Նոր գործընկերների փնտրտուքը վտանգ է պարունակում. Մամիջանյանը՝ Փաշինյանի հարցազրույցի մասին
Լավ չեմ պատկերացնում` ինչպե՞ս է փոխարինվելու երեք երկրների փոխվարչապետներից կազմված հանձնաժողովն այլ հարթակով: Պատկերացում չունեմ նաեւ` ի՞նչ մակարդակով են իրականացվելու Հայաստան-Ադրբեջան հանդիպումները, ո՞րն է լինելու աշխատանքային խումբը: Այս մասին հոկտեմբերի 26-ին ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Խմբակցության ղեկավարը նշել է, որ Գրանադայում ՀՀ-ն հաղթանակ չի գրանցել: «Ավելին` առնվազն անկլավների մասով անասելի խոցելիություն է ստեղծվել: Վտանգ է առաջանում երկու միջպետական կարեւորագույն ճանապարհների կորստի. Ադրբեջանն առնվազն ուղիղ վերահսկողություն է ունենալու Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհներից մեկի նկատմամբ»,- նշել է Հայկ Մամիջանյանը:
Պատգամավորն անդրադարձել է նաեւ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախօրեին հրապարակված հարցազրույցին: Հայկ Մամիջանյանը նշել է, որ նոր գործընկերների փնտրտուքը վտանգ է պարունակում եւ խոսել հայ-ռուսական հարաբերություններից` մասամբ արտահայտելով իր դժգոհությունը:
«Որպես ՀՀ քաղաքացի` միշտ չէ, որ գոհ ու բավարարված եմ լինում ռազմավարական դաշնակցի եւ միջազգային կառույցների գործելաոճից ու արձագանքներից»,- նշել է Հայկ Մամիջանյանը:
Ի թիվս այլ հարցերի` Հայկ Մամիջանյանն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հայությանը փախստականի կարգավիճակ տրամադրելու հնարավորությանն ու հավանականությանը, Հռոմի ստատուտին, Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին ու զինտեխնիկայի վաճառքին: