23.11.2024
ՀՀ ղեկավարը ԱԺ-ում հերթական մենախոսությունն է կազմակերպում. Տաթևիկ Հայրապետյան
prev Նախորդ նորություն

Ինչ է ցանկանում հասկացնել Փաշինյանը եվրոպացիներին. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ՝ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց 44-օրյա պատերազմը ընթացքում դադարեցնելու հնարավորությունների մասին։ Անդրադառնալով հոկտեմբերին պատերազմը դադարեցնելու հնարավորությանը՝ Փաշինյանը նշեց. «Խաղաղապահներ պետք է տեղակայվեն ոչ միայն Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքի երկայնքով, այլեւ Մեղրիում՝ ապահովելու Ադրբեջանի արեւմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջեւանի հետ: Ես չհամաձայնեցի նաեւ դրան. չհամաձայնեցի, որ ՀՀ տարածքում ՀՀ վերահսկողության տակ չգտնվող շերտ, այսինքն՝ միջանցք ստեղծվի՝ ասելով, որ ճանապարհին համաձայն եմ, միջանցքին՝ ոչ: Այսինքն՝ իմ դիրքորոշումը ինչպես հիմա, նախկինում էլ եղել է, որ ես կարծում եմ՝ այո՛, ճանապարհները պետք է բացվեն, այո՛, Ադրբեջանի արեւմտյան շրջանները պիտի Նախիջեւանի հետ կապի հնարավորություն ունենան, բայց դա չի կարող լինել միջանցք, եւ դա պետք է լինի ՀՀ ինքնիշխանության եւ իրավազորության ներքո»:


Սակայն այստեղ մեջբերենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային երթեւեկության հսկողությունն իրականացնում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցում»: Այսինքն՝ Փաշինյանի ստորագրած փաստաթղթում հստակ նշված է ապաշրջափակման մասին, որը պետք է հսկվի ռուսական սահմանապահների կողմից, սակայն Փաշինյանը երեկ եւ նախկինում եւս խոսում է դրա անթույլատրելիության մասին։ Պարզապես հիմա Փաշինյանը եվրոպացիների մոտ ցանկանում է ցույց տալ, թե ռուսների վերահսկողությամբ ճանապարհ չի թուլատրելու, մինչդեռ 2020-ին ստորագրել է դրա տակ։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու իր տեղակալները ճանաչման կամ էլ սեփական անձի ֆետիշացման խնդիր ունեն։ Բանն այն է, որ ՆԳՆ ենթակայության ներքո գործող կառույցներում՝ ոստիկանության բաժիններում, փրկարար ծառայություններում եւ այլն, հանձնարարվել է փակցնել ոստիկանապետ Վահե Ղազարյանի եւ նրա տեղակալների նկարները: Ըստ հիերարխիայի` վերեւում Վահե Ղազարյանի մեծ նկարն է, ներքեւում կողք-կողքի շարված են 4 տեղակալների՝ Դավիթ Համբարյանի, Արփինե Սարգսյանի, Արամ Հովհաննիսյանի եւ Կամո Ցուցուլյանի նկարները։ Ոստիկաններից մի քանիսը մեզ հետ զրույցում հաստատեցին լուրը, սակայն տարբեր մեկնաբանություններ տվեցին, օրինակ՝ մեկն ասաց, որ Վլադիմիր Գասպարյանի օրոք էլ իրենց բաժնում ոստիկանապետի նկարը կախված էր, մյուսն ասաց, որ առանձին ոստիկաններ էլ ժամանակին իրենց աշխատասենյակներում փակցնում էին զինանշանը, Սերժ Սարգսյանի ու Վեհափառ հայրապետի նկարները, բայց՝ սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով։ Մեկ ուրիշն էլ ասաց, թե շատ նորմալ է, որ Ղազարյանի ու տեղակալների նկարները բաժիններում փակցված լինեն: Ըստ նրա՝ դա արվում է, որպեսզի ոստիկանները դեմքով ճանաչեն իրենց ղեկավարին ու նրա տեղակալներին, քանի որ «օրը մեկ տեղակալ է փոխվում»։ Մենք գրավոր հարցում էինք ուղարկել ներքին գործերի նախարարություն, որ պաշտոնապես բացատրեն այդ երեւույթը, սակայն «Ինֆորմացիայի ազատության մասին» օրենքը խախտելով` ոստիկանությունն արդեն 8-րդ օրն է՝ մեր հարցմանը չի պատասխանել, հավանաբար, ողջամիտ բացատրություն հորինելը հեշտ չէ»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին չեն կարողանում համոզել, որ գլխավորի Երեւանի ավագանու ընտրացուցակը։ Նախորդ ընտրություններում նա էր գլխավորում «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների «Մենք» դաշինքի ցուցակը: Այժմ 2 ուժն առանձին են մասնակցելու: Ըստ այդմ՝ Արամ Զավենիչի կուսակցության վիճակն այնքան էլ լավ չէ․ եթե ԼՀԿ-ն ունի հայտնի թեկնածու` ի դեմս Դավիթ Խաժակյանի, ապա Զեյնալյանի մերժումից հետո դժվար է ասել, թե ով կգլխավորի այդ ցուցակը։ «Հանրապետության» անդամ, գործող ավագանի Անի Խաչատրյանին հարցրինք` ճի՞շտ է, որ Զեյնալյանը չի համաձայնում, նա հերքեց` ասելով․ մի քանի օրից կհայտարարեն, թե ով է գլխավորելու ցուցակը: Կարո՞ղ ենք արձանագրել, որ այլ թեկնածուի մասին է խոսքը, Խաչատրյանը չպատասխանեց»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Աշնանը սպասվող ավագանու ընտրություններին ընդառաջ՝ հայաստանյան ներքաղաքական դաշտը վերջին շրջանում ակտիվացել է: Տարբեր քաղաքական ուժեր հայտ են ներկայացրել ավագանու ընտրություններին մասնակցելու համար: Այս առումով առավել ակտիվ է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն ընտրություններից դեռ 3 ամիս առաջ ողջ ռեսուրսով լծվել է ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ կուսակցության դիլիջանյան քաղաքական ժողովի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, եղել է նաեւ ավագանու ընտրությունների հարցը: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանից հետաքրքրվեց՝ քննարկումների արդյունքում ինչ որոշում են կայացրել, ինչ ձեւաչափով են մասնակցելու ընտրություններին։ «Կարծում եմ՝ ընտրությունների մասնակցության ձեւաչափի մասին դեռ վաղ է խոսելը: Մենք լրացուցիչ հայտարարություն կանենք այդ մասին, ամեն ինչ՝ իր ժամանակին»,-ասաց նա: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Լուսավոր Հայաստանի»-ի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը չէր բացառել, որ, հնարավոր է, ՔՊ-ի հետ դաշինքով մասնակցեն ավագանու ընտրություններին: Այս թեմայով քննարկումներ եղե՞լ են արդյոք ՔՊ-ում, հավանական համարո՞ւմ է Խաժակյանի կամ այլ թեկնածուի հետ դաշինքով մասնակցությունը: Հարցերին ի պատասխան՝ Ալեքսանյանը չբացառեց՝ ասելով. «Կրկնում եմ՝ չափազանց շուտ է այդ թեմայով մեկնաբանություններ անելու համար»: Այսինքն՝ ՔՊ-ն ժողով է արել ու դեռ չի հստակեցրել՝ միայնակ է մասնակցելու, թե դաշինքով:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, նրա մտերիմ դարձած Արման Հակոբջանյանին այս օրերին հաջողվել է փախչել Արցախից՝ «ճեղքելով» շրջափակումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու համար փորձեց անձամբ կապ հաստատել Արման Հակոբջանյանի հետ։ Սկզբում զանգահարեցինք նրա Արցախի հեռախոսահամարին, որն անհասանելի էր, այնուհետեւ զանգահարեցինք նրա երեւանյան հեռախոսահամարին. Հակոբջանյանը պատասխանեց այդ հեռախոսահամարին: Նա չցանկացավ մեկնաբանություն տալ, բայց ոչ էլ հերքեց մեր տեղեկությունը. «Ես չեմ պատրաստվում մեկնաբանություն տալ: Շատ մարդիկ գտնվել են այս կողմում, բայց ճանապարհը փակվելուց հետո կարողացել են դուրս գալ: Այդ ի՞նչ հարց է, որ տալիս եք: Ես պարտավո՞ր եմ մեկնաբանություն տալ. դա իմ անվտանգության հարցն է »,-ասաց նա: Այսինքն՝ ըստ Հակոբջանյանի՝ Արցախում ապրելն այլեւս անվտանգ չէ: Սա ասում է Արցախում պետական պաշտոն զբաղեցրած անձնավորությունը: Հարցին, թե Արցախից ինչպես է փախչել, դուրս եկել, վերջինս վրդովված արձագանքեց. «Ես չեմ կարող դրական պատասխան տալ. ինձ ով զանգում, հարցնում է, ես ոչ մեկին չեմ պատասխանում՝ ուր եմ։ Ինչու՞ պետք է ասեմ: Ես ո՞վ եմ, գործարար տղա եմ, ի՞նչ հետաքրքրություն կա՝ ինձ հետ կապված»: Հակոբջանյանն այդպես էլ չհասկացավ, որ Արցախի հաշվին հարստացած, Արցախի գրեթե բոլոր մրցույթներում հաղթած ու միլիոններով գումարներ աշխատած մարդը երբ շրջափակված Արցախից դուրս է գալիս, փախչում է, դա շատ վատ ազդակ է շարքային քաղաքացու համար: Այսինքն՝ էլ ոչինչ չկա՞անելու Արցախում: Իսկ թե ինչով է զբաղված Արման Հակոբջանյանը Երեւանում, կներկայացնենք հաջորդիվ:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ուժային կառույցները Հայաստանում աշխատում են գաղտնալսման պայմաններում: «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ գաղտնալսման արդյունքում դատախազներ են ազատվել աշխատանքից, իսկ ոմանց մասով ծառայողական քննություն է սկսվել։ Այսպիսով, մեզ հասած լուրերի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազությունը կասեցրել է Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանի եւ Կոտայքի մարզի դատախազ Ապրես Գրիգորյանի լիազորությունները եւ ծառայողական քննություն է սկսել նրանց նկատմամբ։ Իսկ ինչու՞։ Բանն այն է, որ իրավապահները, գաղտնալսելով Արմավիրի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին եւ Կոտայքի դատախազ Ապրես Գրիգորյանին, պարզել են, թե ինչպես են նրանք նեղսրտած խոսում, քննադատում ու տարբեր կարծիքներ արտահայտում Արմավիրի դատախազ Վահան Սարգսյանի կամ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին։ Այս ներքին քննարկումն էլ ճակատագրական է դարձել երկու դատախազների համար, ու նրանց լիազորությունները գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դադարեցրել է ու սկսել ծառայողական քննություն։


Այսքանով դատախազությունում «վհուկների որսն» ու ներքին «խժռոցը» չի ավարտվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ ԱԱԾ-ն այս գաղտնալսման արդյունքում մտել է Կոտայքի ու Արմավիրի մարզերի դատախազություն, դատախազներին պառկեցրել գետնին ու սկսել գործողություններ: Այստեղ էլ հասունացել է դրամայի երկրորդ մասը. Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանի գործելաոճը դատախազների մոտ սկսել է քննարկվել Սերժ Սարգսյանի գործը քննող դատախազ Արսեն Մարտիրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատախազ Պետրոս Պետրոսյանի հետ ունեցած խոսակցությունների ժամանակ: Նրանք ոչ այդքան հաճելի կարծիքներ են արտահայտել Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանի հասցեին, ինչպես նաեւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին։ Եվ, ահա, այս գաղտնալսումն էլ պատճառ դարձավ, որ օրերս աշխատանքից ազատվեն դատախազներ Արսեն Մարտիրոսյանը,Պետրոս Պետրոսյանը եւ գլխավոր դատավազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը։ Իրավիճակը ցույց է տալիս, որ դատախազները ներքին միջանձնային խոսակցության համար ազատվում են աշխատանքից: Այլ կերպ ասած, Հայաստանը վերածվել է գաղտնալսումների երկրի, որտեղ քաղաքական իշխանությանը ընդդիմացողների խոսքի ազատությունը ոտնահարվում է:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում կյանքը կանգ է առել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արաբկիրի քննչականում ԱԱԾ-ի աղմկահարուց բացահայտումից հետո ողջ անձնակազմին ազատել են աշխատանքից, եւ փոփոխություններ են սկսել, ուստի քրեական վարույթների քննությունները, իրավիճակով պայմանավորված, կանգ են առել։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-Ն բացահայտել էր, որ բաժնի քննիչները թմրանյութի իրացմամբ են զբաղվել, ինչի արդյունքում քննիչներ կալանավորվեցին։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը երեկ մի քանի ժամ ԱԺ-ում մասնակցում էր քննիչ հանձնաժողովի նիստին։ hraparak.am-ում գրել էինք, որ ընդմիջմանը ԱԺ ճաշարանի աշխատողները սկուտեղներով ուտելիք էին տանում նրան` կանապեներ եւ կարմիր խավիար: Իսկ խավիար երբեք չի եղել ԱԺ ճաշարանում` այն դեմոկրատական ճաշացանկ ունի: Հավանաբար, բարձրաշխարհիկ հյուրի համար հատուկ էր բերվել։ Մեր հրապարակումից հետո, որոշ տեղեկություններով, ԱԺ ղեկավարությունը սրի է քաշել ճաշարանի տնօրենին, նա էլ՝ իր աշխատողներին, որ ուտելիքը բաց-բաց են տեղափոխել, եւ լրագրողը ֆիքսել է։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը միայն աղքատի ուտելիքն է սիրում փիառել, օրինակ` «պեռաշկին», իսկ թանկարժեք ուտեստները գաղտնի է վայելում, որ մարդիկ մտածեն, թե իրենց նման աղքատ է եւ միայն փիփերթով ճաշ է ուտում։ Ընդհանրապես, նա ձգտում է ավելորդ անգամ չշփվել ո՛չ հանրության, ո՛չ նախկին գործընկերների հետ: Երեկ չնայած քննիչ հանձնաժողովի նիստը բաց էր եւ ուղիղ հեռարձակում կար, սակայն լրագրողներին թույլ չտվեցին մտնել սենյակ` նրանք նիստին հետեւում էին սանդուղքներին նստած»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ մինչեւ ուշ երեկո ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցները չէին հայտնաբերել Սյունիքի նախկին մարզպետ, տխրահռչակ Լիսկայի՝ Սուրեն Խաչատրյանի ոչ պակաս տխրահռչակ որդուն՝ Տիգրանին։ Նախօրեին նրա մասնակցությամբ Գորիսում միանգամից 3 միջադեպ էր եղել։ Տ․ Խաչատրյանը քաղաքի բանուկ մասում հայհոյել էր ոստիկաններից մեկի կնոջը։ Ավելի ուշ կռվել բանջարեղեն վաճառող տղայի հետ։ Իսկ երեկոյան վիճել ու կրակել վուլկանիզացիայի 46-ամյա աշխատակցի վրա՝ գնդակը դիպել էր աջ ձեռքին։ Տուժածին՝ «Չափաղացի Արմենին», տեղափոխել էին հիվանդանոց։ Ասում էին՝ կրակել է իրեն Տիկո ասելու համար։ Ոստիկանության լրատվականից մեզ ասացին, որ Գորիսում խուլիգանության դեպք է արձանագրվել, կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե, հանցագործին եւ հանցագործության գործիքը «հայտնաբերման փուլում են»։ Մինչդեռ տեղի ոստիկանության մեր աղբյուրներից իմացանք, որ միջադեպից հետո Տիգրան Խաչատրյանն իր մեքենայով գնացել է Գորիսի ոստիկանություն, ամենավերջին հայհոյանքներն է տեղացել՝ սպառնալով, որ եթե գործ հարուցեն, վատ է լինելու, ապա հեռացել է: Ոստիկանները փորձել են հետեւից գնալ, բայց չեն կարողացել բռնել։ Գորիսում ասում են, որ Լիսկայի թիմը հիմա էլ աշխատում է Փաշինյանի համար, արդյունքում Սուրիկ Խաչատրյանի որդին շարունակում է ծեծել, կրակել ու անպատիժ մնալ, ինչպես նախկինում։