23.11.2024
Արցախն այսօր այն վիճակում չէ, որ կարողանա երկար պատերազմ վարել
prev Նախորդ նորություն

ՔՊ-ն հանրահավաք կանի. կմասնակցի նաև Փաշինյանը. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ն քարոզարշավը կեզրափակի հանրահավաքով: Սկզբում հանրահավաքի վայր են դիտարկել Հանրապետության հրապարակը, սակայն որոշումը կանգ է առել Երեւանի քաղաքապետարանի հրապարակի վրա, քանի որ Հանրապետության հրապարակ լցնելը բարդ գործ է, ուստի ճիշտը քաղաքապետարանի մոտ հավաքվելն է, որտեղ մարդկանց սակավությունն աչք չի ծակի։ Այսպիսով՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 19:00-ին ՔՊ-ն փորձելու է մեծ հանրահավաք անել, արդեն իսկ հրահանգվել է բոլորին՝ պատգամավորից սկսած, վերջացրած նախարարներով, որ իրենց հետ մի քանի տասնյակ մարդ տանեն՝ էական չէ, թե ում եւ որ քաղաքներից։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն էլ է մասնակցելու քարոզարշավին:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած Լեւոն Տեր-Պետրոսյանն «ազգակործան պատուհաս» է որակել Նիկոլ Փաշինյանին, սակայն նրա կողմնակիցներն ու երբեմնի գաղափարակիրներն ակտիվ աջակցում են «ազգակործան պատուհասի» իշխանության վերարտադրությանը՝ մասնակցելով Երեւանում ՔՊ-ի քարոզարշավին։ Օրինակ, ակտիվ մասնակցողներից մեկը Հակոբ Հակոբյանի՝ Լեդի Հակոբի որդին է՝ Խաչիկ Հակոբյանը, ով Երեւան-Թուրքիա ֆուտբոլային խաղի դիտման ժամանակ ՔՊ շտաբում հսկում էր Ավինյանի թիկունքը։ Նույնն էր անում նաեւ ՀԱԿ-ի հայտնի Աբուլիկը։ Մեր աղբյուրներն ասում են, որ երկու երիտասարդներն էլ «անշահախնդիր» չեն աջակցում Ավինյանին, նրանք բազմաբնակարան շենքերի բիզնես ծրագրեր ունեն եւ շինթույլտվությունների ակնկալիքներ։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, անցած շաբաթ Մանե Թանդիլյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանատան՝ քաղաքական գծով պատասխանատուի հետ։ Քննարկվել են Երեւանի ընտրություններին առնչվող հարցեր։ Այս հանդիպումն ուշագրավ է նրանով, որ օրեր առաջ էլ Մանե Թանդիլյանը հանդիպել էր Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ։ Մեր տեղեկություններով՝ Երեւանի ընտրությունների այլ թեկնածուների հետ նման հանդիպումներ չեն եղել։ Կարելի է եզրակացնել, որ Արեւմուտքն աջակցում է կամ գոնե փորձում է հարաբերություններ կառուցել նաեւ ընդդիմադիր ուժերի հետ, ինչը նշանակում է, որ չեն բացառում, որ Հայաստանում կարող է քաղաքական իրավիճակ փոխվել։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը եւ նրա ընկեր, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը քաղաքական հաշվեհարդար են տեսնում դատավորների հետ: ՔՊ-ի հետ չհամագործակցելու համար քաղաքապետի թեկնածուներից մեկի փեսային փաստացի ստիպել են ազատման դիմում գրել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս Կարեն Անդրեասյանը եւ Գրիգոր Մինասյանը փաստացի (ճնշման տարբեր օղակներ գործի դնելով) ստիպել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին, որպեսզի աշխատանքից ազատման դիմում գրի կամավոր: Պատճառը Երեւանի ավագանու ընտրությունների մասնակից, «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանն է:


Պարզվում է՝ այս ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տարբեր օղակներով փորձում է հնարավոր թեկնածուների հետ հանդիպել, խոստումներ ստանալ, թե ընտրություններից հետո արդյոք պատրաստվում են ՔՊ-ի հետ կոալիցիա-դաշինք ձեւավորել եւ քաղաքապետ ընտրել ՔՊ թեկնածուին: Վիկտոր Մնացականյանը քանի որ կտրուկ մեժել է համագործակցությունը ՔՊ-ի հետ, նրա փեսային՝ դատավոր Ռուբեն Ներսիսյանին, ստիպել են ԲԴԽ-ից ազատման դիմում գրել հեռանալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորի ազատման դիմումն արդեն ԲԴԽ-ում է: Իհարկե, փորձեցինք այս տեղեկությունը ճշտել երկու կողմերից. դատավոր Ռուբեն Ներսիսյանը երեկ ողջ օրն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր խոսնակի միջոցով փոխանցեց. «Բացառիկ հորինվածքներն ու բամբասանքները զվարճալի կլինի մեկնաբանել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որ բակ առ բակ ընկած քարոզչություն է իրականացնում՝ հավակնելով կրկին դառնալ համայն հայության մայրաքաղաքի ղեկավարը, թերեւս մոռացել է իր աշխատանքը:«Ժողովուրդ» օրաթերթը շատ է գրել այն մասին, որ Հայկ Մարությանն ամենաանպատասխանատու քաղաքապետերից է եղել, քանի որ ամենաշատն է բացակայել աշխատանքից, արձակուրդում ամենաշատը եղած պաշտոնյան է եղել: Իհարկե, Կորոնավարակի օրերին հեռավար աշխատանքը դարձել էր սովորական երեւույթ, բայց Մարությանը մինչ այդ վարակը եւ դրանից հետո շատ հաճախ է հեռակառավարել կամ բարձիթողի վիճակում թողել քաղաքապետարանը: Հայկ Մարությանը պարբերաբար եղել է Չեխիայում: Եւ դեռ այդ օրերին քաղաքապետարանի աշխատակիցները դժգոհում էին, որ որեւէ թուղթ ստորագրելու համար օրերով հերթագրվում են քաղաքապետի մոտ ընդունելության: Հիմա, կարծես թե, Հայկ Մարությանի հավեսը տեղն է եկել, նորից ուզում է քաղաքապետ դառնալ, սակայն պարզ չէ, թե քանի օր նա նույն ինտենսիվությամբ աշխատանքի կգնա:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի ազատումը բավականին խորը արմատներ ունի: Սարգիս Հովհաննիսյանի աշխատանքից Նիկոլ Փաշինյանը տեւական ժամանակ դժգոհություններ է ունեցել, եւ ներքին քննարկում է եղել նրան փոխարինող գտնելու վերաբերյալ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը կասկածներ է ունեցել , որ Հովհաննիսյանի կողմից իր ընտանիքի, կնոջ մասով արտահոսք է եղել, որից հետո որոշել են կոնկրետ քայլերի գնալ: Մասնավորապես, Աննա Հակոբյանի անվտանգության պետ Արթուր Գասպարյանը սկսել է ակտիվանալ ՊՊԾ-ում, ու Հովհաննիսյանի շուրջ օղակը սկսել է սեղմվել: ՊՊԾ-ում մթնոլորտը թեժացել է, եւ Սարգիս Հովհաննիսյանին աշխատանքից ազատելու պահը հասունացել է սեպտեմբերի 9-ին՝ «Դվին մյուզիք հոլ»-ի բակում հնչած հրավառության պայթյուններից հետո:


Ըստ լուրերի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս վախեցել է հրավառության պայթյունի նմանվող ձայներից, քանի որ «Դվին»-ը գտնվում է կառավարական ամառանոցի հարեւանությամբ: Երբ Նիկոլ Փաշինյանն իր անմիջական անվտանգության պատասխանատու Սարգիս Հովհաննիսյանից հետաքրքրվել է, թե ինչ ձայներ են, ով է հրավառության կազմակերպիչը, արդյոք ունի թույլտվություն, թե ոչ, Սարգիս Հովհաննիսյանը զեկուցել է, որ թույլտվություն ունեցել է ախալքալաքցի Էդգարը, որը հարսանիքի առիթով պատվիրել է թանկարժեք հրավառությունը: Երբ ՀՀ ոստիկանապետից Նիկոլ Փաշինյանը բարկացած հետաքրքրվել է, թե ով է թույլ տվել այդ ժամին նման հրավառություն կազմակերպել, զեկուցվել է, թե թույլտվություն չեն ունեցել կազմակերպիչները, ինչի համար ՀՀ ներքին գործերի նախարարությունը «Գոլդ Ֆայեր» ՍՊԸ ընկերությանը տուգանել է 100 հազար դրամով: Ստացվում է, որ Սարգիս Հովհաննիսյանը խաբել է Նիկոլ Փաշինյանին: Իրականում «Դվին» հյուրանոցի թիկնապահը զանգահարել եւ հրավառության համար բանավոր թույլտվություն ստացել է ՊՊԾ-ից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին, վարչապետ Փաշինյանի որոշմամբ, Սարգիս Հովհաննիսյանը գիշերով ազատվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։ Գեներալ-մայորն այդ պաշտոնում նշանակվել էր մոտ չորս ամիս առաջ՝ ապրիլին։ Մինչ այդ՝ 2020 թվականի դեկտեմբերից, Սարգիս Հովհաննիսյանը ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետն էր: Հավելենք, որ իրավապահ համակարգում ակտիվ քննարկվում է, որ Սարգիս Հովհաննիսյանին առանց պաշտոն չեն թողնի, քանի որ նա ահռելի ծավալի տեղեկության է տիրապետում։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Քաղպայմանագրի» խորհրդարանական խմբակցությունում երեկ ցայտնոտային իրավիճակում էին՝ պատգամավորներից  շատերը մեզ հետ մասնավոր զրույցներում չէին թաքցնում անհանգստությունը հայ-ռուսական հարաբերությունների սրման եւ հատկապես ՀՀ իշխանությունների կոշտ հայտարարությունների վերաբերյալ։ Նրանք անհամբեր սպասում են չորեքշաբթի օրվան, որ Փաշինյանը խորհրդարան գա եւ ինչ-որ հայտարարություններ անի, մեսիջներ փոխանցի, որ հասկանան, թե ինչ է կատարվում կուլիսներում։ Այս լարվածության ֆոնին վարչապետ Փաշինյանը շաբաթ օրը հինգ երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցներ ունեցավ՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Վրաստանի,  ԱՄՆ-ի եւ Իրանի՝ քննարկելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Իսկ երեկ խոսեց Թուրքիայի նախագահի հետ։ Մինչդեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել հուլիսի 5-ին։


Ինչո՞ւ․ հարցին ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը երեկ ասաց․ «Իմ կարծիքով՝ պատճառն այն է, որ արդեն 2-3 անգամ մեր երկրի դեմ էսկալացիա ա տեղի ունեցել, մենք դիմել ենք՝ ո՛չ ՀԱՊԿ-ն ա արձագանքել, ո՛չ մեր դաշնակից պետությունը, ասել են, որ դա սահմանային կռիվներ են։ Արդեն իմաստ չկա իրենց դիմելու»։ Մելքոնյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է փնտրի նոր բարեկամներ։ Մինչ օրս, նրա խոսքով, Ռուսաստանն այնպիսի պայմաններ է ստեղծել, որ տարածաշրջանում կա՛մ ինքը պետք է լինի, կա՛մ Թուրքիան։ «Մենք միշտ որոշել ենք՝ որ Ռուսաստանը։ Նվիրվել ենք Ռուսաստանին մինչեւ վերջ։ Վերջապես, ուրիշ երկրներ էլ կան։ Պետք է բարեկամություն անենք նաեւ ուրիշ երկրների հետ։ Մենք հիմի սկսում ենք բարեկամություն անել Հնդկաստանի հետ, եվրոպական պետությունների, Միացյալ Նահանգների հետ, Իրանի հետ»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախում իրավիճակն օրեցօր սրվում է, ամենածանրը հացի խնդիրն է։ Կառավարությունը որոշում է ընդունել, որ անհատներից պարտադիր գնումներ արվեն, խոսքը հացահատիկի մասին է։ Հատկապես Ստեփանակերտից դուրս համայնքներում մարդիկ ամբարել են իրենց հացահատիկը եւ հրաժարվում են վաճառել՝ նկատի ունենալով, որ գնալով հացի խնդիրն ավելի է սրվելու, կառավարության որոշմամբ՝ ալրաղացները բնակիչներից պարտադիր գնում են հացահատիկի 10-20 տոկոսը եւ վաճառում պետությանը, որպեսզի պետությունը կարողանա գոնե կտրոնով բոլորին հաց ապահովել։ Ընդ որում, արդեն քանի օր է՝ հացն Արցախում ստանում են ոչ միայն ցորենի ալյուրից, այլեւ խառը՝ եգիպտացորենի եւ հացահատիկային այլ տեսակներից։ Պատմում են, որ հումանիտար իրավիճակն այնքան սրված է, որ ընտանիքում մեծերն օրերով հաց չեն ուտում, որ հացը երեխաներին բաժին հասնի։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը մարդկանց կամավոր-պարտադիր սկզբունքով, որպես «գլխաքանակ», քարոզարշավի է տանում. մի երեւույթ, որ Նիկոլ Փաշինյանը քննադատում էր ընդդիմադիր եղած ժամանակ: Սեպտեմբերի 7-ին այդ խայտառակությունը բացահայտեց բլոգեր Արթուր Չախոյանը, երբ մտել էր Երեւանի Նոր Նորքի առաջին զանգվածում հավաքված քաղաքացիների միջեւ, ներկայանում էր ՔՊ շտաբից՝ հետաքրքրվելով, թե քանի հոգով որ կառույցից են ներկայացել հավաքին: Պարզվեց՝ մեծամասնությունը «բերովի» մարդիկ էին՝ տարբեր հաստատությունների, համայնքային այլ կառույցների աշխատակազմերի ուղղորդմամբ: Այս առիթով «Անկախ դիտորդ» դաշինքը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին երկու հաղորդում է ուղարկել, երկուսն էլ՝ պետական ու համայնքային կառույցների աշխատողներին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքներին բերելու պարտադրանքի մասին վկայող նյութերով։ «Ականատես» դիտորդական առաքելությունն էլ հայտարարել է, որ իրենց դիտորդների կողմից նմանատիպ այլ դեպքերի պարբերաբար արձանագրումը վկայում են իշխող ուժի կողմից վարչական լծակների լայնածավալ եւ համակարգային չարաշահման մասին։


«Այս գործելաոճն ամբողջովին խեղաթյուրում է ընտրական արդար եւ հավասար մրցակցային պայքարը, ինչպես նաեւ անթույլատրելիորեն խոչընդոտում ընտրողների ազատ կամքի իրացումը։ Ավելին՝ արձանագրված դեպքը առերեւույթ կարող է պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ կամ 236-րդ հոդվածով նախատեսված հանցակազմերի հատկանիշներ»,- հայտարարել է կազմակերպությունը: «Անկախ դիտորդ» դաշինքը պահանջում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից կատարել լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ` եղելությունը ամբողջությամբ բացահայտելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հետաքրքրվեց, թե ինչ է արվել դատախազության կողմից ստացված դիմումի հետ: Պաշտոնապես հայտնեցին, որ «նյութերն ուղարկվել են ոստիկանություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու համար»: Իհարկե, հասկանալի է, թե ինչ ավարտ կունենա այս գործը՝ հաշվի առնելով, թե ով է ՀՀ գլխավոր դատախազը կամ ոստիկանությունն ընդհանրապես: Այս իրավիճակում մի հարց է մնում չպարզաբանված. եթե ՔՊ-ի՝ նկարած պաչիկներով ջերմ հոլովակների բոլոր մարդիկ բերված են, այդ դեպքում որտե՞ղ են ՔՊ-ի ընտրողները: Գուցե չկա՞ն, եւ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն էլ պետք է իր բաժին նկարչությամբ զբաղվի:


«Փաստ» օրաթերթը գրում է. Ժամանակ առ ժամանակ թեժանում են խոսակցությունները այս կամ այն քաղաքական գործչի ընտանիքի անդամների, մասնավորաբար զավակների հետ կապված, որոնք ուսանում են արտասահմանում: Արտերկրում ուսանելն ինքնին չի կարող դատապարտելի լինել, առավել ևս, եթե «դրսում» սովորողներն, ի վերջո, իրենց գիտելիքներն ի սպաս են դնում մեր երկրի զարգացմանը: Այդուամենայնիվ, նման թեմաների շահարկումների պակաս չկա, բնականաբար՝ քաղաքական ենթատեքստով: Հետաքրքիր է, որ «հակաարտասահմանյան» այս արշավին վերջերս ակտիվորեն մասնակցում են իշխանական ու մերձիշխանական որոշ շրջանակներ: Ավելին, երբեմն այս դաշտից ոչ միայն մեղադրանքներ են հնչում, թե այդ ինչ փողերով են սովորում քաղաքական գործիչների երեխաները, այլև կարծիքներ են հնչում, թե արտերկրում սովորելու «ուղարկելը» նշանակում է անվստահություն մեր երկրի կրթական համակարգի նկատմամբ: Մոտեցումն, իհարկե, մեղմ ասած, վիճելի է, սակայն, եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա մի շարք պաշտոնյաների ևս պետք է մեղադրել նման «անվստահության» մեջ: Հիշենք, որ օրերս Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե իր դուստրն ընդունվել է Գերմանիայում գործող միջազգային դպրոց: Մեր տեղեկություններով, Գերմանիայում է սովորում նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դուստրը: Կրկնենք, արտերկրում ուսանելը պախարակելի չի կարող լինել, ընդհակառակը, սակայն հետաքրքիր է, որ «դրսում» են սովորում հենց մեր երկրի կրթական համակարգի գլխավոր պատասխանատուի և վարչապետի երեխաները: Իսկ նրանցով, այսպես ասած, չի սահմանափակվում այն պաշտոնյաների ցանկը, որոնց զավակները սովորում են արտասահմանյան բուհերում: