25.11.2024
«Հայաստան» համահայկական հիմնադրամը օգնություն է տրամադրել 1000 արցախցի ընտանիքներին
prev Նախորդ նորություն

Կվերանայվեն մանկավարժական աշխատողների և սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

Ընդհանուր առմամբ, ներառական կրթության իրականացումն ունի բազմաթիվ դերակատարներ, եւ կարեւոր է, որ գործընթացը բարելավվի` հատկապես ապահովելով ծնողների մասնակցությունը. այս մասին ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը` Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 17-ի նիստում ներկայացնելով ««Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Ըստ զեկուցողի` նախագծի հիմնական նպատակն է ներառական կրթության գործընթացում ապահովել ծնողների մասնակցությունը` ամրագրելով ծնողների ոչ միայն իրավունքներն ու անհատական ուսումնական պլանի մշակմանը մասնակցելը, այլ նաեւ ուսումնական պլանի իրականացմանն աջակցելու պարտավորությունը: Նախագծով կամրագրվի նաեւ ծնողական խմբերի ստեղծման իրավունքը:


Կվերանայվեն մանկավարժական աշխատողների պարտականությունները, կսահմանվի դասարանում խտրականությունից զերծ միջավայրի ստեղծմանը նպաստելու, աշակերտների մեկուսացումը կանխարգելելու, բոլոր սովորողների ներառումը կրթական գործընթացում ապահովելու պարտավորություն, այդ թվում` արտադասարանական եւ արտադպրոցական միջոցառումներում:


Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարությունը ներկայացրել է որոշակի տեխնիկական, խմբագրական փոփոխություններ, որոնք հեղինակն ընդունել է: Զարուհի Բաթոյանը, որպես հեղինակ, ներկայացրել է նաեւ որոշ լիազորող նորմերի փոփոխությունների առաջարկություններ:


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հարակից զեկույցում կարեւորել է առաջարկվող փոփոխությունները` որպես ներառական կրթության գործընթացին ուղղված բարելավման քայլ: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում Կառավարությունը խորհրդարանի քննարկմանը կներկայացնի «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին», ինչպես նաեւ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքների նախագծերը: Պատասխանելով հանձնաժողովականների հարցերին` Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է պարզաբանումներ սահմանվող չափորոշիչների, գնահատման մեխանիզմների վերաբերյալ:


Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:


Կառավարության հեղինակած ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է: