VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հապարակումները:
«Հայկական ժամանակ» գրում է. «ՀՀ Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովը երեկ հրապարակել է «Գազպրոմ Արմենիայի» առաջիկա 3 տարիների ներդրումային ծրագիրը, որից ակնհայտ է դառնում, որ 2018 թվականին գազի սակագինը կրկին բարձրացնելու կարիք կառաջանա: Խնդիրն այն է, որ դեռ անցած տարի հաստատված եռամյա ծրագրով 2017-ի համար «Գազպրոմ Արմենիան» նախատեսում էր 13.6 միլիարդ դրամի ներդրում և այդ գումարը ներառված էր սակագնի հաշվարկում:
Սակայն այդ ընկերության նախկին գլխավոր տնօրեն
Կարեն Կարապետյանի՝ ՀՀ վարչապետ դառնալուց հետո որոշվեց, որ գազի սակագինը Հայաստանում պետք է նվազեցվի և նոր ծրագրով 2017-ի համար նախատեսվել է արդեն 35 միլիարդ դրամի ներդրում: Ներդրումների այդպիսի կտրուկ նվազեցումը պայմանավորված էր հենց սակագնի նվազման անհրաժեշտությամբ:
Սակայն 2018-ի համար կրկին նախատեսվել է մեծ ներդրում՝ մոտ 18 միլիարդ դրամ, ինչը կրկին պետք է ներառվի սակագնի մեջ, և դա հանգեցնելու է սակագնի բարձրացման: Այլ կերպ ասած, ծրագիրը համապատասխանեցվել է սակագնին, այնինչ պետք է տեղի ունենար հակառակը սա ևս մի անգամ ապացուցում է, որ սակագնի նվազեցումը քաղաքական որոշում էր» ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում կարծես ձևավորված կարգ է, որ երբ որևէ յուրային բարձրաստիճան պաշտոնյա ազատվում է իր զբաղեցրած պաշտոնից, նրան չնեղացնելու համար նշանակում են կամ որևէ երկրում դեսպան, կամ էլ ՀՀ նախագահի խորհրդական: Այսպիսով՝ ըստ հայտարարագրերի՝ ՀՀ նախագահի ամենաունևոր խորհրդականը
Ալիկ Սարգսյանն է. Վերջինիս կարիերայի գագաթնակետը ՀՀ ոստիկանապետի պաշտոնն էր:
Այդ պաշտոնում նա նշանակվեց 2008-ի մայիսին, իսկ մինչ այդ՝ սկսած 2000 թվականից, զբաղեցնում էր Արարատի մարզպետի պաշտոնը: Այս պաշտոնյայի՝ 2011 թվականին ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա դրամական միջոցները կազմել են 120 մլն դրամ և 70 հազար դոլար, իսկ եկամտի չափը, որը գոյացել է միայն աշխատավարձից, ավելի քան 5 մլն դրամ է եղել:
Իսկ արդեն 2015 թվականին Ալիկ Սարգսյանի դրամական միջոցները աճել են մոտ 20 մլն դրամով: Նախկին ոստիկանապետը հայտարարագրել է 140 մլն դրամ և ավելի քան 54 հազար դոլար, իսկ եկամտի չափը, որը կրկին գոյացել է աշխատավարձից, կազմել է մոտ 27 մլն 500 հազար դրամ:
Սերժ Սարգսյանի 9 խորհրդականներից ամենաքիչ միջոցները հայտարարագրել է Վարդան Խաչատրյանը: 2015 թվականին ներկայացված հայտարարագրից պարզում ենք, որ այս պաշտոնյայի դրամական միջոցները կազմել են ընդամենը 3 մլն դրամ, իսկ եկամտի չափը, որը գոյացել է աշխատավարձից, ավելի քան 9 մլն դրամ է»:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ ընտրություններից ամիսներ առաջ արդեն իսկ ուրվագծվում են կուսակցությունների ցուցակները և դրանց առաջին հորիզոնականները: «ժառանգություն» կուսակցությունը որևէ այլ կուսակցության հետ դաշինք չկազմելու պարագայում ներկայանալու է սեփական ցուցակով, որի առաջին տեղերը կուսակցության առաջնորդի ցանկությամբ զբաղեցնելու են
Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը և Դավիթ Սանասարյանը:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցակում չի լինելու, նա չի ցանկանում նորից պատգամավոր դառնալ: Միևնույն ժամանակ, դաշինք կազմելու դեպքում,
Րաֆֆի Հովհաննիսյանն իր կուսակցության այս երեք գործիչների համար անցողիկ տեղեր է պահանջել «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցություններից, որոնց հետ այժմ բանակցություններ են ընթանում»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է . «Վարչապետ
Կարեն Կարապետյանը երեկ կառավարությունում բոլոր նախարարների հետ հանդիպման ժամանակ չի թաքցրել իր դժգոհությունը: Նա «խաղի նոր կանոններ» է սահմանել, որոնցից մեկով պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարների հետ յուրաքանչյուր ամսվա կտրվածքով հաշվետվություններ ներկայացնել, յուրաքանչյուր նախարար պետք է զեկուցի մեկ ամսվա ընթացքում իր ղեկավարած ոլորտում արձանագրված հաջողությունների ու խնդիրների մասին:
Նաև ռեֆորմներ ներկայացնի, թե ինչով է հնարավոր եղել աջակցել իր ոլորտում ներդրումների դյուրացմանը կամ, առհասարակ, ներդրումներ ներգրավելուն: Վարչապետի դժգոհությունը հիմնականում եղել է ոչ ճկուն մտածողության հետ կապված, նա հորդորել է անընդհատ պրպտել, ներդրողներ գտնել, փող բերել»,–գրում է թերթը։