Մի շարք ապրանքների արտահանման համար առաջարկվում է սահմանել արգելք՝ մինչև հունվարի 28-ը
Հուլիսի 18-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային փակ քննարկում՝ կառավարության անդամների, պատգամավորների և Հայաստանի սև և գունավոր մետաղներիի ջարդոնի արտահանմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նշենք, որ գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսության միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում:
Ըստ այդմ՝ որոշմամբ նախատեսված ապրանքների արտահանման համար առաջարկվում է սահմանել վեցամսյա արգելք՝ 2023 թ. հուլիսի 28-ից մինչև 2024 թ. հունվարի 28-ը։
Այն պայմանավորված է սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:
Միևնույն ժամանակ, կարգավորումները կփակեն այն սողանցքները, որոնցից օգտվում են որոշ անբարեխիղճ արտահանողներ՝ մետաղի ջարդոնի փոխարեն (քանի որ ջարդոնի արտահանումն արգելված է)՝ արտահանելով ստանդարտներին չհամապատասխանող ձուլվածքներ, որոնք, սակայն, արտերկրում վաճառվում են մետաղի ջարդոնի գնով։