24.11.2024
Զիջելով մեր հողի ցանկացած թիզ բարբարոսներին, մենք զիջում ենք քաղաքակրթությունը. Ոսկանյան
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հրահանգել է վարկաբեկել Արցախի իշխանություններին, ՌԴ-ին. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Շուրջ մեկամսյա դադարից հետո ՔՊ-ականները ուրբաթ օրը վարչության նիստ են արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ փակ նիստից: Չնայած որ Արցախը կորսված է, իսկ Հայաստանը՝ նոր պատերազմի շեմին, Փաշինյանի ու ՔՊ-ականների համար առաջնային խնդիր մնում է իշխանության պահպանման հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը վարչության նիստում իր թիմակիցներին ասել է, թե հիմա էլ ռուսներն են ուզում իրենից իշխանություն վերցնել, ուստի պետք է իշխանության պահպանման համար կոշտ ու հստակ քայլեր ձեռնարկել: Բանն այն է, որ Փաշինյանն էլ շատ լավ հասկանում է, որ իր իշխանության հակառուսական քայլերն անհետեւանք չեն կարող մնալ, եւ իրենց վարած անկայուն արտաքին քաղաքականության հետեւանքով ՌԴ-ն այլեւս Հայաստանին վստահելի գործընկեր չի համարում, ցանկանում է՝ Հայաստանում իշխանության փոփոխություն տեղի ունենա:


Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին հրահանգել է առաջին հերթին գործի դնել իրենց հիմնական զենքը, այն է՝ պառակտել եւ խժդժություններ մտցնել հանրության մեջ: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի արցախցիները շարունակեն այստեղ ակցիաներ իրականացնել, Հայաստանի իշխանություններից եւ իրավապահ մարմիններից իբրեւ արցախցի պահանջեն «թալանչիների» դեմ պայքար սկսել, Արցախի նախկին երեք նախագահներից արդարություն պահանջեն: Այլ կերպ ասած, Փաշինյանն ամեն գնով ցանկանում է հասնել Արցախի ղեկավարության հեղինակազրկմանը: Առաջնային թիրախում Սամվել Շահրամանյանն է. պետք է ամեն ինչ անել, որպեսզի դժգոհության սլաքները ուղղվեն դեպի Շահրամանյանը: Փաշինյանն այսքանով, սակայն, չի ցանկանում սահմանափակվել: ՔՊ-ականներին նա հրահանգել է, որպեսզի հայ հանրության մեջ խորացնեն հակառուսական տրամադրությունները, ամեն հնարավոր միջոցներով հայտարարեն, թե նախկինները ուզում են հետ գալ Ռուսաստանի օգնությամբ: Իր այս ծրագրերին հասնելու համար նա հրահանգել է գործի դնել ողջ ռեսուրսները՝ «ֆեյքեր», արեւմտամետներ, պատգամավորներ, ու ցանկացած հարթակով այս թեզերը առաջ տանել: Հիմա էլ արդեն իշխանական պատգամավորները իրենց տրամադրության տակ գտնվող մեդիառեսուրսներով սկսել են աշխատանքները, որին նաեւ Սամվել Բաբայանն է իր փոքրաթիվ թիմով միացել: Տեսնենք՝ ինչ կստացվի:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանցիների 9 տոկոս ձայներով ՔՊ-ն, մայրաքաղաք Երեւանում իշխանություն վերցնելով, խրվել է կոռուպցիայի մեջ: Այդ մասին են վկայում հենց պաշտոնական տեղեկությունները: Հայտնի է, որ 87 մլն 318 հազար ՀՀ դրամ կամ մոտ 220 հազար ԱՄՆ դոլար է ծախսվել Երեւանի քաղաքապետի երդմնակալության համար: Այն, որ ծախսված աստղաբաշխական թվերը դարձել են ամենաքննարկվող թեման մեր երկրում, բնական է, քանի որ պատմական ռեկորդ էր այդքան գումար ծախսելը արարողակարգային մի միջոցառման վրա: Քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ միջոցառման կազմակերպիչը եւ պատասխանատուն Շավարշ Գրիգորյանն է՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի քարտուղարը եւ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում ուղարկեց Երեւանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություն, թե նախկին քաղաքապետ, նախկին հեղափոխական Հայկ Մարությանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 13-ի երդմնակալության արարողության համար որքան գումար է տրամադրվել, եւ ինչպես է ծախսվել գումարը:


Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը բավականին օպերատիվ պատասխանել է մեր հարցմանը՝ տեղեկացնելով՝ Հայկ Մարությանի երդմնակալության համար համայնքային բյուջեից ծախսվել է 900 հազար ՀՀ դրամ հյուրասիրության համար: Թվերն, իհարկե, անհամեմատելի են. նույն միջոցառումը 2018-ին կազմակերպել է Հայկ Մարությանը՝ ծախսելով 900 հազար ՀՀ դրամ, իսկ գործող քաղաքապետի երդման համար համայնքային բյուջեից 87 մլն 318 հազար ՀՀ դրամ է ծախսվել:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը հաճախ է նախարարներին եւ տեղակալներին տարբեր որոշումներով ոլորտից ոլորտ տեղափոխում։ Նման մի օրինակ է նաեւ Տիգրան Գաբրիելյանի դեպքում։ 2022 թվականի հունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալից նա դարձավ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։ Մեկ այլ այդպիսի որոշմամբ էլ Գաբրիելյանը գյուղատնտեսության նախարարի տեղակալից դարձել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Իսկ ո՞վ է այդ գերմարդկային կարողություններով օժտված պաշտոնյան եւ ի՞նչ ունեցվածք ունի: Գաբրիելյանը հայտարարագրել է 1 բնակարան բազմաբնակելի շենքում, որը գնվել է 2011 թվականին Երեւանի Էրեբունի վարչական շրջանում։ Զարմանալի է այն հանգամանքը, որ փոխնախարարն իր պաշտոնավարումների ընթացքում երբեք տրանսպորտային միջոց չի հայտարարագրել. երեւի պատճառն այն է, որ Գաբրիելյանը միշտ ծառայողական մեքենայով է շրջում։ 2018 թվականին, երբ Գաբրիելյանը նոր էր սկսել իր՝ փոխնախարարի կարիերան, նրա դրամական միջոցները կազմել էին 73 հազար ԱՄՆ դոլար եւ 5 մլն 300 հազար դրամ։ Այժմ՝ գրեթե 5 տարի անց, փոխնախարարի դրամական միջոցները անգերազանցելիորեն աճել են. բանկային ավանդները կազմել են 68 հազար դոլար, բանկային հաշիվների մնացորդները 11 մլն 438 հազար դրամ եւ 168 դոլար, կանխիկ դրամական միջոցները կազմել են 12 հազար դոլար։ Գաբրիելյանի տարեկան եկամուտները 2018 թվականին կազմել են 2 մլն 544 հազար դրամ, իսկ 2023 թվականին ներկայացրած հայտարարագրում փոխնախարարի եկամուտները աճել են գրեթե 7 անգամ՝ դառնալով 15 մլն 972 հազար դրամ։ Ամուսինը մեքենա չունի, սակայն կինը՝ Գոհար Գինոսյանը, 2018 թվականին գնել է Lexus մակնիշի մեքենա՝ արտադրված 2006 թվականին։ Գինոսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 56 հազար դրամ։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 2 մլն 111 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից, որտեղ աշխատում է որպես գլխավոր մասնագետ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ խորհրդարանը գումարել էր իր հերթական նստաշրջանը. ի թիվս այլ հարցերի՝ օրակարգում էր նաեւ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: Դատավորների ընտրության քվեարկությունը, սակայն, երեկ չկայացավ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քվեարկությունը տեղի չի ունեցել ՔՊ-ական պատգամավորների բացակայության պատճառով: Բանն այն է, որ իշխանականներն իրենց սիրելի գործին են՝ պետբյուջեի հաշվին գործուղումների են: Սա է պատճառը, որ դատավորների ընտրության քվեարկությունը հետաձգվել է, որպեսզի իշխանականները վերադառնան գործուղումներից, դատավորների ընտրությունը կայանա, չտապալվի: Տեղեկացանք, որ այս օրերին գործուղումների են Հակոբ Արշակյանը, ՔՊ-ականներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը (Անգոլա), Արուսյակ Ջուլհակյանը եւ Վահագն Ալեքսանյանը (Շվեդիա), Ռուբեն Ռուբինյանը (Իրան):


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազատ խոսքի, ազատ մամուլի դեմ պայքարը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետեւողականորեն առաջ է տանում: Երեւանցիների 9 տոկոս ձայներով ընտրված՝ իշխող կուսակցության քաղաքապետի երդմնակալությունը առանց լրագրողների կազմակերպելուց հետո քաղաքային իշխանության ներկայացուցիչը հարձակվել է «Ժողովուրդ» օրաթերթի վրա: Նախօրեին տեղեկացանք, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը սեպտեմբերի 27-ին դիմել է ՀՀ վարչական դատարան եւ «Ժողովուրդ» օրաթերթից պահանջել հրապարակային ներողություն խնդրելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, ինչպես նաեւ փոխհատուցում վճարելու մասին վճիռ կայացնել:


Հայցվոր կողմը պահանջել է նաեւ ««Ժողովուրդ» թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի գույքի վրա 3 միլիոն դրամի չափով արգելանք դնել: Երեւան քաղաքի քաղաքացիական դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանը հոկտեմբերի 6-ին գործն ընդունել է վարույթ, կայացրել է որոշում՝ օրաթերթի գույքի վրա արգելանք դնելու մասին: Ընդգծենք, որ Ղուկասյանի կողմից դատի տալու, գործը վարույթ ընդունելու եւ միջնորդությունը մասնակի բավարարելու գործընթացից լրատվամիջոցը տեղյակ չի եղել, որեւէ ծանուցում չի ստացել: Միայն հոկտեմբերի 20-ին հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից գրություն ենք ստացել, որ հոկտեմբերի 17-ին հարկադիր կատարող Ս. Միրզիկյանը որոշում է կայացրել կատարողական վարույթի գույքի վրա 3 մլն դրամի չափով արգելանք դնելու վերաբերյալ: Տեղեկացնենք նաեւ, որ մինչ դատարան դիմելը թաղապետ Ղուկասյանը պաշտոնական որեւէ գրություն չի ուղարկել լրատվամիջոցին հերքման պահանջի մասին, ինչը օրենսդրական պահանջ է: Իսկ ո՞ր հրապարակումն է դարձել դատական վեճի առարկա. 2023 թվականի սեպտեմբերի 2-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Կենտրոն համայնքի ղեկավար Սամվել Ղուկասյանը, ավագանու ընտրություններին ընդառաջ, անթաքույց «կաշառք» է առաջարկում երեւանցիներին: Նախ՝ ընգծենք, որ նա ընդգրկված է ՔՊ-ի ավագանու ցուցակում, եւ արդեն մի քանի օր է, ինչ, քարոզարշավի մեկնարկին զուգահեռ, Կենտրոն վարչական շրջանի էջով գովազդում է, թե ճանապարհների եւ բակերի նորոգումներ են արվել, խաղահրապարակներ են կառուցվել, եւ այս բնույթի տարատեսակ «գայթակղիչ» խոստումներ ու գովազդներ:


Նկատենք, որ մինչ քարոզարշավը թաղապետ Ղուկասյանը միայն աչքի է ընկել իր անգործությամբ, բայց քարոզարշավի օրերին ակտիվացել է, հիշել է իր պարտականությունների ու երեւանցիների խնդիրների մասին: Կենտրոն վարչական շրջանի էջն էլ ակտիվ լուսաբանում ու մեծ շուքով ներկայացնում է կոնկրետ աշխատանքները: Այսպես, երեկ շատ «ճոխ» ներկայացրել են, որ Երեւանի կենտրոնում գտնվող շենքերից մեկի բակն են բարեկարգել, խաղահրապարակ կառուցել կամ Հյուսիսային պողոտայում նոր աղբամաններ տեղադրել: ԿԸՀ-ից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել էր՝ արդյոք չեն արձանագրել Կենտրոնի թաղապետի կողմից թույլ տրված ընտրախախտումները եւ ընտրակաշառքի ակնհայտ դեպքերը: ԿԸՀ ՔՊ-ական նախագահը խախտում չէր տեսել, բնականաբար: Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից արված քայլը, դատավոր Էդուարդ Ամարյանի որոշումը «Ժողովուրդ» օրաթերթը դիտարկում է խոսքի ազատության նկատմամբ ուղղակի ճնշում եւ դատական բոլոր ատյաններում պայքարելու է ազատ խոսքի իր անքակտելի իրավունքի իրացման համար: Իշխանության որեւէ ներկայացուցիչ, առավել եւս՝ զավեշտալի ու քրեական պատմություններով հայտնի Կենտրոնի թաղապետը, իր ագրեսիվ վարքով մեզ չի կարող հետ պահել հետագա հրապարակումներից: