VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ հայաստանյան իշխանություններն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին են մեղադրում Արցախի վերջնական կապիտուլյացիայի, լուծարման հրամանագիր ստորագրելու համար, փորձում հանրությանը հավատացնել, թե Փաշինյանը կապ չունի այդ որոշման հետ, անգամ տեղյակ էլ չի եղել, սակայն իշխանական աղբյուրներն այլ մանրամասներ են պատմում, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ տեղյակ է եղել այդ հրամանագրի տեքստին եւ անձամբ է Շահրամանյանին հորդորել՝ ամեն ինչ անել, որ ռազմական էսկալացիան դադարեցվի` համաձայնելով Ադրբեջանի բոլոր պահանջներին։ Մասնավորապես, երբ ադրբեջանցիներն արցախցիներին են փոխանցել իրենց պահանջները, որոնք արտացոլված էին Արցախի լուծարման որոշման մեջ, այն է՝ պետական ինստիտուտների, բանակի լուծարում, զենքերի հանձնում, Շահրամանյանը կապ է հաստատել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ եւ նրա միջնորդությամբ մեկ եւ եզակի անգամ հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ, ով էլ հորդորել է՝ անհապաղ կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները, թույլ չտալ, որ պատերազմը տեղափոխվի Հայաստանի տարածք»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն այցելելու է Սյունիք: Առիթը պարեկային ծառայության ներդրումն է։ Չնայած հոկտեմբերի 21-ից մարզում արդեն պարեկներ են երեւացել, սակայն նրանք, ըստ մեր աղբյուրի, դեռ հրամանագրված չեն։ Կապանի հրապարակում մեծ հանդիսավորությամբ նշվելու է մեկնարկը։ Ընդ որում, պարեկների շնորհանդես է տեղի ունենալու միանգամից 4 մարզում: Բայց Փաշինյանը, ըստ ամենայնի, կայցելի Սյունիքի միջոցառմանը: Նաեւ համայնքապետերի հետ հանդիպում է նախատեսվում: Չգիտենք՝ Սյունիքի երբեմնի ընդդիմադիրները մասնակցելո՞ւ են այդ միջոցառումներին, թե՞ «Սյունյաց ողջույններ» են կազմակերպելու (Արցախը հանձնելու կապակցությամբ)»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 27-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հակարիի ապօրինի անցակետում ձերբակալեց, ինչի մասին հայտնեց նրա կինը: Ավելի ուշ Ադրբեջանը հայտնեց, որ Վարդանյանը կալանավորվեց 4 ամսով։ Ադրբեջանի ԱԱԾ-ն նաեւ հայտնեց, որ ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւս ձերբակալված է, որը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների, եղել է Ռուբեն Վարդանյանի մեքենայում, այսինքն՝ նրանք ձերբակալվել են նույն օրը: Սեպտեմբերի 29-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվեց տեղեկություն, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը եւս գերեվարված է:
Հոկտեմբերի 4-ից սկսած՝ ադրբեջանական մամուլը սկսեց տարածել լուսանկարներ, տեսանյութեր նաեւ գերեվարված նախագահների՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի մասնակցությամբ: Սա դեռ միայն պաշտոնյաների մակարդակում տեղի ունեցած գերեվարություններն են, եւ միայն վերջին օրերին: Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր խաղաղ բնակիչներ, զինծառայողներ, պատերազմի մասնակիցներ, անչափահասներ այսօր Ադրբեջանի գերեվարության մեջ են: Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս կապակցությամբ հայկական արդեն միակ պետությունը՝ Հայաստանը: Այն մարմինները, որոնք որ, ենթադրվում է, պետք է գործունեություն ծավալեին այս ուղղությամբ, բազմաբովանդակ լռում են: «Ժողովուրդ» օրաթերթը հարցումներ է ուղարկել պետության ղեկավար մարմիններին՝ հասկանալու, թե ինչ քայլեր է անում ՀՀ-ն 2020թ. պատերազմի ընթացքում եւ հետո գերեվարվածներին, 2023թ. գերեվարված Արցախի Հանրապետության 3 նախագահներին եւ ռազմաքաղաքական նախկին ու ներկա ղեկավարներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
Նաեւ խնդրել ենք կոնկրետ նշել՝ վերջին քայլը Հայաստանի կողմից որն է եղել այդ ուղղությամբ, երբ եւ ինչ պատասխան է տվել Ադրբեջանը դրան: Նախագահն իր աշխատակազմով թեեւ փայլում է հարցումներին պատասխանելու արագությամբ, սակայն նույնը չի կարելի ասել նրա գործունեության հետ կապված: «Արտաքին քաղաքականության բնագավառում Հանրապետության նախագահի լիազորություններն ամրագրված են Սահմանադրությամբ: Ձեր գրության մեջ արծարծված հարցերը վերաբերելի չեն Հանրապետության նախագահի` Սահմանադրությամբ սահմանված լիազորություններին եւ գործառույթներին»,- տեղեկացնում են նախագահականից: Այս ամենից կարելի է ենթադրել, որ պարոն Խաչատուրյանի լիազորությունների մեջ է մտնում միայն ծնունդներ շնորհավորելն ու դեսպաններին ընդունելը, իսկ թե այդ ընթացքում Հայաստանը կշարունակի արդյոք քարտեզի վրա լինել, կամ լինելու դեպքում էլ մարդ կմնա արդյոք ներսում, թե բոլորը կգերեվարվեն, միեւնույնն է: Կարճ ասած, եկե՛ք տխուր բաներից չխոսենք:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը առաջիկայում հայտարարելու է ավագանու անդամի մանդատը վայր դնելու մասին: Մեր տեղեկություններով՝ խմբակցությունը հիմնական կազմով պատրաստվում է գնալ ավագանու աշխատանքներին եւ այնտեղ շարունակել իր գործունեությունը: Ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, Թեւանյանը, ի տարբերություն Հայկ Մարությանի, որը հայտարարել է մանդատը վերցնելու մասին, վայր կդնի մանդատը եւ կշարունակի իր գործունեությունը՝ որպես ընդդիմադիր գործիչ, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովը, իսկ ավելի ստույգ՝ ՔՊ-ն հոկտեմբերի 3-ին ընդունեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությունը: Կողմ էր քվեարկել 60 պատգամավոր, դեմ՝ 23-ը, ձեռնպահ չկար: Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները կա՛մ դեմ էին քվեարկել, կա՛մ պարզապես չէին քվեարկել, այսինքն՝ Հռոմի ստատուտը վավերացվել է ՔՊ խմբակցության պատգամավորների քվեներով: Սակայն այստեղ էլ ամեն ինչ հարթ չէր: Բանն այն է, որ քվեարկությունից բացակայում էին Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Կարեն Համբարձումյանը, Մաթևոս Ասատրյանը, Վահե Ղալումյանը, Քրիստինե Պողոսյանը, Կնյազ Հասանովը, իսկ Սերգեյ Բագրատյանը, Նարեկ Գրիգորյանը, Շիրակ Թորոսյանը չէին քվեարկել: Չնայած որոշ պատգամավորներ փորձեցին պատճառաբանություններ ներկայացնել իրենց բացակայության կամ չքվեարկելու համար, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը բավականին զայրացել է, որ Հռոմի ստատուտը ոչ թե «տպավորիչ քվեներով», այլ մի կերպ վավերացվեց (հիշեցնենք, որ ՔՊ-ն 71 մանդատ ունի): Ըստ այդմ, Փաշինյանը վերոնշյալ պատգամավորների «քթից է բերում» և, ինչպես կառավարության մեր աղբյուրը նշեց, բացակայած կամ չքվեարկած պատգամավորներին «հատ-հատ ցեխն է մտցրել»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը հնարավոր ամեն առիթի դեպքում խոսում է, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի», «խաղաղության դարաշրջանի», հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին, ավելին, անընդհատ շեշտում է, թե «ինքը շատ ուրախ կլինի, երբ կողմերի միջև բոլոր հարցերը հստակեցված լինեն, և պայմանագրի ստորագրման ժամկետները որոշակի դառնան»: Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին հայտարարել էր, թե «խաղաղության պայմանագրի ստորագրման համար բավական նպաստավոր միջավայր է ձևավորվել, և չի բացառվում, որ այն առաջիկայում ստորագրվի»։ Թեմայի հետ կապված թերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել. մասնավորաբար, թերթի ԱԳՆ աղբյուրը հայտնում է, որ վերջին ամսվա ընթացքում «խաղաղության պայմանագրի» վրա նախարարության գրեթե ողջ թիմն աշխատում է օրուգիշեր։ Մեր աղբյուրը հայտնում է նաև, որ համաձայնագրի տեքստն, ըստ էության, հիմնականում պատրաստ վիճակում է, հստակեցվում են որոշ առանցքային իրավական կարգավորումներ։ Ի դեպ, մեր տեղեկություններով, խորհրդարանում չորեքշաբթի կայանալիք ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնարավոր է այդ մասին որոշակի «անոնս» լինի (Փաշինյանը կամ Միրզոյանը այս մասին հնարավոր է առնվազն ակնարկներ հնչեցնեն)։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Աշտարակի ՔՊ-ի «սրտի քաղաքապետ» Թովմաս Շահվերդյանին նախաքննական մարմինը որոշել է, որ պետք է հարցաքննի։ Ավելին՝ մեզ հասած լուրերի համաձայն՝ իրավապահներին զանգեր են կատարել քաղաքապետին «փրկելու» հարցով: Բացի այդ, կատարված դեպքը փորձում են ջարդել «Աշտարակի ձոր» ռեստորանի սեփականատիրոջ որդու գլխին։ ArmLur.am-ը գրել էր, որ հոկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտի կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով Աշտարակի քաղաքապետի տեղակալին վիրավորում ստացած տարել էին հիվանդանոց: Ավելի ուշ shamshyan.com-ը գրեց, որ իրավապահները տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալել են Ուջան համայնքի ղեկավար, 28-ամյա Գրիգոր Հարությունյանին, «Ես եւ նա» ՍՊԸ տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը՝ 54-ամյա Նաիրի Սահակյանին, Ուշի համայնքի ղեկավար, 45-ամյա Մարտին Մարտիրոսյանին եւ այլոց: Հիմա այն մասին, թե կոնկրետ ինչ է կատարվել:
Եվ այսպես, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի սեփականատերը վերոնշյալ հատվածում՝ հողի վրա, աշխատանքներ է իրականացրել, եւ նշված հասցե է եկել Աշտարակի քաղաքապետ, ՔՊ թիմակից դարձած նախկին ՀՀԿամերձ Թովմաս Շահվերդյանը ու սկսել վիճել նրանց հետ տարածքի հողի մասով, իր առարկությունները ներկայացրել, որից հետո հեռացել է: Նրա հեռանալուց հետո դեպքի վայր են հասել ոստիկանները, քանի որ օպերատիվ տվյալներ են ստացել, որ նշված հասցեում «մարտաֆիլմ կինո» է լինելու: Եւ մինչ ոստիկանները հսկում են տարածքը, դեպքի վայր է գալիս մոտ 40-հոգանուց խումբ, ու սկսում են քարերով, բահերով դաժան ծեծի ենթարկել ռեստորանի տիրոջը: Անգամ ոտիկանների ներկայությունը չի սաստում խմբի անդամներին դադարեցնելու «մարտաֆիլմը»: Այս իրավիճակը տեսնելով՝ ռեստորանի տիրոջ տղան հանում է ավտոմատը ու կրակում, որպեսզի սաստի ներկաներին, եւ կրակոցներից վիրավորվում է Աշտարակի քաղաքապետի տեղակալն ու եւս մեկ անձ։ Իրավապահ համակարգում քննությունը շարունակվում է, եւ ենթադրություններ կան, որ միգուցե քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն է այս խմբին ուղարկել ռեստորանի տիրոջ դեմ: Ամեն դեպքում, մենք կհետեւենք քննության ընթացքին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ո՞վ է ՀՖՖ մերօրյա նախագահը: Արմեն Մելիքբեկյանը, որը ժամանակին սպորտային լրագրող էր, 2019թ.-ի դեկտեմբերի 23-ին ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: Այն, որ Մելիքբեկյանը այդքան էլ տեղյակ չէ այն ամենից, ինչով զբաղվում է, դա հարցի ցավալի կողմերից միայն մեկն է. առավել ուշագրավ է այն, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը աղմկահարույց բացահայտումներ էր արել Արմեն Մելիքբեկյանի վերաբերյալ, սակայն դրան ոչ մեկ ուշադրություն չէր դարձրել: Մասնավորապես, Հայրապետյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ գիտի, թե ով է ՀՖՖ ներկայիս նախագահը. «Մելիքբեկյան Արմենը պատանեկան հավաքականի հետ մեկնել էր Իսպանիա: Ով որ խումբը ղեկավարում է, նրան մենք տալիս ենք քարտ, որի վրա գումար կա: Մելիքբեկյան Արմենը Իսպանիայից եկավ ու հայտարարեց, որ իր քարտը գողացել են, գումարն էլ՝ քաշել (մի քանի հազար եվրո)»:
Ասել է թե՝ գողություն: Սրան ի պատասխան՝ Մելիքբեկյանը պարզաբանել էր, որ խոսքը 2008 թվականի միջադեպի մասին է, երբ Բարսելոնայում իրենից գողացել են բանկային քարտը, ապա վստահեցրել է, թե, իբր, իր անձնական միջոցներից վերադարձրել է, եւ որ դա վկայող փաստաթղթեր էլ կան: Բնականաբար, այդպես պետք է ասեր նախկին սպորտային լրագրողն ու ֆեդերացիայի մերօրյա նախագահը, բայց ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում, անկրակ ծուխ չի լինի: Հենց այս դեպքից հետո էլ Մելիքբեկյանը ազատվել էր աշխատանքից յուրացումների պատճառով: Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականի նոյեմբերի 21-ից՝ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո, ֆեդերացիայի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել, եւ հավակնում էին այդ պաշտոնին ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Արմեն Մելիքբեկյանը, «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը եւ «Անի» թիմի նախագահ Խորեն Հովհաննիսյանը։ Sputnik Armenia-ն գրեց, որ Հայրապետյանը իրեն մեղավոր է զգում, որ նախկինում աշխատանքի է ընդունել ՀՖՖ փոխնախագահներ Արմեն Մելիքբեկյանին եւ Արմեն Նիկողոսյանին։ Ավելին՝ նա ներողություն էր խնդրել մեկնաբան, ՀՖՖ նախկին մամուլի քարտուղար Սուրեն Բաղդասարյանից (որը զգուշացրել էր իրեն այս քայլից) նրա խորհուրդը չլսելու համար։ Հիշեցնենք, որ նույն Մելիքբեկյանին երկու անգամ են անվստահություն հայտնել: Մի անգամ էլ դա եղել է 2019թ.-ին, երբ Մելիքբեկյանը ՀՖՖ գլխավոր քարտուղարն էր:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տեղակալ Կարեն Բրուտյանը պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի օգոստոսի 13-ից։ Բրուտյանը մինչ այս՝ 2018 թվականի մայիսից, զբաղեցրել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Մինչ այս էլ նա կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալն էր: Փոխնախարար Բրուտյանի կարիերան սկսվում է Համաշխարհային բանկի պետական ներքին ֆինանսական հսկողության խորհրդատուից մինչեւ պաշտպանության նախարարի տեղակալ։ Բրուտյանը 2016 թվականին, երբ եղել է ՊԵԿ նախագահի տեղակալ, հայտարարագրել է 1 բնակարան բազմաբնակարան շենքում, 1 անհատական բնակելի տուն եւ 1 հողամաս, եւ քանի որ նախկինում հայտարարագրերում չէր երեւում գույքի գնման ժամանակը, տեղանքը եւ գնման եղանակը, այդ պատճառով այլ մանրամասներ չենք ներկայացնում։ Այնուամենայնիվ, 2023 թվականին ներկայացված հայտարարագրից հասկանում ենք, որ Բրուտյանի բնակարանը ժառանգություն է, իսկ բնակելի տունը՝ նվիրատվություն։
Այս անգամ՝ 2023 թվականին, նա եւս մեկ անշարժ գույք ունի, որը ձեռք է բերել 2019 թվականին։ 2016 թվականին պաշտոնատար անձի արժեթղթերը եւ ներդրումները կազմել էին 50 հազար դրամ, փոխառությունները կազմել էին 55 հազար եվրո։ 2023 թվականին Բրուտյանի հանձնված եւ վերադարձված փոխառությունները բավականաչափ աճել են՝ կազմելով 79 մլն 314 հազար դրամ եւ 5 հազար եվրո։
Փոխառությունները, այսինքն՝ վարկերը, աճել են, քանի որ աճել են Բրուտյանի եւ՛ կանխիկ դրամական միջոցները, եւ՛ տարեկան եկամուտները։ Այսպիսով, ըստ 2016 թվականին ներկայացրած հայտարարագրի՝ փոխնախարարի դրամական միջոցները կազմել էին 25 մլն դրամ, 85 հազար դոլար եւ 58 հազար եվրո։ 2023 թվականին դրանք անգերազանցելիորեն աճել են՝ դառնալով 50 հազար եվրո, 40 հազար դոլար եւ 55 մլն դրամ, նաեւ բանկային հաշիվները կազմել են 856 հազար դրամ։ Բրուտյանի տարեկան եկամուտը այդ տարվա հունվարի մեկից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը կազմել է 5 մլն 749 դրամ։ Նույն տեմպով այս տարիների ընթացքում աճել են նաեւ եկամուտները գրեթե 4 անգամ՝ դառնալով 19 մլն 283 հազար դրամ։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 48 մլն 286 հազար դրամ, որից 2-ը բնակելի տան հիփոթեք է, որը կազմում է տարեկան եկամտի կրկնակիից մի փոքր ավելի։ Հավելենք նաեւ, որ Բրուտյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն կինը՝ Անի Սարգսյանը, հայտարարագրել է 2018 թվականի արտադրության Nissan մակնիշի մեքենա, որը գնել է 2020 թվականին։ Կնոջ կանխիկ դրամական միջոցները կազմել են 35 հազար դոլար, 2 մլն դրամ եւ 15 հազար եվրո։ Բրուտյանի կինը՝ որպես մասնագետ, աշխատում է ամուսնու նախկին աշխատավայրում՝ Պետական եկամուտների կոմիտեում, որտեղից էլ, որպես աշխատանքի վարձատրություն, ստացել է 997 հազար դրամ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը 2 դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցել, որոնք Բարձրագույն դատական խորհուրդը վարույթ է ընդունել։ ԲԴԽ-ում հոկտեմբերի 31-ին կքննվեն Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի եւ Սնանկության դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյանի դեմ հարուցված կարգապահական վարույթները։ ԲԴԽ-ից չհայտնեցին, թե որն է վարույթի հիմքը: Նշենք, որ սովորաբար արդարադատության նախարարության համար վարույթ հարուցելու հիմք են դառնում որոշումները դատավարության կողմերին տրամադրելու ուշացումները, ՄԻԵԴ վճիռները, որտեղ Հայաստանը պարտվել է տվյալ դատավորների վճիռների պատճառով, կամ էլ դատավորների հարցազրույցները, որտեղ թեթեւ քննադատական խոսք կա ԲԴԽ-ի որոշումների վերաբերյալ։ Իսկ իրականում` թիրախում հայտնվում են անհնազանդ դատավորները, որոնք իշխանությունների հրահանգները չեն կատարում: Արմինե Սաֆարյանը դատավոր է նշանակվել 2021 թվականին, մինչ այդ աշխատել է Դատական դեպարտամենտում, իսկ Արտաշես Հովհաննիսյանը դատավոր է աշխատում 2008 թվականից։ Երկուսն էլ դրական վարկանիշ ունեցող դատավորներ են»: