Կառավարությունը հաստատել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը:
Ծրագրի իրականացմամբ հնարավորություն է ստեղծվելու մարզերի և արտերկրի ուսանողների և աշխատակիցների համար իրենց մասնագիտական գործունեությունը ծավալել արժանապատիվ պայմաններում` հնարավորինս տրամադրվելով անմիջական գործունեության մեջ առավելագույնս ներդրվելուն և զերծ մնալով այլ տեսակի լոգիստիկ խնդիրներից, նույն պայմանները հնարավորություն կընձեռեն նաև հանրապետության բարձրագույն կրթության համակարգ ներգրավել նաև արտերկրի լավագույն հետազոտողներին: Քաղաքը նաև իր կենտրոնացվածության և հասանելիության շնորհիվ հնարավորություն է տալու միջդիսցիպլինար հետազոտությունների համար` որոնք ժամանակակից աշխարհում հանդիսանում են բեկումնային առաջընթաց ապահովող հետազոտությունների լավագույն ձևերը:
Ակադեմիական քաղաքի կոմպակտության շնորհիվ նաև նախապայմաններ կստեղծվեն փորձարարական մշակումների և նախատիպավորման համար խոշոր ենթակառուցվածքների կառուցման համար, ինչն իր հերթին կնպաստի հանրապետությունում հետազոտական և ինովացիոն համակարգի կայացմանը և մշակումների` ներքին և գլոբալ արժեքային շղթաներում ներդրմանը: Ծրագիրն իրականացնելու նպատակով՝ ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը։ Հայեցակարգով սահմանվում են ակադեմիական քաղաք ստեղծելու նպատակներն ու խնդիրները, ակադեմիական քաղաքի կլաստերները, ուսանողների, դասախոսների, գիտնականների ու վարչական աշխատողների նախատեսվող թիվը, այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապահովվեն ակադեմիական քաղաքում, ի թիվս ակադեմիական քաղաքին ներկայացվող այլ պահանջների։ Ըստ այդմ՝ կորոշակիացվեն «Ակադեմիական քաղաք» ծրագրին ներկայացվող պահանջները, իրականացման համար նախատեսվող տեղամասերը, ֆինանսավորման համար բյուջետային հատկացման ձևերը, հստակ կսահմանվեն հիմնադրամի խնդիրները, ինչպես նաև հնարավոր կլինի հետևել կատարվելիք աշխատանքի ընթացքին։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ակադեմիական քաղաքի ֆիզիկական տեղադիրքի համար նախատեսվում են երկու տեղամասեր:
«Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքը, որի գերակշռող մասը պետական կամ համայնքային սեփականություն է և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը, որոնց գումարային մակերեսը կազմում է շուրջ 700 հեկտար։ Ընդ որում, հիմնական տեղամասը լինելու է 17-րդ թաղամասին հարող տարածքը, և «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքին անդրադառնալու ենք այն պարագայում, երբ գխավոր հատակագծով դրա կարիքը լինի։
Ակադեմիական քաղաքի տարածքները նախատեսվելու են այն տրամաբանությամբ, որ հնարավորություն ունենան ֆիզիկապես տեղակայելու մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև 8 պետական խոշորացված բուհեր և մինչև 8 մասնավոր կամ միջազգային բուհեր։ Այս պահին հայեցակարգում մանրամասն նկարագրված են չորս կլաստերներ՝ տեխնոլոգիական, արհեստների, կրթական և սպայական։ Նախատեսվող տեղամասերը հարում են միջպետական մեկ մայրուղու։ Ակադեմիական քաղաքը մայրաքաղաքին է կապվելու նաև երկաթգծով, որի մի մասն արդեն իսկ անցնում է հիմնական տեղամասով։ Նախատեսվում է, որ Ակադեմիական քաղաքի ներսում տեղաշարժը կունենա հատուկ կարգավորում՝ կազմակերպվելով հեծանիվներով, էլեկտրական տրանսպորտով և այլ եղանակներով»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Ակադեմիական քաղաքում բնակվելու է և աշխատելու է մոտ 44 հազար մարդ։ «Հարևանությամբ գտնվող համայնքային կամ մասնավոր սեփականության հողերի վրա անկանոն շինարարությունից խուսափելու նպատակով նաև ձևավորվելու է ավելի ծավալուն տարածքի զարգացման պլանը, որը կկարգավորի նաև մերձակայքում շինարարության հարկայնությունը, դիզայնը, ինչպես նաև գործունեության տեսակները։ Ստեղծվելու են ամբողջությամբ նոր ենթակառուցվածքներ, որոնք վերաբերելու են ուսումնական հաստատությունների, հետազոտական կենտրոնների, արտադրական փորձարարական կենտրոնների շենքային ենթակառուցվածքներին, գյուղատնտեսական նշանակության փորձարարական վարելահողերին, լինելու է հանրակացարանային կամ բնակելի թաղամաս, բազմաֆունկցիոնալ՝ համերգասրահ, կինոթատրոնի և թատրոնի բաղադրիչներով, տարբեր մարզաձևերի համար նախատեսված դահլիճներ բուհական և սպորտային ակումբների գործունեության, ինչպես նաև առողջ ապրելակերպի անհրաժեշտ կենսապայմանների համար։ Այստեղ նախատեսվում է ունենալ ազգային ստադիոնը մինչև 35 հազար հանդիսատեսի հնարավորությամբ, ջրային ավազաններ, տրանսպորտային համակարգ, ավտոկայանատեղիներ և մնացած բոլոր ենթակառուցվածքները»,-ասել է նախարարը։
Ըստ նրա՝ արդեն իսկ կան համագործակցության պայմանավորվածություններ միջազգային հեղինակավոր ճարտարապետական «GNP» կազմակերպության և կառուցապատող ընկերությունների հետ, արվեստների կլաստերի բովանդակության հետ կապված արդեն իսկ պլանավորված համագործակցություն կա Լոնդոնի արվեստների համալսարանի հետ։ «Ծրագրի ժամանակացույցը երեք փուլ է ունենալու՝ նախագծման փուլ, որը կսկսվի 2023 թվականի հոկտեմբերից և կավարտվի 2025 թվականի սեպտեմբերին, կառուցման փուլ՝ կսկսվի 2025 թվականի հոկտեմբերից և նախնական գնահատմամբ՝ կավարտվի 2029 թվականի դեկտեմբերին։ Ինչպես նշեցի, այնպես ենք պլանավորել, որ միջանկյալ ժամանակահատվածներում կլաստերների, հանգուցային կառույցների փուլային հանձնում ունենանք և սպասարկման փուլ, որը ողջ ծավալով կսկսվի 2030 թվականի հունվար ամսից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ արձանագրել, որ մենք, այսպիսով` թևակոխում ենք Ակադեմիական քաղաքի ստեղծման գործնական փուլ: Հայեցակարգն, իհարկե, վաղուց է շրջանառության մեջ, այն մի քանի անգամ տարբեր ֆորմատներով քննարկել ենք և եկել ենք վերջնական այսպիսի եզրակացությունների, որոնք հայեցակարգի մեջ նշված են: Նաև առաջիկայում մենք պայմանագիր կստորագրենք ճարտարապետական ընկերության հետ, որը Հայաստանի ճարտարապետաշինարարական համալսարանի հետ համատեղ կսկսի նախագծման աշխատանքները: Ուզում եմ ասել նաև, որ այս պահին էլ արդեն տեղում աշխատանքներ իրականացվում են՝ գեոդեզիական, հաշվարկվում են ենթակառուցվածքները, ջրային ռեսուրսները՝ ինչպես պետք է տեղափոխվեն և այլն:
Ուզում եմ հիշեցնել, որ Ակադեմիական քաղաքի ստեղծման համար ընտրված է բավականին մեծ տարածք՝ 700 հա, ընդ որում ՝ մենք հաշվարկել ենք այնպես, որ անհրաժեշտության դեպքում այդ տարածքը նաև ընդլայնվելու հնարավորություն ունենա: Տարածքը գտնվում է Երևանի, Կոտայքի մարզի, Արագածոտնի մարզի, Արմավիրի մարզի կցատեղում, Պռոշյան, Քասախ, Աշտարակ, Էջմիածին, Արմավիրի և Արագածոտնի մարզերի բնակավայրերի հատվածում, Մեծամորից էլ, ենթադրում եմ, այնտեղ հատված կա, Խոյ համայնքից էլ, նկատի ունեմ՝ սահմանակցող տարածք: Այսինքն, հենց բուն տարածքը չկա Արմավիրի մարզից, բայց հենց այդ տարածքը վարչական և ադմինիստրատիվ գծերով հատվում է Արմավիրի մարզի և մայրաքաղաք Երևանի հետ:
Այստեղ շատ կարևոր է, որ մենք 4 կլաստերների մեջ մենք պատկերացնում ենք նաև գյուղատնտեսական կլաստերը: Ընդ որում, այստեղ գյուղատնտեսական շատ մեծ ֆերմերային փորձարարական կենտրոն կստեղծվի, այսինքն` գյուղատնտեսության ոլորտի ուսանողները հնարավորություն կունենան պրակտիկ աշխատանքներ իրականացնել թե՛ բուսաբուծության, թե՛ սերմնաբուծության, թե՛ անասնապահության և մնացած ոլորտներում, այսինքն՝ տեղում այդ ամեն ինչը կկազմակերպվի: Կարծում եմ՝ նաև Ակադեմիական քաղաքի կոլորիտի համար շատ կարևոր նշանակություն կունենա: Իհարկե, մենք տարածքի հետ կապված հետևյալ խնդիրը ունենք: Հայեցակարգը ունենք, հիմա մենք ճարտարապետական ընկերության առաջ դնում ենք հետևյալ խնդիրը՝ չգիտենք 700 հա-ն այս խնդրի լուծման համար շա՞տ է, քի՞չ է, մեզ լրացուցիչ տարածքնե՞ր են պետք, թե՞ ընդհակառակը՝ այդ տարածքը շատ մեծ է, բայց եթե նույնիսկ պարզվի այդ տարածքը շատ մեծ է, մենք այդքան տարածքի անհրաժեշտություն չունենք, միևնույնն է մենք այդ տարածքը կպահենք Ակադեմիական քաղաքի տիրույթում: Այնտեղ, որտեղ մենք կառուցապատում իրականացնելու անհրաժեշտություն չենք ունենա, այնտեղ կգնանք ուրիշ լուծումների՝ կանաչապատում կլինի, լանդշաֆտային լուծումներ կլինեն և այլն, և այդպես շարունակ: Այսինքն` այս 700 հա-ն միանշանակ պետք է մնա Ակադեմիական քաղաքի տիրույթում»:
Անդրադառնալով բուհական ոլորտի բովանդակային զարգացումներին և 8 բուհերի ձևավորման գործընթացին՝ վարչապետը նշել է, որ ԿԳՄՍ-ն արդեն իսկ հայտարարություն է տարածել և բուհական ոլորտի գործընկերներին առաջարկել քննարկումներ անցկացնել: «Հրավիրում ենք քննարկումների՝ լսելու նրանց: Նաև մենք հույս ունենք, որ բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները կսկսեն իրենք իրար հետ քննարկումներ անել, որովհետև ուզում եմ հիշեցնել, որ այս պատմությունը սկսել է նրանից, այն արձանագրումից և շեշտադրումից, որ բարձրագույն կրթությունը և գիտությունը, և հետազոտական հատվածը պետք է հնարավորինս ինտեգրվեն այնպես, ինչպես հիմնականում ընդունված է ժամանակակից կրթական համակարգում: Եվ իհարկե, Ակադեմիական քաղաքը պետք է լինի ոչ միայն ուղղակի համալսարանների և ուսանողների հավաքատեղի, այլև պետք է իր ճարտարապետական, քաղաքաշինական լուծումներով նաև նոր խոսք բերի իր հետ և նաև ինտելեկտուալ ժամանցի հաճելի վայր դառնա Հայաստանի Հանրապետության բնակիչների և, իհարկե, օտարերկրյա զբոսաշրջիկների և այցելուների համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է նաև՝ պետք է արձանագրել, որ այս ծրագիրն անպայման կիրագործենք. «Սա մեր ամենախոշոր ծրագրերից մեկն է, և մենք պետք է շատ ուշադիր, հետևողական լինենք, որպեսզի ամեն ինչ ժամանակին կարողանանք իրականացնել: Այն իսկապես ռազմավարական ծրագիր է, որը շատ բանով կանխորոշելու է Հայաստանի Հանրապետության ապագան»: