու առավել ևս որևէ կոնկրետ առաջարկներ չի տվել:

«Հայ-ռուսական հարաբերություններից հրաժարվելը, ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունները խզելը մեզ ուղղակի դնելու է շատ ծանր իրավիճակի մեջ: Ուկրաինայի ու Մոլդովայի օրինակը մեր բոլորիս աչքի առաջ է, և իզուր չէ, որ վերջին շրջանում հատկապես ակտիվացել է Միխայիլ Սահակաշվիլին: Ցավով պետք է նշեմ, որ առաջիկայում մենք ականատես կլինենք էլ ավելի ընդգծված հակառուսական քայլերի ու գործողությունների»,- նշեց նա:

Քաղաքագետի խոսքով, Գրանադայում տեղի ունեցած հանդիպումը Նիկոլ Փաշինյանի պարտությունն էր և դրան հաջորդած Բիշքեկ մեկնելուց հրաժարվելը, որտեղ կարող էր տեղի ունենալ իր և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, այդ պարտությունը միայն հաստատեց: Պարզ է, որ Ալիևը իր ուզածը ստացել է Արևմուտքից և վստահ ժամանեց ՌԴ նախագահի մոտ, մինչդեռ Փաշինյանը շարունակում է պարտվել դիվանագիտական դաշտում.

«Այս ամենի հիմքը դրեց Պրահան, որտեղ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Դրան հաջորդեն իննամսյա շրջափակումը, հետո մենք տեսանք վարչապետի ելույթը Ստրասբուրգում, որտեղ Փաշինյանը հերթական անգամ փորձեց իր ձախողումները բարդել Ռուսաստանի վրա: Ապա նա աղմկահարույց հարցազրույց տվեց Wall Street Journal-ին, որում խոսեց ռուս խաղաղապահներից դժգոհելու և ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների ապագայի մասին: Փաշինյանի թիմը՝ ռուս խաղաղապահներին վարկաբեկելուց ու Արցախի կորստից հետո, հիմա էլ նպատակ է դրել վարկաբեկել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան՝ հեռանկարում ունենալով այն դուրս բերելու նպատակ»:

Ի վերջո, հարց է հնչեցնում Արման Ղուկասյանը, ի՞նչ երաշխիքներ ենք ստացել մենք Արևմուտքից: Ռազմական օգնություն Ֆրանսիայի՞ց. այն, ըստ քաղաքագետի, դեկորատիվ բնույթ է կրում:

Բանախոսը նշեց՝ հակառուսականությանը զուգահեռ շրջանառվում է այն թեզը, թե մենք ուղղություն ենք վերցնում դեպի Արևմուտք, բայց իրականում հարկ է ասել, որ մենք դեպի անհասկանալին ենք ուղղություն բռնում, ինչը մեր երկիրը նոր մարտահրավերների, ռիսկերի ու վտանգների առաջ է կանգնեցնելու:

«Հայաստանի համար Ռուսաստանը կարևոր է նաև տնտեսական առումով, չմոռանանք ռուսական կապիտալը Հայաստանում և դրա ստեղծած աշխատատեղերը, միլիոնավոր տրանսֆերտները, որ տարեկան ստացվում են ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցներից, ՀՀ-ին մատչելի գնով վաճառվող գազը, ներդրումները և այլն: ՀՀ-ն չի կարող ռուսական գազը փոխարինել իրանականով, ինչի մասին է խոսվում է այս ամենի կոնտեքստում, իրանական գազը ավելի թանկ է, ինչը լուրջ ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա: Մեր երկրի տնտեսության ռելսերը դեպի ռուսական ու ԵԱՏՄՙ անդամ պետությունների շուկա են տանում, բացի այս, տարեկան միայն 300 մլն դոլար ՀՀ-ն ստանում է ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայից զուտ այն պատճառով, որ Եվրասիական տնտեսական միության անդամ է: Այս ամենը միայն թվարկելով հասկանալի է դառնում, որ Արևմուտքը չի կարող լինել ՌԴ այլընտրանքը»,- հավելեց Ղուկասյանը: