Իմ նախորդ գրառման մեջ ասել էի, որ 2018-ից ի վեր Հայաստանի նման երկրի առաջնորդությունը Փաշինյանի հագով չէր։ Առավել ևս՝ նրա հագով չէ այսօր։ Կրկնեմ՝ Հայաստանի՝ դիվանագիտական և ռազմաքաղաքական նվազագույն հմտություններից զուրկ որևէ ղեկավար չէր կարող հաջողություն ունենալ։ Փաշինյանը չուներ և հիմա էլ չունի այդ հմտությունները։
Այս մասին գրում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
"Ես ուզում եմ բացել և հիմնավորել իմ նախորդ գրառման պնդումը։
Առաջին, Փաշինյանն իրոք չունի դիվանագիտական և ռազմաքաղաքական գիտելիք ու փորձ։ Նրա կրթությունը չի վերաբերել այդ ոլորտներին, նա չի ծառայել բանակում և, բացառությամբ, խորհրդարանական մի քանի այցելությունների արտերկիր, իր ողջ ընդդիմադիր գործունեության ընթացքում հատկանշական որևէ փորձ այդ ասպարեզում ձեռք չի բերել։ Սակայն Փաշինյանի խնդիրն այն է, որ նա լսող չէ, և նրա սահմանափակ գիտելիքների պատճառով նրա շփման մակերեսը իրական գիտության հետ գրեթե զրոյական էր․ նրան թվում էր, թե ինքն ամեն ինչ գիտի։ Բնականաբար, երբ մարդը շատ բան չգիտի, բայց կարծում է, որ ամեն ինչ գիտի, ձախողում է ամեն ինչ։
Երկրորդ, երբ Փաշինյանը եկավ իշխանության, չէր պատկերացնում, թե ինչ պետք էր անել Արցախյան հարցում։ Նրա դիրքորոշումը անորոշ և քաոսային էր։ Դժբախտաբար, նա չուզեց խորհրդակցել նախկիններից որևէ մեկի հետ։ Հայտնվել էր «եթե չգիտես ուր ես գնում, երբեք չես կորչում» խաբուսիկ շրջանի մեջ, ուստի որևէ պահի կարիք չէր զգում ինքն իրեն հարց տալու, թե արդյոք սխալ ճանապարհով չի գնում։
Որոշ ժամանակ անց Փաշինյանի մոտ ձևավորվեց միտքը,- որը կարծես դարձավ նրա ղարաբաղյան քաղաքականության անկյունաքարը,- թե հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Այս մոտեցումը, զուգորդված «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությամբ, պատերազմի բռնկման պատճառ դարձավ՝ Ադրբեջանին առիթ տալով պատճառաբանելու բանակցային ճանապարհով հարցը լուծելու անհնարինությունը։ Ադրբեջանցիների ընկալմամբ՝ դա ցինիզմի և չհիմնավորված իդեալիզմի համադրություն էր։
Երրորդ, Փաշինյանը ռացիոնալ քաղաքական գործիչ չէր և չէր կարող լինել։ Ռացիոնալ որոշում կայացնել կարողանալու համար անհրաժեշտ մի քանի պայման կա. նախ, որ անհատն իր էությամբ և մտածողությամբ չպետք է համակված լինի ատելությամբ, մոլեռանդությամբ, նախապաշարմունքներով և նմնատիպ այլ բարդույթներով։ Փաշինյանի ատելությունը ներսում նախկինների, իսկ դրսում Ռուսաստանի նկատմամբ բավական էր, որ նա կորցներ ռացիոնալությունը։
Ավելին, ռացիոնալ որոշում կայացնողը չպետք է ճանաչողական պատրանքներ (cognitive illusion) ունենա։ Այո՛, ինչպես որ կա օպտիկական պատրանք (optical illusion), այնպես էլ կա ճանաչողականը։ Տասնամյակների իր լրատվական ու խմբագրական գործունեության ընթացքում Փաշինյանն առաջնորդվել է ոչ թե լրագրողի անաչառությամբ, այլ քաղաքական և ընդդիմադիր նկատառումներով՝ հետևողականորեն աղավաղելով և մանիպուլացնելով փաստերն ու իրադարձությունները և դրանով իսկ ճանաչողական պատրանքի ենթարկելով սեփական ընթերցողին։ Փաշինյանը չէր կարող զերծ մնալ անձամբ նման պատրանքի ենթարկվելուց, հատկապես, երբ այդ ամենն արդեն տեղավորել էր պետական նարատիվի մեջ։
Վերջապես, ռացիոնալ որոշում կայացնողը պետք է հմտություն ունենա տարբերակելու իրար լրացնող, բայց իրարից խիստ տարբեր հասկացությունները, որոնց շփոթն անխուսափելիորեն հանգեցնում է ծայրահեղ վնասակար հետևանքների։ Համոզմունք և ապացույց (belief and evidence), հավանականություն և պատահականություն (probability and randomness), հարաբերակցություն և պատճառականություն (correlation and causation)․ սրանք ընդամենը մի քանիսն են այդ հասկացություններից։
Փաշինյանի՝ անցած հինգ տարիների գործունեությունը, հրապարակային հայտարարությունները և հատկապես գրանցած «արդյունքները» վկայում են, որ նա բացարձակապես ի վիճակի չի եղել այս տարբերակումներն անելուց։
Մի խոսքով, նրա մոտ դիվանագիտական ու ռազմաքաղաքական գիտելիքների բացակայությունը, ծրագրի չգոյությունն ու որոշումներ կայացնելիս ոչ ռացիոնալությունն են մեզ հասցրել այսօրվա վիճակին",- գրել է Օսկանյանը։