26.11.2024
«Հրապարակ». ՊՆ-ում 70 հոգով նշել են 2-րդ աշխարհամարտը, կազմակերպիչը «Արկածախնդիր» ՍՊԸ-ն է
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի դեսպանի կողմից ԵԽ պատգամավորներին ուղղված սպառնալիքը

Եվրոպական միությունը դատապարտել է ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովի կողմից Եվրախորհրդարանի անդամներին ուղղված ակնհայտ սպառնալիքը, որը հնչեցվել է հայ-ադրբեջանական սահման ԵԽ պատվիրակության այցից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս թեմայով հոդված է հրապարակել OC Media լրատվական հարթակը։


Սադիգովը, որը նաև Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպանն է, հունիսի 23-ին Twitter-ում գրառում էր կատարել՝ ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի, որի ընթացքում պատվիրակության անդամները մեկնել էին Ադրբեջանի հետ սահմանի մոտ:


Սադիգովը տեղադրել էր ադրբեջանական արտադրության դիպուկահար հրացանի պատկեր՝ հետևյալ տեքստով.


«Նրանք գիտեն, թե ինչ են անում պաշտպանվելու համար։ Ադրբեջանում արտադրված «Իստիգլալ ԻՍՏ-14.5» դիպուկահար հրացանն ունի մոտ 3000 մ կրակի արդյունավետ հեռահարություն։ Հեռո՛ւ մնացեք Ադրբեջանի պետական սահմանից…»։


Մեկնաբանելով Սադիգովի գրառումը՝ ԵՄ խոսնակը OC Media-ին հայտնել է, որ իրենք տեղյակ են դրա մասին։


«Մենք դատապարտում ենք նման պահվածքը, որը բացարձակապես անընդունելի է ԵՄ-ում հավատարմագրված դեսպանի համար», - ասել է խոսնակը։


Այս սպառնալիքին հունիսի 26-ին անդրադարձել էր նաև Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լուազոն։


«Արդյո՞ք սա սպառնալիք է Եվրախորհրդարանի անդամների նկատմամբ։ Իսկապե՞ս այն գալիս է ադրբեջանցի «դիվանագետից»։ Ի՞նչ մակարդակի է իջել Ադրբեջանի դիվանագիտությունը։ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չհարգելով և 120 000 մարդկանց պատանդառության մեջ պահելու մեջ հպարտանալու ոչինչ չկա։ Արդյո՞ք դա է ձեր նյարդերին ստիպում տեղի տալ: Մենք՝ ուժեղ արժեքներ ունեցող եվրոպացիներս, տպավորված չենք։ Մենք կշարունակենք աջակցել խաղաղությանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ հարգանքին», - գրել էր Լուազոն Twitter-ի իր էջում։


Սադիգովի գրառումը քննադատել է նաև ԵՄ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Շահմարլին՝ դա անվանելով «ծիծաղելի և անընդունելի»։ Շահմարլիի կարծիքով՝ այն փաստը, որ Սադիգովն օգտագործել է ադրբեջանական արտադրության դիպուկահար հրազենը Twitter-ում հռետորաբանության համար, նման է երկրի նախագահ Իլհամ Ալիևի հռետորաբանությանը։ Սադիգովի գրառումը, ըստ նախկին դեսպանի, կարող էր պատվիրված լինել։


Սադիգովը հրաժարվել է մեկնաբանություն տալ OC Media-ին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես միջադեպի առնչությամբ մեկնաբանություն չի տվել։