22.11.2024
Նախագահ. Ղարաբաղը կդառնա միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Աշխատանքային միգրանտներին հարկելու օրենքը թյուր ընկալվեց

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է շաբաթվա կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Իրավունքի» աչքից չվրիպեց այն, որ Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ոչ ավել, ոչ պակաս իրեն երևակայել էր ՀՀ վարչապետ ու Աժ դահլիճում նստել կառավարության ղեկավարի համար նախատեսված աթոռին: Ուշագրավ է այն, որ գրեթե ոչ մի փոխնախարար ու նախարար անգամ սովորաբար չեն նստում այդ աթոռին, մինչդեռ ԲՀԿ-ական պատգամավորը հարմարավետ տեղավորվել էր այնտեղ ու զրույցի բռնվել իշխանական պատգամավորների հետ: Ինչևէ, Մ.Մելքումյանի ախորժակը թեպետ շատ մեծ է, բայց նա պաշտոնի հավակնելուց առաջ պետք է նախևառաջ համոզի հարազատ Խմբակցությանը կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընդդիմության թուլացումն ու հասարակության անտարբերությունն ուղղակիորեն ազդում են իշխանության որակի ու պահվածքի վրա: Եվ դա նկատելի է ամենուրեք: Իշխանավորների ինքնավստահությունն ու ցինիզմն օրեցօր աճում են, նրանք ավելի ու ավելի անամոթ, իրենց գործողություններում ավելի համարձակ են դառնում: Թվում է՝ ուրիշ ի՞նչ պետք է անեն հայտնի մարզպետն ու իր կրիմինալ որդին, որ զրկվեն իշխանական կերակրատաշտից, հայտնվեն ճաղերի ետեւում, պատասխան տան իրենց հանցագործությունների համար: Բայց՝ ոչ, նրանց «հաղթարշավը» շարունակվում է, հերթական զոհերն էլ հիվանդանոցում են: Թվում է՝ ինչքա՜ն պետք է անամոթ լինի իշխանությունը, որ յուրաքանչյուր ազատվող աթոռին փորձի նստեցնել սեփական զավակներին կամ իր հետ արյունակցական եւ այլ սերտ կապեր ունեցող անձանց: Օրենքը, անշուշտ, չի արգելում վարչապետի որդուն՝ մասնակցելու որեւէ համայնքի, այդ թվում՝ Արտաշատի քաղաքապետի թափուր պաշտոնի համար կազմակերպվելիք ընտրություններին, բայց տարրական պարկեշտությունը պահանջում է, որ Աբրահամյանները բավարարվեն վարչապետական աթոռով եւ իրենց ընտանեկան բիզնես-գործունեությամբ: Սակայն այս չափանիշները Հայաստանի համար չեն: Մեզանում իշխանությունն անամոթ է, ագահ, առանց արգելակների ու խղճի խայթի: Ընդ որում, այս «սերնդափոխությունը» համակել է բոլոր համակարգերին: Անգամ մշակույթի ոլորտում, որտեղ ավանդաբար մտավորական բարքեր են տիրել, սկսել են բարեկամ-մտերիմներին պաշտոնների նշանակել. երեկ տեղեկացանք, որ Պատմության թանգարանի տնօրենն էլ իր պաշտոնը եղբորորդուն է փոխանցել: Ցավալի է 2015 թվականին արձանագրել, որ մենք չկարողացանք դեմոկրատական, մրցակցային, ազատ երկիր կառուցել, այլ կամաց գլորվեցինք դեպի ֆեոդալական ասիականության գիրկը»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Աժ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի եղբորը «Գազպրոմ-Արմենիայի» գլխավոր մեխանիկ նշանակելու նախաձեռնությունը այս պահի դրությամբ տապալված է: «Գազպրոմ-Արմենիայի» տնօրինությունը Այվազյանի եղբորն արդեն ներկայացրել էր աշխատակիցներին, նա արդեն գնացել էր և ուսումնասիրել իր աշխատասենյակը: Նախկին գլխավոր մեխանիկին էլ ազատել էին այդ պաշտոնից, թեև ընկերությունը այդ տեղեկությունը պաշտոնապես չէր հաստատում: Ըստ մեր տեղեկությունների, նախաձեռնությունը տապալվել է մամուլի հրապարակումից հետո: «Հժ»-ն գրել էր, որ Աժ գազային ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հանձնաժողովի եզրակացությունը հնարավորինս սվաղելու համար պարգևատրում է ստացել եղբոր պաշտոնի տեսքով»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ «Եկամտային հարկի» եւ «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («խոպանչիների օրենք») թյուր ընկալման առիթ դարձավ: Պատգամավորը վստահ է, որ այս օրենքի շնորհիվ Հայաստանն ու ՀՀ քաղաքացին են շահելու. «Կառավարությունը այս մեծ շուկայից օգտվում է եւ որոշակի արտոնյալ բազա է ստեղծում: Այն մարդը, որ ուզում է աշխատուժ արտահանի, ինքը կորոշի՝ այստե՞ղ ձեւակերպել իր աշխատողներին՝ որպես աշխատող եւ ավելի քիչ հարկ վճարել, թե՞ այլ երկրում, բայց ավելի բարձր հարկերով: Կարծում եմ՝ պետք է շահագրգռված լինենք, որ այդպիսի կազմակերպություններ հնարավորինս շատ գրանցվեն մեր երկրում, ու պատկերավոր ասած` ձուն մեր երկրում ածեն»: Դիտարկմանը, թե ՀՀ Կառավարությունը միայն մտածում է բյուջե «լցնելու» մասին, նույնիսկ արտագաղթի գնով, ՀՀԿ-ականը այսպես պատասխանեց. «Եթե այդպես չլիներ, ես Կառավարությանը լուրջ չէի վերաբերվի»»: