«Հայաստան» համահայկական հիմնադրամը օգնություն է տրամադրել 1000 արցախցի ընտանիքներին
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ԱՄՆ «Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ, տասնյակ բեռնատարներով մարդասիրական օգնություն է բաշխել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին՝ մարզերում գործող իր գործընկեր հասարակական կազմակերպություններիների միջոցով։
«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են, որ հրատապ աջակցությունը ներառում է 1000 ընտանիքի համար նախատեսված 40 տոննա պարեն (բրինձ, մակարոն, հնդկաձավար, ձեթ, թխվածքաբլիթ, կարտոֆիլ, թեյ, սուրճ և այլն), մանկական սնունդ, տնտեսական ապրանքներ, հագուստ և հիգիենայի պարագաներ։ Արարատի մարզում աջակցությունից օգտվել է 220, Վայոց Ձորում՝ 100, Սյունիքում՝ 320, իսկ Գեղարքունիքում 340 տեղահանված ընտանիք։
Հիմնադրամը նախատեսում է ընդլայնել հումանիտար աջակցության տրամադրման աշխարհագրությունը՝ ընդգրկելով ՀՀ գրեթե բոլոր մարզերը: Շուրջ 400 մլն դրամ արժողությամբ հումանիտար օգնության երկրորդ փուլը կներառի կենցաղավարման համար առաջնային անհրաժեշտության պարագաներ՝ մահճակալներ, տաքացուցիչներ, տաք հագուստ, սնունդ, անկողնային և հիգիենայի պարագաներ:
Հիմնադրամի աջակցությունից առաջիկա շաբաթներին կօգտվի ավելի քան 2000 ընտանիք: