27.11.2024
Նիկոլի և Ալիևի «խաղաղությունը» հայերի գերեզմանների վրա քոչվորների ոչխարներ արածացնելն է
prev Նախորդ նորություն

Հռոմի ստատուտի վերաբերյալ միանձնյա որոշում կա. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երկար չարչրկված Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծը՝ Հռոմի ստատուտը, այսօր վերջապես կքննարկվի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Համաձայնագրի վավերացումը նախատեսում է պարզ ընթացակարգ, ինչպես սովորական նախագծերի, համաձայնագրերի համար է. նախ՝ գլխադասային հանձնաժողովում կքննարկվի, այս դեպքում՝ Պետաիրավական, այնուհետեւ՝ դրական եզրակացություն ստանալուց հետո, հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում այն արդեն կմտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: ԱԺ-ում Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծը պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանականները, չնայած բազմաթիվ քննադատություններին, մտադիր են գալ ու միաձայն կողմ քվեարկել նախագծին: Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր դեռեւս 1999թ.-ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել այն։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ.-ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող, սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով կրկին դիմեց ՍԴ։


ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։ Փաստաթղթին միանալու դեպքում, ենթադրվում է, որ Հայաստան այցի դեպքում Վլադիմիր Պուտինը պետք է ձերբակալվի: Հաագայի միջազգային քրեական դատարանը այս տարի՝ մարտ ամսին, Ռուսաստանի նախագահ Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր էր տվել, ուստի ենթադրվում է, որ Հռոմի կանոնադրությունը վավերացրած եւ դատարանի իրավազորությունը ճանաչած պետությունները Վլադիմիր Պուտինին ձերբակալելու պարտավորություն ունեն: Ստացվում է՝ Հայաստանն էլ, միանալով այս փաստաթղթին, պարտավորվում է կատարել միջազգային դատարանի այս որոշումը. հենց Պուտինը մեր երկիր մտնի, կձերբակալեն: Հայաստանի այս քայլը Ռուսաստանը պաշտոնապես որակել էր ոչ բարեկամական իրենց նկատմամբ: Չնայած դժգոհություններին՝ իշխանականներն էլ պնդում են, թե Հռոմի ստատուտը վավերացնում են, որպեսզի կարողանան միջազգային բարձր ատյաններում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հասնել:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Այդ մասին պարզ դարձավ սեպտեմբերի 24-ին, երբ հայտարարվեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Բրյուսել մեկնելու մասին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 26-ին նա հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հ. Հաջիեւի հետ՝ նախապատրաստելու այդ հանդիպումը։ Հանդիպումը մասնակիցներին հնարավորություն տվեց նաեւ կարծիքներ փոխանակել Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում ղեկավարների հնարավոր հանդիպման վերաբերյալ, որը նախատեսված է 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում: Եվ, ահա, այդ հանդիպման ժամանակ նշվել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը շահագրգռված են օգտագործելու Գրանադայի հնարավոր հանդիպումը՝ շարունակելու հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը: Սպասվում է, որ հոկտեմբերի 5-ին տեղի ունենալիք հանդիպմանը քննարկվելու են սահմանների սահմանազատմանը, անվտանգությանը, հաղորդակցություններին, հումանիտար հարցերին եւ խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր։ Ավելին՝ նշվում է, թե անհրաժեշտ են հստակ գործողություններ եւ վճռական փոխզիջումային լուծումներ՝ կարգավորման գործընթացի բոլոր ուղղություններով։ Այսինքն՝ հոկտեմբերի 5-ին ղեկավարների սպասվող հանդիպմանը կարող են լուրջ որոշումներ ընդունվել։


«Փաստ» օրաթերթը գրում է. Դեռևս մեկ ամիս առաջ գրել էինք, որ, մեր տեղեկություններով, Արցախի խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ Սամվել Բաբայանը հայտարարել է, որ «ռամոչնի» (շրջանակային) փաթեթ է ուղարկել Ադրբեջանին։ Եվ ահա, նախօրեին նա հաստատեց, որ նման փաթեթ ուղարկել է, ինչը շատերի կողմից որակվեց որպես ինքնախոստովանական ցուցմունք, որը պետք է արժանանա իրավապահ համակարգի ուշադրությանը: Բաբայանը նաև պատմեց, թե ինչպես է «հերոսաբար» առաջիններից մեկը (ըստ որոշ տեղեկությունների, առաջին հարյուրյակում) դուրս եկել Արցախից՝ «սպարտիվկով», ադրբեջանցի ոստիկաններին ձեռքով բարևելով: Խոսքը մի մարդու մասին է, որը ժամանակին ասում էր, թե վերջին մարդն ինքն է Արցախից դուրս գալու, այնինչ առաջիններից մեկը հասավ Հայաստան: Ու սա այն դեպքում, երբ նույն անցակետում ադրբեջանցիները ձերբակալել էին՝ իրենց որակմամբ, իբր «Բաբայանի վարորդին»: Այնինչ, նույն Բաբայանին, որը Ադրբեջանի կողմից հետախուզման մեջ էր՝ որպես «սեպարատիստների հերոս», հանգիստ թողնում են, որ անցնի սահմանը: Եթե հավելենք, որ երեկ հենց Հակարիի կամրջի վրա ադրբեջանցիները առևանգել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ապա հարցերն ավելի շատ են դառնում, այդ թվում՝ ի՞նչ նպատակ ուներ Հ1-ով «անձնագիր չստուգելու» մասին հայտարարությունը, ի՞նչ սկզբունքով են ադրբեջանցիները կոնկրետ մարդկանց առևանգում, ո՞վ է նրանց հստակ ցուցակ տալիս, որտեղի՞ց և այլն... Վերջապես, գլխավոր հարցը. Սամվել Բաբայանը մեղադրանքներ հնչեցրեց բոլորի մասին, բացի մեկ անձից՝ Նիկոլ Փաշինյանից: Հետաքրքիր է՝ Սամվել Բաբայանը ասելիք չունի՞ Փաշինյանին՝ առնվազն Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու, պատերազմի ժամանակ՝ նվազագույնն անգործության մասով...


«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, վերջին օրերին տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների ֆոնին հանգիստ չէ նաև պետական համակարգում։ Չնայած Նիկոլ Փաշինյանի մեծագույն ջանքերին, որ պետական համակարգը ներսից ճաքեր չտա, այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակով պայմանավորված, այս փուլում ոչ մի վերահսկողական մեխանիզմ չի աշխատում։ «Փաստ» թերթի ԱԳՆ աղբյուրը հայտնում է, որ Հայաստանի՝ տարբեր երկրներում հավատարմագրված մեկ տասնյակից ավելի հյուպատոսներ հրաժարականի զեկուցագրեր են ներկայացրել՝ հայտարարելով, որ չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ՀՀ իշխանությունների հետ։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում տարբեր երկրներում ՀՀ դեսպանների և հյուպատոսների հետ սփյուռքահայության ներկայացուցիչները շատ կոշտ խոսակցություններ են ունեցել՝ սուր քննադատելով հայաստանյան իշխանությունների վարած հակահայաստանյան, հակաարցախյան, ընդհանրապես հակահայ քաղաքականությունը։ ԱԳՆ-ից մեզ փոխանցել են նաև, որ մի քանի դեսպաններ նույնպես ցանկացել են հրաժարական ներկայացնել, սակայն նրանց հետ առանձին խոսակցություններ են եղել՝ փորձելով համոզել գոնե այս փուլում մնալ իրենց տեղերում։


«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած մի քանի օր է՝ տասնյակ հազարավոր արցախցիներ են բռնի տեղահանվում Հայաստան, սակայն, ինչպես հաղորդել էինք, ռուս խաղաղապահներն ամեն ինչ անելու են, որ Արցախում առնվազն 20-25 հազար մարդ մնա, որի շնորհիվ շարունակվելու է խաղաղապահ առաքելության գործունեությունն Արցախում։ Թե ինչ կարգավիճակով են մեր հայրենակիցներն ապրելու Ստեփանակերտում, առաջիկա բանակցությունների ընթացքում կվճռվի, սակայն, արցախյան աղբյուրների փոխանցմամբ, ռուս-ադրբեջանական կողմերի համաձայնությամբ հնարավոր է Արցախի, այսպես կոչված, գլխատված համայնքի ներկայացուցիչ նշանակվի Վիտալի Բալասանյանը, ով հայտարարել է Արցախը չլքելու մասին եւ հայտնի է Ադրբեջանի հետ լեզու գտնելու հմտություններով։ Պատմում են, որ սեպտեմբերի 21-ից սկսած՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ինտենսիվ հանդիպումներ է ունենում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, որոնք ի սկզբանե ցանկացել են Արցախում մնացող հայերի ճակատագիրն իրենք տնօրինել, սակայն քննարկումների ընթացքում նրանց համոզել են, որ այդ դեպքում մեկ հայ էլ չի մնա, ուստի որոշել են, որ Արցախի հայ համայնքն ունենա սեփական ներկայացուցիչ: Իսկ մինչ այդ կավարտեն մարդկանց տեղահանումը, կհայտարարվի պետական ինստիտուտների լուծարման մասին, իսկ մնացողները կապրեն ինտեգրացիայի կանոններով։ Որոշ տեղեկություններով՝ խաղաղապահներն այս օրերին երդվում են, որ մնացող արցախցիների անվտանգությունն ապահովելու են ամեն գնով, բայց վերջին դեպքերից հետո նրանց քչերն են հավատում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արցախի սահմանին` անցակետում, ադրբեջանցի զինյալները ձերբակալեցին եւ գերեվարեցին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ում անմիջապես տեղափոխեցին Բաքու: Մենք երեկ դիմել էինք ՀՀ արտաքին գործերի նախարարություն` հետաքրքրվելով, թե ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի գերեվարման եւ ձերբակալության հարցով որեւէ քայլ ձեռնարկո՞ւմ է, եթե այո` ապա ի՞նչ քայլեր: Մեզ պատասխանել են. «ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց տեղաշարժի անարգել ապահովման հրամայականը։ ՀՀ ԱԳ նախարարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը եւ նրա վերադարձն ապահովելու համար: Այս առումով ակնկալում ենք նաեւ Ռուսաստանի Դաշնության եւ այլ միջազգային գործընկերների աջակցությունը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 26-ին ԱԱԾ մեկուսարանից ազատ է արձակվել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանը։ Մեզ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդություն չի ներկայացրել դատարան նրա կալանքը երկարացնելու վերաբերյալ, սեպտեմբերի 26-ին նրա կալանքի ժամկետը լրացել է, ու նա ազատ է արձակվել։ Հիշեցնենք, որ նրան կալանավորել էին ՊՆ հողատարածքների ապօրինի վաճառքի գործով: Ըստ էության, պարզ է, թե որն է Վաչագան Ղազարյանի ազատության գինը: Այս տարվա օգոստոսի 31-ին դատախազությունը հայտնեց, որ «Եռաբլուր» պանթեոնի 4 միավոր հողատարածքները վերադարձրեց Հայաստանի Հանրապետությանը. «Գլխավոր դատախազության մասնակի հաշտության համաձայնությունը հաստատվեց դատարանի կողմից: 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել էր ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի եւ նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ ուսումնասիրությունը։


Կատարված ուսումնասիրության արդյունքում Գլխավոր դատախազությունը 2022 թվականի մայիսի 31-ին Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում՝ պահանջելով Վաչագան Ղազարյանից եւ նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել օրինական եկամուտներով չհիմնավորվող շուրջ 1 մլրդ 647 մլն դրամ եւ 7 մլրդ դրամ շուկայական արժեքով գույք։ 2023 թվականի օգոստոսի 22-ին Վաչագան Ղազարյանի եւ նրան փոխկապակցված անձանց կողմից Գլխավոր դատախազություն էր ներկայացվել հայցապահանջը մասնակի ընդունելու եւ հայցապահանջում ներառված` «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 4 միավոր անշարժ գույքերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցելու վերաբերյալ դիմում։ Դիմումի հիման վրա՝ ՀՀ գլխավոր դատախազության եւ դիմում ներկայացրած անձանց միջեւ 2023 թվականի օգոստոսի 22-ին կնքվել է հաշտության համաձայնություն, որը նույն օրը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ օրենքով սահմանված կարգով հաստատելու նպատակով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործը թեեւ վերաբացված է, սակայն դեպքից 4 տարի անց՝ մինչ օրս, հայտնի չէ, թե ով կամ ովքեր նախկին ոստիկանապետին հասցրին ինքնասպանության: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է։ Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջնիի առանձնատանը հայտնաբերվել էր 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Գրել էինք նաեւ, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել է նաեւ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը: 2021 թվականին գործը կասեցվեց, սակայն 2022 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը հստակ սահմանեց, որ կա՛մ քրեական վարույթը կարճվում է, կա՛մ որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում եւ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվում։ Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը այլեւս չբացահայտված քրեական վարույթների կասեցման իրավական ընթացակարգ չի նախատեսում: Եթե նախկինում քննիչները քրեական գործերը կասեցնում էին ու տարիներով գցում իրենց «սեյֆերը», ապա հիմա պետք է քննությունը շարունակեն: Ստացվում է՝ նախկին ոստիկանապետի մահվան գործը բացված է, բայց ոչինչ բացահայտված չէ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Հայաստանի կառավարության ենթակայության տակ գտնվող 12 նախարարությունների գնումները եւ կնքած պայմանագրերը՝ հասկանալու համար, թե որքան է կազմել խմելու ջրի ծախսը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում։ Սկզբում ասենք, որ այժմ աշխարհում ռիսկային է ջրի ոչ ճիշտ օգտագործումը, քանի որ աշխարհի մասշտաբով առկա է քաղցրահամ ջրի զգալի պակաս։ Նաեւ, ջրօգտագործման մասնագետների խոսքով, որոնք ունեն երկար տարիների փորձ, քաղցրահամ ջուրը համարվում է ամենաթանկարժեք ռեսուրսներից մեկը։ Հայաստանի դեպքում այն ավելի կարեւոր է դառնում, քանի որ տարածաշրջանում ամենամեծ քաղցրահամ ջրային պաշարը մերն է՝ Սեւանա լիճը։ Այսպիսով, Սեւանի խնդիրները առերեւույթ լուծող Շրջակա միջավայրի նախարարությունը, որը վերջերս համարվում է ամենաանգործ նախարարությունը, խմելու ջրի համար որեւէ գումար չի ծախսել. երեւի նախարարությունից ակնկալվող գործառույթները նախարարությունում կոմպենսացնում են միայն ջուր չօգտագործելով։ Արդարադատության նախարարությունը խմելու ջրի մատակարարման ծառայությունների համար նշված ժամանակահատվածում ծախսել է 1 մլն 560 հազար դրամ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւս խմելու ջրի մատակարարման ծառայությունների համար ոչ մի գնում չի կատարել, սակայն միլիոնավոր դրամների դրամաշնորհային ծրագրեր է ֆինանսավորել. հաջորդիվ նաեւ կներկայացնենք այդ ծախսերի նպատակայնությունը։


Առողջապահության նախարարությունը եւս դասվում է խմելու ջուր չգնողների դասին։ Նրանք, թերեւս, ըստ իրենց արած բազմաթիվ հայտարարությունների, զբաղվում են ավելի կարեւոր գործով, սակայն կարեւորությունն ինչպե՞ս պետք է հաստատվի, եթե Հայաստանում ամենախնդրային պետպատվերներ տրամադրելու ծրագրերը պարբերաբար ծախողվում են, եւ հատկացումները, վերաբաշխումները չեն բավականացնում։ Հենց այս պատճառով էլ շատ քաղաքացիների հիվանդության ախտորոշումը հաճախ հերթերի պատճառով նախատեսվում է հաջորդ տարի, ինչը ոլորտի անհավասարաչափ եւ ոչ գրագետ բաշխման արդյունք է։ Նույնն է նաեւ Արտաքին գործերի նախարարությունում. նրանք, ջուր օգտագործելու փոխարեն, իրենց հատկացված գումարները ներդնում են ներկայացուցչական ծախսերի մեջ, եւ գրեթե ոչինչ՝ նախարարության կարիքների համար։


Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը, կոնյակներից, չրերից, շոկոլադե չրերից բացի, զարմանալիորեն նաեւ խմելու ջուր է օգտագործում։ Այս տարվա ընթացքում նրանք 1151 հազար դրամ խմելու ջրի մատակարարման ծախսեր են կատարել։ Էկոնոմիկայի նախարարությունը, հիշեցնենք, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միավորման արդյունքում է ստեղծվել, եւ հենց այս նույն «ճշգրտությամբ» էլ նախարարությունը կազմակերպում է այս ոլորտների աշխատանքները, սակայն, չգիտես՝ ինչու, այդ ոլորտներում զգալի առաջընթաց վերջերս չի եղել։ ԿԳՄՍ նախարարությունը, որը վերջերս աղմկահարույց ձախողումների մեջ է եւ կորցրել է կրթության ոլորտը կառավարելու ղեկը, կատարել է 7 հազար դրամ արժողությամբ ջրի սպառման ծախս։ Հուսանք՝ գոնե ջրօգտագործումը մտքի թարմություն կհաղորդի նախարարությանը։ Ներքին գործերի նախարարությունը ջրի ոչ մի սպառում չի ներկայացրել, սակայն «յուղալի» գնումներ է կատարել, որոնք նախարարության հետ պարզաբանելուց հետո կհրապարակենք։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը եւս նման գնումներ չի իրականացրել։ Ֆինանսների նախարարությունը թերեւս հայտնվել է 2-րդ տեղում խմելու ջրի օգտագործմամբ. նրանց գնումները կազմել են 489 հազար 600 դրամ։