«Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Ռուսաստանի Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (НИИРК) աջակցությամբ հունիսի 5-ից Գանձակ համայնքում գործում է «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնը, որտեղ իրականացվում են ռուսաց լեզվի անվճար դասընթացներ։
Հունիսի 22-ին «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի աշակերտները պատրաստել էին միջոցառում՝ նվիրված «Հիշատակի օրվան», որը բաց դասի տեսքով էր։ Նշենք, որ 1941 թվականի հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա, սկսվեց Խորհրդային Միության պատմության մեջ ամենածանր պատերազմը։ Հունիսի 22-ը հիշատակի օր է պատերազմի մասնակից բոլոր երկրներում։
Գանձակ համայնքի կենտրոնի միջոցառումը սկսվեց ուսուցչուհու՝ Ժաննա Բազիկյանի խոսքով։ Նա աշակերտներին ծանոթացրեց հերոսների, նրանց սխրագործությունների հետ։ Աշակերտներից ոմանք ներկայացրին ինֆորմատիվ բնույթի նյութեր, Մեծ Հայրենական պատերազմի մասին պատմություններ, ասմունքեցին մի շարք բանաստեղծություններ ու դիտեցին փաստավավերագրական ֆիլմ։
«Պետք է մշտապես հիշել պատմությունը, հերոսներին, նրանց կատարած սխրանքները, ինչպես նաև արժևորել անցած ճանապարհը, պատմությունն ու մեր հերոսներին։ Այս բաց դասը ևս մեկ հնարավորություն ընձեռեց, որպեսզի կենտրոնի սաները կրկին կարդան, սովորեն ու վերհիշեն պատմության կարևոր էջերից։ Երբեք չենք մոռանա մեր հերոսներին, քանզի յուրաքանչյուրիս տանն էլ կա պապիկ, կամ տատիկ, ով կիսվել է այդ տարիների իրադարձությունների մասին իր պատմությամբ», - ասաց ուսուցչուհի Ժաննա Բազիկյանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի բացումը նպատակ ունի երեխաներին ոչ միայն անվճար սովորեցնելու ռուսաց լեզուն, այլև նրանց ծանոթացնել հայ-ռուսական ընդհանուր պատմությանը, մշակույթին, արվեստին, գրականությանը, ժառանգությանը։
Նշենք, որ Կենտրոններց յուրաքանչյուրն ունի իր անվանումը՝«Տիեզերք», «Գրականություն» և «Արվեստ»։
Մասնակիցների ուսումնական ծրագիրը հարուստ է՝ ներառյալ լեզվի ուսուցում, ընթերցանություն, հանդիպումներ փորձագետների հետ, էքսկուրսիաներ, ինչպես նաև ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, քննարկումներ, տարատեսակ միջոցառումներ։ Նախաձեռնությունը կարևոր է փոքր գյուղերի համար։ Ապագայում նախատեսվում է կենտրոնների գործունեության ընդլայնում։