24.11.2024
ՌԴ-ից «պոկելու» փորձերով Փաշինյանը ՀՀ-ն կանգնեցնում է նոր մարտահրավերների առաջ. Ղուկասյան
prev Նախորդ նորություն

Հանքարդյունաբերության բարդ թափոնների վերամշակում. բելգիացի գործարարները Հայաստանում են

Հանքարդյունաբերության բարդ թափոնները վերամշակելու, փորձի փոխանակման ու Հայաստանի գործարար ներուժին ծանոթանալու համար է բելգիական հիդրոմետալուրգիական ընկերության ներկայացուցիչ, գործարար Լորան Դյուբուան եկել Հայաստան։

Նա գիտի՝ այստեղ ընդերքը օգտակար հանածոներով հարուստ է, ուստի փորձում է Հայաստանի համար գերակա համարվող ոլորտի հետ մանրամասն ծանոթանալ։

«Շուկան ուսումնասիրել ենք, մենք գիտենք, որ Հայաստանի ընդերքը օգտակար հանածոներով հարուստ է, մեր նպատակն է հայաստանյան ընկերություններին առաջարկել թափոնների ժամանակակից վերամշակում։ Բելգիայում թափոնների վերամշակումը ջրի զտման միջոցով ենք կատարում, այդպես մաքրում ենք թափոնները»,- VERELQ-ի հետ զրույցում ասում է նա։

Այս օրերին Հայաստանում գտնվող բելգիացի գործարարների խումբը տարբեր հանդիպումներ, քննարկումներ է ունենում հայաստանյան կառավարական եւ բիզնես շրջանակների հետ՝ հասկանալու համար, թե փոխգործակցության ի՞նչ հնարավորություններ կան: Բելգիայի հայերի կոմիտեի փոխնախագահ Արմինե Հարեյանի կարծիքով համագործակցության մեծ պոտենցիալ կա նաեւ ծառայությունների բնագավառում, այդ թվում եւ հիմնականում, տեղեկատվական տեխնոլոգիաների, որտեղ Հայաստանն արդեն իսկ մեծ համբավ ունի:



ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դը Մույնքը հայ-բելգիական համատեղ տնտեսական ծրագրերի մասին խոսելը դեռ վաղ է համարում, քանի որ Հայաստան ժամանած բելգիացի գործարարների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումների է մասնակցում, հայ և բելգիացի գործարարների ընթրիքներ կազմակերպում.

«Հանդիպումները շարունակվում են, կփորձենք տարբեր ուղղություններով զարգացնել համագործակցությունը։ Առևտուր, ծառայությունների մատուցում, հյուրանոցային ոլորտ։ Այս պահին դեռ վաղ է ասել, թե որ ոլորտում կաջակցենք, բայց առողջապահության ու առևտրի ոլորտները առաջին տեղում կլինեն»։

Հայ-բելգիական առևտրային պալատի նախագահ Վալերի Սաֆարյանն ընդգծում է՝ 18 տարի է՝ փորձում են հայկական և բելգիական ձեռնարկությունները փոխկապակցել: 18 տարի առաջ շատ բելգիացիներ անգամ քարտեզի վրա Հայաստանի տեղը չէին պատկերացնում՝ ասում է ու նշում, որ այսօր արդեն Բելգիայի գործարար շրջանակների համար հայկական շուկան կարող է ծառայել իբրև մուտք դեպի այլ շուկաներ։


Սաֆարյանի խոսքով վերջին աշխարհաքաղաքական զարգացումների հետ կապված, Բելգիան մտադրություն ունի հիմնավորվել Հայաստանում եւ Հայաստանի համար դառնալ վստահելի գործընկեր: Հարցին՝արդյոք Հայաստանը ռիսկային գոտի չէ՞ ներդրումների համար: «Բնականաբար, ռիսկային գործոնը կա եւ դա մշտապես է ուսումնասիրվում, բայց ձեր հարցին այսպես պատասխանեմ՝ այսօրվա դրությամբ Շվեյցարիան համարվում է շատ ապահով եւ ցածր ռիսկայնություն ունեցող երկիր, բայց երբեք չենք կարող կանխագուշակել, թե վաղը երկրագնդի ո՞ր մասում եւ ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ»։

Ի դեպ, բելգիահայ համայնքը նաեւ այս տարի իր 100 ամյակն է նշում: Բելգիայի հայերի կոմիտեի փոխնախագահ Արմինե Հարեյանը հստակեցնում է՝ Բելգիայի հայ համայնքը շատ ավելի հին է, 100 տարի առաջ համայնքային կառույցներն են հիմնվել.


«Բելգիահայ համայնքը շատ ակտիվ է, բացի հայապահպանման խնդիրներից, նաեւ ՀՀ-ին աջակցության, լոբբիստական ծրագրեր են իրականացվում: 2020 թվականից սկսած Արցախի եւ արցախահայության իրավունքների պաշտպանության համար տարբեր ձեւաչափերով ցույցեր ու բողոքի գործողություններ են եղել, Բելգիայի խորհրդարանում մի քանի բանաձեւեր են ընդունվել՝ միաձայն, ադրբեջանական հարձակումները դատապարտող, ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ազատ արձակման պահանջով, Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության մասին եւ այլն: Բայց բանաձեւերին հետամուտ պետք է լինի Բելգիայի կառավարությունը, որն այլ շահեր եւ հետաքրքրություններ ունի եւ այժմ Բելգիայի հայկական լոբբիստական կազմակերպություններն այդ ուղղությամբ են շատ ինտենսիվ աշխատանք տանում»: