VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թեպետ քաղաքական-քաղաքագիտական շրջանակներն Արցախի քաղաքական ուժերին եւ պետական այրերին հորդորում են՝ տարատեսակ ակցիաներ անելուց առաջ միասնական պահանջ ներկայացնել գլխավոր պատասխանատու-մեղավոր Նիկոլ Փաշինյանին, սակայն Արցախում շարունակում են «թիթեռ նկարել»։ Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որպեսզի ՄԱԿ-ին ուղղված հայտարարություն-կոչ ընդունի։ Հիշեցնենք, որ ԱՀ նախագահն անցած շաբաթներին ՄԱԿ-ին, ՌԴ-ին, Արեւմուտքին նամակներ է հասցեագրել՝ Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ եւ Լաչինի միջանցքը բացելու հորդոր-խնդրանքով, սակայն ձայն բարբառո հանապատի: Կարելի է ենթադրել, որ Արցախի խորհրդարանի այսօր ընդունելիք կոչն էլ է նույն ճակատագրին արժանանալու։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Արցախի ընդդիմությունն իշխանական հատվածին առայժմ չի կարողանում համոզել, որ Փաշինյանին ուղղված միասնական հայտարարություն տարածեն: Հիշեցնենք, որ ԱՀ նախագահը մի քանի օր է՝ նստացույց է անում, որպեսզի, ինչպես ինքը հայտարարեց, իր պահանջը լսելի լինի միջնորդ երկրների, այդ թվում` Հայաստանի համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիից քայլելով, գավազանը ձեռքին մինչեւ Երեւան հասած Արայիկ Հարությունյանը, պաշտոնից պաշտոն փոխելով, ի վերջո հանգրվանեց Փաշինյանի կողքին եւ այս տարիների ընթացքում ունեցվածք է դիզում: Կրթության նախկին նախարարը 2021 թվականից Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարն է: Ու երբ 2018 թվականին ներկայացրել է հայտարարագիր՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար դառնալուց առաջ ունեցվածքի վերաբերյալ, նշել է, որ ստացել է 1 մլն 841 հազար դրամ տարեկան եկամուտ: Այժմ, երբ նա վարչապետի աշխատակազմի ղեկավարն է, տարեկան եկամուտները կազմել են 25 մլն 278 հազար դրամ: Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին, երբ դեռ որեւէ պաշտոն չուներ, ԵՊՀ դասախոս էր, Հարությունյանը 688 հազար դրամ է ստացել որպես աշխատանքի վարձատրության: Հարությունյանը 2018 թվականին հայտարարագրել է մեկ բնակարան, սակայն դրանից հետո ներկայացված տարեկան հայտարարագրերում 2019-2021 թվականների համար Հարությունյանը գրել է, թե բնակարան չի ունեցել: 2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ Արայիկ Հարությունյանը չի բացատրել, թե ուր է կորել իր բնակարանը: Փոխարենը արդեն 2022 թվականի հայտարարագրում գրել է, որ ձեռք է բերել հիպոթեքային վարկով բնակարան՝ 27 մլն 544 հազար դրամ արժողությամբ:
2022 թվականին Արայիկ Հարությունյանը նաեւ հողամաս է ձեռք բերել Կոտայքի մարզի Նաիրի համայնքում՝ վճարելով 8 մլն 320 հազար դրամ: Թե որքան է հողամասը եւ ինչ նպատակով, հակակոռուպցիոն կազմակերպության անդամը չի մանրամասնել: Կասկածելի բաներ կան նաեւ Հարությունյանի ստացած եկամուտների մասով: Նրա հանձնած եւ վերադարձված փոխառությունները կազմել են 7 մլն 223 հազար դրամ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ից: Դարձյալ պարզ չէ, թե ինչ է սա: ՀՀ կրթության, գիտության նախկին նախարարի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6 մլն 734 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 150 հազար դրամ: Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 25 մլն 278 հազար դրամ, որից 3 մլն 068 հազար դրամը եկամտահարկի վերադարձի օրենքով ստացված գումարն է ՀՀ ֆինանսների նախարարությունից հիպոթեքի մայր գումարը մարելու համար: Ինչպես տեսնում ենք, ՔՊ-ական պաշտոնյաները, իշխանության գալով, հողամասեր են ձեռք բերում մարզերում, մասնաբաժիններ են գնում կազմակերպություններից, տներ, իսկ Հայաստանում բարձրանում է աղքատության մակարդակը: Ավելին՝ նրանք հարստանում են, իսկ Արցախի քաղաքացիները սովամահ են լինում՝ 223 օր շրջափակված լինելով Արցախում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգը նոր գործընթաց է սկսում. դատավորները պատրաստվում են կոչով հանդես գալ: Մասնավորապես, կա՛մ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ դատավորներն իրենք ինքնակամ դիմում կգրեն եւ կհեռանան ԲԴԽ դատավորի պաշտոնից, կամ օրենքով դատավորները կլուծեն նրանց ազատման հարցը: Իսկ ինչի՞ց հետո է սկսվել այս կտրուկ իրավիճակը: Նախօրեին՝ դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը դատավորների մոտ բարձրացրել է ԲԴԽ դատավոր անդամների հետ կանչելու հարցը եւ առաջարկել այն ընդգրկել ժողովի օրակարգում: Դատավորների ընդհանուր ժողովում ներկա 187 դատավորներից 180-ը կողմ է քվեարկել Մխիթար Պապոյանի առաջարկին:
Այսինքն՝ 180 դատավոր փաստացի դժգոհություն է հայտնել ԲԴԽ դատավոր անդամների գործունեության մասով եւ պատրաստակամություն ցուցաբերել նրանց հետ կանչել եւ նոր ԲԴԽ անդամ դատավորներ ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ: Դատավորները ցանկանում են իրենց ներկայացուցիչներին ունենալ ԲԴԽ-ում, որոնք ոչ թե Կարեն Անդրեասյանի կողքին կկանգնեն, այլ կպաշտպանեն դատավորներին եւ դատական անկախության շահերը:
Իսկ ովքե՞ր են ԲԴԽ դատավոր անդամները. նրանք են՝ Նաիրա Հովսեփյան, Քրիստինե Մկոյան, Արթուր Աթաբեկյան, Արշակ Վարդանյան, որը թերթեւս միակն է, որ կռիվ է տալիս դատական համակարգում: Ասել է թե՝ դատավորներն այս օրերին վճռում են նրանց ճակատագիրը: Ի դեպ, անգամ դատական համակարգում հիշել են դատավոր Նաիրա Հովսեփյանի խոստումը: Բանն այն է, որ նա ԲԴԽ անդամ ընտրվելուց առաջ կողմ է եղել դատավորների հետ կանչման պրոցեսին, սակայն հուլիսի 19-ին դատավորների ժողովում դեմ է քվեարկել այս գործընթացը սկսելու նախաձեռնությանը: Այսինքն՝ ԲԴԽ է գնացել նպատակով, որ ոչ թե դատավորների շահերը պետք է ներկայացնի, տեր կանգնի դատական անկախությանը, այլ կդառնա գործադիր իշխանության կցորդը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նախօրեին տեղի ունեցած դատավորների ընդհանուր ժողովը հետաձգվեց` օրակարգը չհաստատվելու պատճառով: Բնականաբար, ԲԴԽ դատավոր-անդամի ընտրությունն էլ տեղի չունեցավ, ինչի համար հրավիրվել էր ժողովը։ Դատավորների անկախական թեւը կարծում է, որ աննախադեպ հաղթանակ է տարել Կարեն Անդրեասյանի նկատմամբ՝ տապալելով նրա գծած սցենարը: Ստացվում է, որ Կարեն Անդրեասյանն իրավիճակին չի տիրապետում, եւ դատական համակարգն ատամ է ցույց տվել նրան: Ժողովի ժամանակ էլ հնչել են համարձակ քննադատական ելույթներ։ Ի դեպ, դատավորների այդ թեւին է միացել նաեւ ԲԴԽ անդամության թեկնածու Սուրեն Մնոյանը, ով հայտարարել է, որ, անկախ ամեն ինչից, բոլոր ատյանների դատավորներին հարկավոր էր ծանուցել։ Ի դեպ, մեր աղբյուրները նշեցին, որ ժողովը վարող վճռաբեկի նախագահ Լիլիթ Թադեւոսյանն իրեն բավականին ճիշտ է պահել․ տեսնելով դատավորների զայրույթը՝ նա առաջարկել է սպասել Դատական դեպարտամենտի պարզաբանմանը։ Հիշեցնենք, որ, Մնոյանից բացի, թեկնածուներ էին նաեւ Արմավիրի դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանը, Լոռու մարզի դատավոր Վարդուհի Հովնանյանը։ Կարեն Անդրեասյանի թեկնածուն Հովհաննիսյանն էր։ Ամենայն հավանականությամբ, դատավորների ընդհանուր ժողովի հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ուշագրավ որոշում է կայացրել ՀՀ-ում լիազորությունները դադարեցված 7 դատավորների մասով՝ նրանց բոլորի գործերը իրար միացնելու եւ մեկ վարույթում քննելու ձեւաչափով: Մասնավորապես, լիազորությունները դադարեցված 7 դատավորները՝ Ռուբեն Վարդազարյանը, Ալեքսեյ Սոքոյանը, Զարուհի Նախշքարյանը, Աննա Փիլոսյանը, Սուրեն Անտոնյանը եւ Սիմա Ոսկանդարյանը, Ռաֆայել Մելքոնյանը, դիմել են ՄԻԵԴ՝ բողոքելով, որ իրենց լիազորությունները դադարեցվել են իրավունքների կոպտագույն խախտումներով:
Եւ, ահա, Եվրոպական դատարանը դատավորների գանգատը ընդունել է վարույթ, բոլոր դատավորների գործերը միացվել ու քննվելու են մեկ վարույթում։ ՄԻԵԴ-ի այս որոշումը աննախադեպ է այն առումով, որ, ըստ էության, Եվրոպական դատարանը հասկացել է, որ կա խախտում, եւ առաջնահերթության սկզբունքով է քննելու լիազորությունները դադարեցրած դատավորների գործը։ Սա ենթադրել է տալիս՝ նոր «ապտակ» է սպասվում Բարձրագույն դատական խորհրդին։ Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ ՄԻԵԴ-ը դատավորների դիմումը վարույթ ընդունելու եւ առաջնահերթությամբ 7 դատավորների հարցը մեկ վարույթում քննելու մասին անգամ տեղեկացրել է ԲԴԽ-ին։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ՝ տեղեկությունը պարզելու համար, սակայն ի պատասխան՝ ԲԴԽ-ից հայտնեցին. «Մենք որեւէ բան ՄԻԵԴ-ից չենք ստացել եւ որեւէ գործառույթ չունենք նման հարցերը իրենց հետ քննարկելու»։ Զարմանալի է, բայց ԲԴԽ-ն ակնհայտ ստում է, քանի որ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում կա փաստաթուղթ, թե ինչպես է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԻԵԴ որոշման մասին գրություն ուղարկել ե՛ւ ԲԴԽ նախագահ Անդրեասյանին, ե՛ւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ ըստ էության պահանջելով բացատրություններ:
Ստորեւ ներկայացնում ենք ՄԻԵԴ-ի բացառիկ փաստաթուղթը: