VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը թեպետ մեկնարկելու է օգոստոսի 23-ից, սակայն իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, արդեն սկսել են այն։ Խոսքը, բնականաբար, Տիգրան Ավինյանի մասին չէ, որը մեկ տարուց ավելի է` այդ գործով է զբաղված։ ՔՊ-ական պատգամավորներին հրահանգվել է` իրենց բակերում, թաղամասերում ակտիվ զրույցներ սկսել քաղաքացիների հետ, շտաբներում հանդիպումներ կազմակերպել եւ զբաղվել Ավինյանի լոբբինգով։ Քարոզարշավի մեկնարկը տվեց նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ կիրակի օրը շրջելով մայրաքաղաքի փողոցներով, այցելելով ցուցահանդես, օգտվելով հասարակական տրանսպորտից։ Իհարկե, վարչապետի տիկնոջ հրապարակած տեսանյութից անգամ երեւում էր, որ Փաշինյանն ավտոբուս է բարձրացել ՊՊԾ աշխատակիցների ուղեկցությամբ, իսկ ավտոբուսում նստած մարդիկ նախկինի պես Փաշինյանով ոգեւորված չէին, սակայն իշխանական քարոզչամեքենան փորձեց այդ շրջայցը ներկայացնել այն լույսի ներքո, որ վարչապետը կարողանում է անարգել շրջել փողոցներով, քանի որ մարդկանց սերն ու վստահությունն է վայելում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նույն օրը Փաշինյանին դավաճան անվանելու համար ձերբակալել են Վարուժան Ավետիսյանի որդուն։ Իշխանության մեր աղբյուրները, այդուհանդերձ, վստահեցնում են, որ Փաշինյանին այդ միջադեպը հետ չի պահի, եւ առաջիկայում նոր փիառի տարբերակներ են սպասվում, քանի որ Փաշինյանի համար Երեւանի հաղթանակը կենսական նշանակություն ունի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի քաղաքական դաշտը պատրաստվում է Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին: Քաղաքական մի շարք ուժեր արդեն պաշտոնապես հայտարարել են, որ մասնակցելու են ավագանու ընտրություններին, թեկնածուների մասին են անգամ հայտարարել: Չնայած իշխող քաղաքական ուժը կենաց-մահու կռիվ է տալիս Երեւանում իշխանությունը պահելու համար, ընդդիմադիր հիմնական ուժերը պասիվ են այս առումով. տպավորություն է՝ նրանց համար մեկ են ավագանու ընտրությունները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը թեեւ դեռ վերջնական որոշում չունի, բայց, ինչպես մեր աղբյուրները հայտնեցին, մեծամասնությունը հակված է ավագանու ընտրություններին չմասնակցելուն. ասում են՝ ՀՀԿ-ում երկրորդական են համարում այդ հարցը, անգամ առանձին քննարկում էլ չեն հասցրել անել ընտրություններին մասնակցելու մասով: Կուսակցությունում ներքին քննարկումներ կան, որ եթե ընդդիմադիր ուժերին չի հաջողվում միավորվել ու քաղաքականացնել ընտրությունները, ապա անիմաստ է դրանց մասնակցելը, առավել եւս որ Հայաստանի եւ Արցախի շուրջ լրջագույն անվտանգային մարտահրավերներ կան ծառացած: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ այդ հարցը չեն քննարկել, քանի որ ավելի կարեւոր հարցեր կան օրակարգում անվտանգային ու Արցախի մասով։ «Դեռ չենք էլ քննարկել այդ հարցը, վերջնական որոշում չունենք. հենց լինի, կհայտարարենք»,-ասաց նա։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեւանի ավագանու ընտրություններից հաշված ամիսներ առաջ թեեւ որոշ ուժեր չեն շտապում բացել խաղաքարտերը, սակայն նախընտրական ակտիվ բանակցություններ են վարում։ Տեղեկացանք, որ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն ու նրա շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանն օրերս հանդիպել են Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Մարությանը թեեւ դեռ պաշտոնական հայտարարություն չի արել առաջադրվելու մասին, սակայն նրա շրջապատից վստահեցնում են, որ մինչեւ ամսվա վերջը կլինի նման հայտարարություն։ Հանդիպման նպատակը եղել է հետընտրական դաշինքների հարցը, սակայն Մարությանը, չբացառելով համագործակցության որեւէ տարբերակ, ասել է` պետք չի ձուկը ջրում բազար անել, ընտրություններից հետո, երբ ամեն ինչ պարզ կլինի, նոր կարելի է խոսել այդ մասին։ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանից հետաքրքրվեցինք իրենց հանդիպումների մասին, նա ընդամենը փոխանցեց, որ շատերի հետ է հանդիպում, իսկ հետընտրական համագործակցության մասին հարցին չպատասխանեց` ասելով․ «Այս պահին` այսքանը, մեկնաբանություն չունեմ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեւան դարձած, ի՛մ Էրեբունի,
Դարեր ես անցել,
Բայց մնացել ես պատանի:
Քո Մասիս հորով,
Քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևա՜ն».
այս տողերը 2017 թվականին երգում էր Նիկոլ Փաշինյանը՝ որեւէ կարեւոր իրադարձությամբ չնշանավորվող «Ելք» դաշինքի ավագանու ընտրություններին ընդառաջ: Հիշեցնենք, որ դաշինքի անդամ մի շարք թեկնածուներ՝ Արայիկ Հարությունյանը, Տիգրան Ավինյանը, Մխիթար Հայրապետյանը, Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանի հետ թողարկեցին երգ՝ հայրենիքին, մայրաքաղաքին ու նրա պետական խորհրդանիշներին գովաբանող տեքստով: Ու թերեւս ամեն ինչ կշարունակեր մնալ այսքան վառ ու գունավոր, քանի դեռ մայր Հայաստանի խորհրդանիշները գովերգող այսօրվա վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ չմոռանար պատառիկներն իր անցյալից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2022 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում հնչեցրեց հերթական վիճահարույց հայտարարությունը՝ անդրադառնալով Գեղամ Մանուկյանի այն խոսքին, որ եթե հայրենի իշխանությունները «կադաստրի թուղթ» են ման գալիս, ապա այդ թուղթը մեր զինանշանն է: ՀՀ վարչապետը հայտարարեց, թե մեր զինանշանը ինքը համարում է 1991 թվականին ձեւավորված պետության հետ կապ չունեցող մի պատկեր ընդամենը, մինչդեռ 2017 թվականին երգում էր «Մասիս հոր» մասին, «Արաքս մոր» մասին եւ ունեցած դարավոր պատմության մասին: Եւ ստացվում է, որ, անցնող տարիների ընթացքում ավելացած հոգսերի, փոփոխված պաշտոնների ու պաշտոնյաների ֆոնին, փոխվել է նաեւ հարգանքն ու ընկալումը սեփական պետության խորհրդանիշների նկատմամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2020թ. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում, պարբերաբար նոր աղմկահարույց բացահայտումներ են լինում, բայց ոչ թե պատերազմի հանգամանքների կամ իշխանության կառավարման անկարողության, այլ հենց հանձնաժողովի եւ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գործունեության հետ կապված: ԱԺ անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը նաեւ ղեկավարում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը, պարբերաբար հայտարարում էր, թե հրավեր է ուղարկել մի շարք զինվորականների եւ բարձրաստիճան պաշտոնյաների, բայց վերջիններս չեն եկել քննիչ հանձաժողով: Քոչարյանը հրապարակել էր զինվորականների եւ բարձրաստիճան նախկին պաշտոնյաների անունները, որոնք, ըստ նրա, վախենում են գնալ ԱԺ։ «Զինվորականներ կան, որոնք վախեցած են, օրինակ` Տիրան Խաչատրյանը, որը հրապարակայնորեն հրաժարվել է գալ նիստին։ Արտաքին քաղաքականության հարցերով ես հրավիրել եմ Վարդան Օսկանյանին, որը հրաժարվել է, բայց մենք նորից կուղարկենք հրավեր․ Արցախի հետ կապված լսումների ժամանակ ինքը պետք է բարի լինի, գա, որովհետեւ շատ հարցեր առնչվելու են ԱԳՆ-ի իրականացրած քայլերին»,- հայտարարել էր նա։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Տիրան Խաչատրյանը հերքեց Անդրանիկ Քոչարյանին՝ պնդելով, որ իրեն մինչ օրս հրավեր չի եկել:
Տիրան Խաչատրյանը մանրամասնեց, որ իրեն այս ընթացքում զանգահարել է Անդրանիկ Քոչարյանի քարտուղարը, հարցրել բնակության հասցեն, որպեսզի քննիչ հանձնաժողով գնալու հրավեր-նամակ ուղարկեն, սակայն այդպես էլ հրավեր չի եկել. «Ես ունեմ մի բնակարան, մեկ հասցե, որտեղ գրանցված եմ եւ ապրում եմ, ինձ երբեւէ որեւէ կառույցի կողմից նամակ չի եկել, ինձ հրավեր չի եկել»: Այսինքն՝ Անդրանիկ Քոչարյանը հրապարակավ ստել է՝ ասելով, թե մարդիկ չեն ներկայանում նիստերին: Թեեւ Տիրան Խաչատրյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ «եթե հրավերը հասնի էլ, միեւնույնն է, չեմ գնալու»: Փորձեցինք կապ հաստատել նաեւ Անդրանիկ Քոչարյանի հետ՝ հասկանալու, ի վերջո, հրավեր