«Խաղաղության խաչմերուկը» տարածաշրջանի երկրներին խաղաղության բանաձեւի առաջարկն է. ՔՊ-ական
«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ-ի կողմից հատկապես տարածաշրջանի երկրներին արված խաղաղության բանաձեւի առաջարկն է: Հույս ունենք, որ տարածաշրջանի երկրներն ամենայն պատասխանատվությամբ ու լրջությամբ կուսումնասիրեն մեր առաջարկը եւ ընդառաջ կգնան տարածաշրջանում խաղաղություն կառուցելու ՀՀ առաջարկին. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:
Հայաստանը, նոր գործընկերներ փնտրելով անվտանգության ոլորտում, ո՞ր երկրների հետ է նախատեսում ռազմական դաշինքներ կնքել հարցին ի պատասխան` պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հնարավոր է համարել անվտանգության ապահովմանն ուղղված գործընկերության պայմանավորվածություն: «Որպես օրինակ կարող եմ բերել Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որը չունի ռազմական բաղադրիչ, սակայն ուղղված է անվտանգության ապահովմանը»: Պատգամավորն անդրադարձել է նաեւ վարչապետի բարձրաձայնած անվտանգության ապահովման մեկ այլ երաշխիքի` այն է` տարածաշրջանում խաղաղության ապահովումը: «Եթե կարողանանք կարգավորել հարաբերությունները մեր հարեւանների հետ եւ հասնել խաղաղության, դա նույնպես կարող է լինել անվտանգային երաշխիք»,- ընդգծել է Արուսյակ Ջուլհակյանը:
Անդրադառնալով Բրյուսելում եռակողմ հանդիպման չեղարկմանը` խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշել է. «Բրյուսելի այցն այս պահին չեղարկվել է, բայց մենք եվրոպական հարթակում հանդիպելու պատրաստակամություն ենք հայտնել»: Ելնելով ՀՀ պետական շահից` հայկական կողմը պատրաստակամ է եվրոպական հարթակում շարունակել քննարկումներն Ադրբեջանի հետ. ասել է պատգամավորը եւ հավելել, որ մի քանի փուլերով կարեւոր պայմանավորվածություններ են ձեռք բերել Ադրբեջանի հետ եվրոպական հարթակում: «Այս պահին բավականին նպաստավոր ենք համարում եվրոպական հարթակը եւ ակնկալում ենք, որ առաջիկայում մեր եվրոպացի գործընկերների ջանքերով կհաջողվի կազմակերպել հանդիպում եվրոպական հարթակներում»,- նման կարծիք է հայտնել Արթուր Հովհաննիսյանը:
Ճեպազրույցների ընթացքում հնչել է նաեւ մեր տարածքում ռուսական զորքի գործառույթների ոչ պատշաճ կատարմանն առնչվող հարց: Ի պատասխան` խմբակցության քարտուղարը նշել է, որ հայկական կողմը բազմիցս խոսել է ե’ւ ԼՂ տարածքում խաղաղապահների կողմից իրականացվող առաքելությունում առկա թերությունների, ե’ւ ՀԱՊԿ-ի հետ համատեղ ու հայ-ռուսական երկկողմ պայմանագրերից բխող պայմանավորվածությունների մասին, որոնք, ըստ նրա, չեն կատարվել: «Հենց այս հանգամանքներից ելնելով` մենք առաջ ենք շարժվում հավասարակշռված քաղաքականություն վարելով: Ինչպես վարչապետն է նշել իր հարցազրույցում, այո’, թերացումներ կան, օգուտներ չենք տեսել վերջին շրջանում, բայց մենք ուզում ենք հասկացված լինել մեր ՀԱՊԿ գործընկերների համար եւ նաեւ` հակառակը»,- ասել է Արթուր Հովհաննիսյանն ու ընդգծել, որ այս պահին հայկական կողմը բոլոր գործընկերների հետ վարում է հավասարակշռված ու գործընկերային քաղաքականություն եւ կարեւոր է, որ ՀՀ խոսույթն ու շահերն ընկալելի ու պարզ լինեն բոլորի համար: