Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
«Ռուսաստանը չէր, որ ճանաչեց Ադրբեջանի իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, դա արեց Հայաստանի ղեկավարությունը: Հայաստանի ժողովրդի որոշելիքն է, թե ինչպես վերաբերվի դրան: Բայց պետք չէ Երեւանում կայացված որոշումների մեղքն ու պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա: Ռուսաստանը երբեք Հայաստանի թշնամին չի եղել և չի լինի, երբեք չի լինի»,- ընդգծել է նա։
Զախարովան նաև հավելել է, որ Մոսկվայի կոշտ արձագանքը Ռուսաստանի վերաբերյալ Երևանի կոշտ հայտարարություններին «հասկացությունների փոխարինմամբ է» պայմանավորված։
«Մենք ուշադրություն ենք դարձրել ոչ այնքան անձնական բնույթի տոնայնությանն ու վիրավորական բաներին, կոշտությանը, մենք դրա վրա ուշադրություն չենք դարձրել, այլ նրա, որ դրանք հիմնված են կեղծիքի, անճշտության կամ փաստերը խեղաթյուրելու փորձերի վրա։ Հենց դա է առաջացրել մեր արձագանքը, դրա համար էլ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ»,- նշել է Զախարովան։
Ըստ նրա՝ «եթե արձագանքեն իրենց ուղղված ամենօրյա ոչ հարիր կոչերին, ապա այլևս չեն կարող աշխատել, այլ միայն բողոքի նոտաներ գրել»։
«Երկրորդը, մեր ոճը չէ արձագանքել այս կոպտությանը: Դա պարզապես մեր մեթոդը չէ: Մենք այս ամենօրյա վեճից վեր ենք, բացառությամբ այն իրավիճակների, երբ խոսքը վերաբերում է հիմնարար նշանակություն ունեցող հասկացությունների փոխարինմանը», - բացատրել է գործակալության զրուցակիցը:
Բացի այդ, Զախարովան զգուշացրել է «մեղավորին փնտրելու գայթակղության» վտանգի մասին, երբ «ինչ-որ բան չի ստացվում կամ սխալ է լինում»։ «Որովհետև սա կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, սա վտանգավոր է Հայաստանի համար»,- եզրափակեց նա։
VERELQ-ը հիշեցնում է, որ անցյալ ուրբաթ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ Երևանի կողմից մի շարք անբարյացակամ քայլերի, այդ թվում՝ Հռոմի ստատուտի վավերացման գործընթաց սկսելու, վարչապետի տիկնոջ՝ Ուկրաինա կատարած այցի և Կիևի ռեժիմին մարդասիրական օգնություն փոխանցելու, ինչպես նաև ԱՄՆ-ի մասնակցությամբ երկրում զորավարժությունների անցկացնելու կապակցությամբ։
Բացի այդ, Հարությունյանին բողոքի նոտա է տրվել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորական հայտարարությունների պատճառով՝ ուղղված ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային և ողջ նախարարությանը։