ուղարկվել է Տիրան Խաչատրյանին, թե ոչ, սակայն վերջինս, լսելով «Ժողովուրդ» օրաթերթի անունը, միանգամից «հուզվեց»։ «Չի հետաքրքրում՝ «Ժողովուրդ» օրաթերթից եք, թե «տիեզերքից», ես հեռախոսով մեկնաբանություն չեմ տալու»,- անգամ հարցը չլսելով՝ Քոչարյանը նման տարօրինակ պատասխան տվեց ու անջատեց: Թերեւս նյութը կարդալուց հետո մի բոցաշունչ տեքստ կհրապարակի ՔՊ-ական պատգամավորը, իսկ մինչ այդ նկատենք, որ տպավորություն է, թե Անդրանիկ Քոչարյանն այս հանձնաժողովն օգտագործում է ոչ թե պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու ու իրականությունը բացահայտելու, այլ, հակառակը, իրականությունը խեղաթյուրելու, փաստերը կոծկելու, Նիկոլ Փաշինյանին արդարացնելու եւ նոր մեղավորներ նշանակելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Աղմկոտ պատմություններով հայտնի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը, ըստ պաշտոնական տվյալների, իր անունով ո՛չ բնակարան ունի, ո՛չ էլ ավտոմեքենա։ Նա Հայաստանում գտնվում է պատկերավոր ասած «հյուրախաղերով»: Բանն այն է, որ թաղապետ Սամվել Ղուկասյանը նախկինում ապրել է ԱՄՆ-ում եւ միայն վերջերս է Հայաստան եկել՝ նշանակվելով Կենտրոն վարչական շրջանի ղեկավար: Ըստ նրա կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագրի՝ նախկինում Ղուկասյանը Հայաստանում ոչինչ չի ունեցել: Միայն Թաղապետ դառնալուց հետո շինարարական «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ից տարվա վերջում 38 մլն 118 հազար դրամի փոխառություն է վերցրել։ Նա այդ ժամանակ արդեն վարչական շրջանի ղեկավար էր։ 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 73 հազար դոլար։ Այդ հիփոթեքի դիմաց նա ստացել է կառուցվող բնակելի համալիրից անշարժ գույքի գնման իրավունք։ Այսինքն՝ նորակառույց բնակելի շենքում տուն է ձեռք բերել մոտ 100 հազար դոլարով, որից 27 հազարը մեկ տարվա ընթացքում մարել է թաղապետի համեստ աշխատավարձով: Անհավանական է, իհարկե, բայց, ըստ պաշտոնական տվյալների, Սամվել Ղուկասյանը 2022 թվականին որեւէ ծախս չի կատարել: Ինչպես է ապրել (ատկատներո՞վ, ռեկետո՞վ, թե՞ ԱՄՆ-ից ուղարկված գումարներով)՝ պարզ չէ:
Համենայնդեպս, հայտարարագրում չի երեւում, եւ չհիմնվորված ապօրինի եկամուտների կասկածներ են առաջ գալիս, որի մասով, կարծում ենք, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անելիք ունի: Տեղեկացնենք, որ թաղապետի բանկային հաշիվներին տարվա սկզբում զրո դրամ է եղել, իսկ տարեվերջին արդեն 1 մլն դրամից ավելի գումար է գոյացել հաշվին։ Իհարկե, Սամվել Ղուկասյանը կանխիկ գումար հայտարարագրել է՝ 170 հազար դոլար եւ 10 մլն դրամ։ Սրանք, թերեւս, ԱՄՆ-ում աշխատած գումարներն են, որոնց ծագումը չգիտենք, քանի որ մեկ տարվա ընթացքում վարչական շրջանի ղեկավարի եկամուտը 6 մլն 266 հազար դրամ է կազմել, որից 1 մլն դրամը ստացել է ՊԵԿ-ից, իսկ մյուս մասն էլ նրա տարեկան աշխպատավարձն է։ Հավելենք, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը հաճախ է հայտնվում աղմկարահույց իրադարձությունների կենտրոնում։ Օրինակ՝ 2022 թվականին Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին եւ տեղակալներին հենց աշխատասենյակում ծեծի էին ենթարկել: «Ժողովուրդ» օրաթերթը, իհարկե, փորձեց մեկնաբանություններ լսել Սամվել Ղուկասյանից, սակայն նրա հետ զրուցելու, հարցեր ուղղելու բոլոր ջանքերը միշտ պսակվում են անհաջողությամբ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանի պաշտոնը վերականգնվել է: Մեր աղբյուրները նշում են, թե այն քրեական վարույթը, որը նախաձեռնվել էր նրա նկատմամբ, կարճվել է: «Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ կապ է հաստատել ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի պարտականությունները կատարող Անժելա Նուշիկյանի հետ, որը մեզ հայտնեց, որ Դավիթ Խիթարյանի հետ կապված պաշտոնական որեւէ տեղեկություն չի ստացել, այդ հարցի հետ կապված որեւէ տեղեկություն չունի: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահները գործընթաց են սկսել բուհերի ռեկտորների դեմ։ Առաջին մեղադրյալը Ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորն է: Գլխավոր դատախազությունը, հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա, հսկող դատախազի կողմից 2023թ. մայիսի 2-ին որոշում էր կայացրել Դավիթ Խիթարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Փորձեցինք նաեւ Խիթարյանից պարզել տեղեկությունները, որը հայտարարեց. «Ես նման տեղեկություն չունեմ, ինձ փաստաբանս նման բան չի ասել»: «Ժողովուրդ» օրաթերթը Գլխավոր դատախազությունից փորձեց պարզել՝ դատախազությունը պարտվել է ռեկտորի գործով, եւ ռեկտորի լիազորությունների դադարեցումը ապօրինի է համարել: Ի պատասխան՝ դատախազությունից հայտնեցին, որ այդ որոշումը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ դատարան:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Առողջապահության ոլորտում պետպատվերով ծառայությունների կազմակերպումը զերծ չէ ռիսկերից եւ միջամտություններից։ Իրազեկ աղբյուրից տեղեկացանք, որ Պետական առողջապահական գործակալությունում աշխատում են փորձագետներ, որոնք համատեղում են աշխատանքը նաեւ «Ուիգմոր» մանկական հիվանդանոցում։ Եվ որոշակիորեն աջակցում են իրենց կլինիկային` պետպատվեր ստանալու հարցում։ Օրինակ՝ արձակուրդային սեզոնին ծնողները պլանավորում են երեխաների նշիկները հեռացնել, ատամները սարքել եւ երբ դիմումը ներկայացնում են, ՊԱԳ-ի փորձագետներն ասում են, որ պետք է հերթագրվել։ Իսկ եթե ծնողի դիմումը վերաբերում է «Ուիգմոր» կլինիկային, ապա պետպատվերի հայտն արագ հաստատվում է։ «Ուիգմորի» նկատմամբ սերը ՊԱԳ-ում օդից չի առաջացել, այս կլինիկայում, ինչպես գրվել է մամուլում, բիզնես հետաքրքրություններ ունի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրը։ Ըստ այդ տեղեկությունների՝ Պուշկինի փողոցում գտնվող հիվանդանոցի շենքը «Ուիգմորը» վարձակալել է Ավանեսյանի մորից՝ Մարգարիտա Վարդանյանից։
Փորձեցինք ՊԱԳ-ի տնօրեն Ահարոն Բարսեղյանից հետաքրքրվել՝ արդյոք իր մոտ աշխատո՞ւմ են փորձագետներ, որոնք նաեւ «Ուիգմոր»-ում են աշխատում, եւ արդյո՞ք այստեղ շահերի բախում չկա, սակայն Բարսեղյանը չպատասխանեց մեր զանգերին։ Ի դեպ, ընդամենը երկու օր առաջ խնդրին առանց անուններ տալու անդրադարձել է նաեւ «Առողջապահության իրավունք» ՀԿ-ի հիմնադիր, ՊԱԳ նախկին տնօրեն Ծաղիկ Վարդանյանը, ով շուրջ 10 տարի բարձր պաշտոններ է զբաղեցրել նախարարությունում` անդրադառնալով մանկական պետպատվերի խնդրին, նա իր էջում գրել է․ «Կա մի «հրաշալի» նորարարություն՝ «էլիտար» աշխատակիցներ, ովքեր համատեղում են իրենց պրակտիկ բժշկի աշխատանքը պետական պատվերի դեպքեր դիտարկելու հետ»:
Նա դիմել է նաեւ ՀՀ պետական վերահսկողական ծառայություն՝ առաջարկելով․
«Ուսումնասիրեք, օրինակ, ո՞վ է դիտարկում պետական պատվերի մանկական վերականգնողական և նեղ մասնագիտական դեպքերը, կարող է պատահաբար հայտնաբերեք, որ սույն անձն աշխատում է հենց այդ նույն հիմնարկում, որի դեպքերը նա որպես առողջապահության նախարարության աշխատակից դիտարկում է: Եվ ի՞նչ կարգավորումով է, որ պետական պատվերի դեպքերն ընդունելը և, հետևաբար, գումարներ տալը կապված է տարբեր կլինիկաների շահերը ներկայացնող, հազար թելերով տարբեր հիվանդանոցների հետ կապված բժիշկներից»: