25.11.2024
Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
prev Նախորդ նորություն

Արցախցիներին զգուշացնում են. խարդախները նոր սխեմա են օգտագործում

Խարդախությունը՝ խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունն է կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը։ Մեր օրերում, երբ ֆինանսական գործարքների մեծ մասը հնարավոր է կատարել առցանց եղանակով, հանցավոր հակումներ ունեցող անձինք, ուրիշի գույքին խաբեությամբ տիրանալու նպատակով, մտածում են արժանահավատ մեխանիզմներ՝ օգտագործելով համացանցը։

ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում՝ Արցախի պաշարման հետ կապված, ավելացել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հանցագործության դեպքերը: Մասնավորապես, սոցիալական ցանցերում Արցախի բնակիչներին հարմար գներով առաջարկում են ապրանքներ և խոստանում այն կարճ ժամանակահատվածում հասցնել Ստեփանակերտ:

Խարդախության եղանակով գումարը հափշտակելուց հետո արցախցի օգտատերերը հայտնվում են սև ցուցակում: Միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում այսօրինակ 2 հաղորդում է ստացվել: Խաբեությամբ շահույթ ստանալ ակնկալողները սոցցանցում ստեղծում են տարբեր անվանումներով կեղծ օգտահաշիվներ, որոնցում տեղադրում են գայթակղիչ հայտարարություններ:

Սեպտեմբերի 1-ին տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Բ.-ի դիմումն այն մասին, որ «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի միջոցով, կապ է հաստատել «Hunanyan Gayane» անվամբ գրանցված օգտատիրոջ հետ, ով նամակագրության ընթացքում ձեռք է բերել էլեկտրական սկուտերի գնման պայմանավորվածություն, որից հետո «Hunanyan Gayane» անվամբ գրանցված օգտատերը պահանջել է տերմինալի միջոցով «IDBank» ՓԲ ընկերության 43182900100**** բանակային քարտին փոխանցել ընդհանուր 156.000 ՀՀ դրամ՝ էլեկտրական սկուտերի ձեռք բերման նպատակով:

Նույն օրը Ա. Բ.-ն տերմինալի միջոցով բանակային քարտին 156000 ՀՀ դրամ է փոխանցել, որը ստանալուց հետո հափշտակվել է անհայտ անձի կողմից, ինչի արդյունքում Արցախի բնակչին պատճառվել է գույքային վնաս:

Սեպտեմբերի 5-ին վարչությունը ստացել է մեկ այլ դիմում՝ Մարտակերտի շրջանի բնակիչ Հ.Ի.-ից: Օգոստոսի 31-ին «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի միջոցով վերջինս կապ է հաստատել «Arustamyan Andrey» անվամբ գրանցված օգտատիրոջ հետ, ով «Messenger» հավելվածի միջոցով նամակագրության և զանգերի ընթացքում ձեռք է բերել բենզինի, ծխախոտի և ձեթի գնման պայմանավորվածություն, որից հետո վերջինս պահանջել է տերմինալի միջոցով 43182900922**** բանակային քարտին փոխանցել ընդհանուր 200․000 ՀՀ դրամ գումար։

Պայմանավորված ապրանքը ձեռք բերելու նպատակով, սեպտեմբերի 3-ին Հ․Ի.-ն տերմինալի միջոցով նշված բանակային քարտին ընդհանուր 200․000 ՀՀ դրամ գումար է փոխանցել, որը ստանալուց հետո հափշտակվել է ոմն Անդրեյ անունով ներկայացած անձի կողմից, ինչի արդյունքում Հ․Ի.-ին պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս:

Ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը կոչ է անում Արցախի քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն, զերծ մնալ նմանատիպ գործարքներից և չընկնել ծուղակը, իսկ տուժելու դեպքում դիմել ոստիկանություն։