ՀՀ գլխավոր դատախազը և Եվրոպոլի տնօրենը քննարկել են հանցավորության դեմ պայքարի հարցեր
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 27-ին ընդունել է Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության (Եվրոպոլ) գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում են եղել նաև Եվրոպոլի գործադիր տնօրենի գրասենյակի ղեկավար Սեբաստիեն Մորասը և գործադիր տնօրենի գրասենյակի ավագ խորհրդական Իլյա Պուլովը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, ողջունելով հյուրերին՝ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Եվրոպոլի հետ ՀՀ իրավապահ մարմինների համագործակցութունը՝ այդ համատեքստում կարևորելով 2021 թվականի սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպոլի միջև կնքված աշխատանքային պայմանավորվածության համաձայնագիրը՝ ուղղված ԵՄ անդամ երկրների և ՀՀ իրավապահ մարմինների միջև տեղեկատվության փոխանակմանը։
«Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության դերը միջազգային-իրավական համագործակցության ոլորտում, Դատախազության առաջնահերթություններն ու ողջունել համագործակցության ամրապնդման ուղղված համատեղ ջանքերը՝ հույս հայտնելով, որ դրանք կնսպաստեն հանցավորության դեմ արդյունավետ պայքարին հատկապես փողերի լվացման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պատերազմական հանցագործությունների բացահայտման համատեքստում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: