ՀԱՍԱԿ. Ձմռան կոմունալ վճարումները Հայաստանում պետք է մարվեն մինչև ինը ամիսների ընթացքում
Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ “Հանուն սոցիալական արդարության” կուսակցության (ՀԱՍԱԿ) աշխատանքային խորհրդակցությունն, որի ընթացքում ձևավորվեց կուսակցության փորձագիտական կոմիտեն: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին երկրում սոցիալական անվտանգության երաշխիքների ստեղծման նոր մեխանիզմները` մասնավորապես առողջապահության, արդարադատության, էներգետիկայի ու տրանսպորտային հաղորդակցությունների ոլորտներում:
Խորհրդակցության ընթացքում բարձրացվեց կոմունալ ծառայությունների վճարման նոր մոդելի մշակման անհրաժեշտության հարցը: Համաձայն առաջարկվող մոդելի, ձմռան ամիսներին սպառված էլեկտրաէներգիայի ու գազի սպառման հետևանքով գոյացած ֆինանսական պարտավորություները քաղաքացին համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում կարող է մարել մինչև 9 ամիսների ընթացքում:
Նման մոդելի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ ձմռան ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի ու բնական գազի սպառման ծավալներն աճում են 45-50%-ով, մինչդեռ թե էլեկտրաէներգիայի, թե գազի սակագները, չնայած վերջին շրջանի սակագնային մեղմացմանը, շարունակում են բավականին բարձր մնալ առկա ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում: Այս խնդիրը շարունակում է լուրջ բեռ հանդիսանալ ՀՀ քաղաքացիների համար` իրենից վտանգ ներկայացնելով պետության սոցիալական անվտանգության համար` նպաստելով արտագաղթին, տարատեսակ վարկային բեռների գոյացմանը և, ի վերջո, աղքատության խորացմանը: Միևնույն ժամանակ խոսքը վարկային մեխանիզմների կիրառման մասին չէ, քանի որ վերջիններս լրացուցիչ ֆինանսական բեռ են ստեղծում քաղաքացու համար: Մոդելը նախ և առաջ ենթադրում է էներգետիկ ընկերությունների (տվյալ դեպքում Հայաստանի էլեկտրական ցանցերի և Գազպրոմ-Արմենիայի) կողմից պետության՝ որպես գլխավոր երաշխավորողի դիտարկումը:
ՀԱՍԱԿ-ն իր փորձագիտական խմբով պատրաստ է տվյալ հարցը Կառավարության օրակարգում հայտնվելու դեպքում մասնակցություն ունենալ առաջարկած մոդելի մշակման և կատարելագործման գործում:
Հիշեցնենք, որ ՀԱՍԱԿ-ը ձևավորվել է այս տարվա օգոստոսին և ակտիվորեն շարունակում է համալրել իր շարքերը նոր համախոհներով: Կուսակցության գաղափարախոսությունը սոցիալ-պահպանողական է, որը ենթադրում է մեծամասնության համար ընդունելի, աստիճանաբար կատարվող դրական փոփոխությունների քաղաքականություն եւ հարուստների ու աղքատների միջեւ գոյացած ահրելի տարբերության կրճատում: