Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում է Արցախի ԱԺ կայքը։
««Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Իվանի Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ներկայացրել է հրաժարականի դիմում»,- նշված է Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հայտարարությունում:
Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը և ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: «Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր հրաժարական տալու մասին։ Օգոստոսի 31-ին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ևս ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար էր նշանակվել ԱԽ-ի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը։ Սեպտեմբերի 9-ին Արցախի ԱԺ-ն Արցախի Հանրապետության նախագահ է ընտրել Սամվել Սերգեյի Շահրամանյանին։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Արթուր Հարությունյանը նշանակվելու է պետնախարարի պաշտոնում: