22.11.2024
Փաշինյանին ոչ թե հարց տալ է պետք, այլ՝ վռնդել. Շարմազանով
prev Նախորդ նորություն

Արման Թաթոյանը կոմպրոմիսային թեկնածո՞ւ. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. Ամիսներ շարունակ լուրեր են շրջանառվում, որ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հնարավոր է մասնակցի Երեւանի ընտրություններին: Նրա հրաժարականից ի վեր տարբեր քաղաքական ուժեր եւ անձինք նրան համոզում են մտնել քաղաքականություն, սակայն նա մերժում է: Իսկ Երեւանի ընտրություններին մասնակցելու հարցում էլ օրեր առաջ մեր լրագրողին ասել էր, որ առաջարկ ստացել է, սակայն դեռ որոշում չի կայացրել: Վերջին օրերին տարբեր աղբյուրներից ինֆորմացիա ենք ստանում, որ Թաթոյանը որոշում է կայացրել, եւ նախապատրաստական աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Փորձ է արվում Թաթոյանի շուրջ լայն կոնսոլիդացիա ձեւավորել։ Ըստ էության, նա համարվում է այն կոմպրոմիսային թեկնածուն, որի դեպքում կարող է մի քանի ուժ միավորվել եւ միասնական թեկնածու առաջադրել: Իհարկե, իշխանությունը փորձելու է ջլատել դաշտը եւ հնարավորինս շատ թեկնածուներ մտցնել խաղի մեջ, որ այդ ուժերը միմյանցից ձայներ խլեն, եւ ընդդիմության ձայները փոշիանան` նպաստելով ՔՊ-ի հաղթանակին: Բայց ընդդիմության որոշ գործիչներ հասկանում են դա եւ ամեն ինչ անում են իշխանությունների պլանները ձախողելու համար: Այս առումով Թաթոյանը հարմար թեկնածուներից է: Սակայն երեկ Թաթոյանը մեր զանգերին եւ հաղորդագրություններին այդպես էլ չպատասխանեց։


«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկա օրերին կհայտարարվի նոր շարժման ստեղծման մասին: Ամենայն հավանականությամբ, այս շաբաթվա ընթացքում դրա մասին կհայտարարի Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ նա հատկապես վերջին շրջանում ակտիվ հանդիպումների ու քննարկումների մեջ է: «Փաստ» թերթի տեղեկություններով, հնարավոր է, որ Արման Թաթոյանը նաև հայտարարի սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին, ինչը կարող է էլ ավելի սրել առանց այդ էլ սպասելի բավական թեժ ու սուր ընտրապայքարը՝ հաշվի առնելով այս պահին հայտնի, ինչպես նաև սպասվող թեկնածուների մասնակցությունը: Երեկ օրվա ընթացքում փորձեցինք տեղեկությունը ճշտել Արման Թաթոյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2020թ.-ի 44-օրյա պատերազմից 3 տարի անց՝ արդեն այսօր, Նիկոլ Փաշինյանը վերջապես կգնա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող  ԱԺ քննիչ հանձնաժողով՝ պատասխանելու իր թիմակիցների նախապես պատրաստած ու սերտած հարցերին: Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները երեկ հայտարարել են, որ չեն մասնակցելու քննիչ հանձնաժողովի վաղվա նիստին. խորհրդարանական ընդդիմությունը հանձնաժողովի ստեղծման հենց առաջին օրվանից բոյկոտել է դրա աշխատանքները՝ պարզաբանելով, որ քննիչ հանձնաժողովը ընդդիմության գործիքն է, ուստի չպետք է իշխանությունը ղեկավարի այդ հանձնաժողովը, իսկ դրա աշխատանքներին մասնակցելով՝ ընդամենը կլեգիտիմացնեն Նիկոլ Փաշինյանին: Ստացվում է՝ ՔՊ-ականներն իրենք իրենցով այսօր հավաքվելու են, նիստ անեն ու լուռումունջ Նիկոլ Փաշինյանին լսեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում երկար ժամանակ է՝ պատրաստվում են այս իրադարձությանը: ՔՊ-ականները նախապես հարցեր են մտածել, դերերի բաժանումներ են արել, որպեսզի հանկարծ ավելորդ հարցեր չտան Նիկոլ Փաշինյանին, իսկ պատգամավորներին «կուռացիա» անելու պատասխանատու գործն իր վրա վերցրել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը պատգամավորներին նախապես հանձնարարել է՝ ինչ խոսեն, ինչ հարցեր տան Փաշինյանին: Թե որքանով է այս իշխանությունն ի վիճակի անաչառ ուսումնասիրել այն պատերազմի հանգամանքները, որի պարտության հիմնական մեղավորները հենց իրենք են, սա հարցի մի կողմն է, բայց այն, որ Փաշինյանի այսօրվա մասնակցությունը ընդամենը ձեւական բնույթ է կրում եւ նպատակ ունի հերթական անգամ «թոզ փչել» հանրության աչքին, դա ակնհայտ է:


«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, հայ-ադրբեջանական բանակցությունների հաջորդ «ռաունդը» տեղի կունենա հուլիսի 12-ին՝ Լիսաբոնում։ Փաստորեն, իշխանությունները ճիշտ այդքան ժամանակ ունեն հայաստանյան տեղեկատվական-քարոզչական տիրույթում հերթական ալիքի տարածման համար: Խոսքը մի քանի «բլոկի» մասին է՝ հակառուսականության և Արցախի «հանձնման»: «Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանը հանձնառություն է վերցրել հատկապես հակառուսական ալիքի առավել ուժեղացման հետ կապված, որի վերաբերյալ իր թիմին դիլիջանյան ժողովի ժամանակ հանգամանալից հրահանգավորել է։ Թեպետ, ըստ էության, այս գործընթացն իշխանություններն արդեն իսկ սկսել են. ի մասնավորի, «մենք կախված կամ կաշկանդված չենք ինչ-որ մեկից» կարգի հայտարարությունները ամբողջովին տեղավորվում են այս հարթությունում։ Թերթի տեղեկություններով, նախալիսաբոնյան «մեկամսյակի» հիմնական թեզերը ակտիվորեն գեներացվելու են արդեն հայտնի թեզերի շուրջ, մասնավորաբար՝ «ՀՀ իշխանությունները Արցախի հետ կապ չունեն», «մենք Արցախից մանդատ չեն ստացել, որպեսզի բանակցենք», «պետք է հարթակ ստեղծենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար», և ամենակարևորը՝ «ռուսական խաղաղապահներին այլընտրանք՝ երրորդ միջնորդ երկրների միջոցով»։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, հենց այդ ժամանակահատվածում է դիտարկվում նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, որի մասին այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում, ամենայն հավանականությամբ, կխոսի կամ առնվազն կակնարկի Փաշինյանը։ Հանձնաժողվի նիստին, ի դեպ, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ» ունեմ» խմբակցությունների պատգամավորները, ինչպես երեկ հայտարարվեց, չեն մասնակցի՝ դա գնահատելով շոու:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ականների համար ամառը թեժ է լինելու, նրանք կես ամիս ունեն հանգստանալու համար, իսկ հուլիսից մինչեւ սեպտեմբեր պարտավոր են լծվել Երեւանի ավագանու ընտրություններին՝ ով ինչով կարող է։ Սրանով է պայմանավորված, թերեւս, որ ԱԺ նստաշրջաններին հաջորդող ավանդական արտահերթ նիստերը որոշել են անցկացնել ոչ թե այս կամ հաջորդ շաբաթվա ընթացքում, այլ տեղափոխել են հուլիս: Հիշեցնենք, որ անցած շաբաթ խորհրդարանն ավարտեց հերթական նստաշրջանը։  Նախատեսվում է հուլիսին 3-4 արտահերթ նիստ անցկացնել, թիմի աշխատանքային ռիթմը վերականգնելու եւ «մարտունակությունը» վերականգնելու համար` մինչեւ օգոստոս, իսկ օգոստոսից արդեն կսկսվի Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, որին առաջնորդը հրահանգել է բոլորին` անխտիր մասնակցել եւ ամեն ինչ անել հաղթելու համար։ Որպես կանոն, նստաշրջանի ավարտից հետո օրենսդիրներն արտահերթով սղղացնում են «տունը մնացած» կամ խնդրահարույց նախագծերը: Այս տարին եւս բացառություն չէ՝ այն տարբերությամբ, որ դրանց ընդունումը ոչ թե հունիսին, այլ հուլիսին կկայանա։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեր աղբյուները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է զբաղվել Գյումրիով եւ ամբողջական իշխանություն վերցնել այնտեղ։ Հիշեցնենք, որ այս պահին գործում է կոալիցիա ՔՊ-ի եւ «Բալասանյան» դաշինքի միջեւ, ու իշխանությունը փաստացի «Քաղաքացիական պայմանագրի» ձեռքում չէ։ Մեզ փոխանցեցին, որ Գյումրիում ՔՊ-ի մարդը լինելու է Աննա Հակոբյանի ազգական, փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, եւ կամաց-կամաց ամբողջ քաղաքային իշխանությունը փոխանցվելու է նրան. արտահերթ կամ հերթական ընտրություններով նա է դառնալու քաղաքապետ։ Մկրտչյանի հանդեպ տածած հատուկ վերաբերմունքի դրսեւորումներից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է մասնակցում այս երիտասարդի ընտանեկան միջոցառմանը, եւ այն լուսաբանվում է սոցցանցերում։ Ավելին՝ 28-ամյա երիտասարդի՝ քաղաքապետ դառնալու հարցը հեշտացնելու նպատակով կառավարությունը խոշոր ներդրումային ծրագիր է իրականացնելու, այդ նպատակով 12.06.2023թ.-ին վարչապետի N 635 Ա որոշմամբ ստեղծվել է Գյումրի համայնքի զարգացման ռազմավարության մշակման խումբ, որի անդամներրի թվում ընդգրկված է նաեւ Վահագն Մկրտչյանը: Փաշինյանի շրջապատից շատերը վստահ են, որ 2018թ.-ի հեղափոխությունից հետո Նիկոլի համար Գյումրին միստիկ ընկալումներ եւս ունի, իսկ հանարապետության երկրորդ քաղաքում բացարձակ իշխանություն հաստատելը նաեւ ներքաղաքական կարեւորագույն հարց է։ Մեզ փոխանցեցին, որ ստեղծված իրավիճակը խիստ անհանգստացնում ու դուր չի գալիս գործող դերակատարներին, որոնք դեռեւս չեն համարձակվում բացահայտ դժգոհություն արտահայտել, միաժամանակ երեւի հույս ունեն, որ գոնե մի բան էլ իրենք կստանան իշխանություններից։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարներում նկատեց, որ կուսակցական-քաղաքական ժողովին ներկա են եղել ոչ միայն պատգամավորները, ՔՊ-ական մարզպետները, այլ նաեւ գործադիրը՝ իր ողջ կազմով: Բացի ՔՊ անդամ նախարարներ Սուրեն Պապիկյանից, Արարատ Միրզոյանից, Վահե Հովհաննիսյանից, Գնել Սանոսյանից, Հակոբ Սիմիդյանից եւ Արմեն Փամբուխչյանից, ՔՊ քաղաքական ժողովին մասնակցում էին նաեւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որոնք ՔՊ անդամ չեն: Ենթադրվում է, որ կուսակցական հարցերը պետք է որ նրանց չառնչվեին, բայց, արի ու տես, ոչ կուսակցական նախարարները եւս ակտիվորեն նեգրավված են ներկուսակցական աշխատանքներում:


Օրաթերթը գրել էր, որ քաղաքական ժողովի օրակարգում հիմնականում ներկուսակցական հարցեր են եղել եւ ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցության հարցեր: Հավանաբար, ՔՊ-ում այնքան մարտական են տրամադրված, որ որոշել են ռեսուրս չխնայել ու իրենց թեկնածուի քարոզարշավի աշխատանքներում ներգրավել, օրինակ, ոչ ՔՊ անդամ Անահիտ Ավանեսյանին կամ Վահան Քերոբյանին: «Ժողովուրդ» օրաթերթի աչքից չվրիպեց նաեւ, որ ՔՊ քաղաքական ժողովին մասնակցում են նաեւ փոխվարչապետներ Տիգրան Խաչատրյանը եւ Մհեր Գրիգորյանը: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ վարչության փոխնախագահ Գեւորգ Պապոյանից հետաքրքրվեց՝ ինչու են անկուսակցական փոխվարչապետները մասնակցել կուսակցության քաղաքական ժողովին, ինչ առնչություն ունեն նրանք ներկուսակցական հարցերի հետ։ «Մեր կանոնադրության համաձայն՝ քաղաքական ժողովին մասնակցում են կոնկրետ մարդիկ. կան պաշտոններ, որոնց համապատասխանող անձինք մասնակցում են ժողովին, եւ կան հրավիրյալներ, որոնց որոշում է կուսակցության վարչությունը: Այս պարագայում պարոն Գրիգորյանը եւ պարոն Խաչատրյանը քաղաքական ժողովին մասնակցել են որպես հրավիրյալներ: Կարծում եմ՝ հարց չպետք է առաջանա, քանի որ նրանք երկուսն էլ քաղաքական պաշտոններ են զբաղեցնում ու կարող էին հրավիրվել: Քաղաքական ժողովին բոլոր հրավիրվածները քաղաքական պաշտոն են զբաղեցնում»,-ասաց Պապոյանը:


«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես պարզվեց, Նիկոլ Փաշինյանին Հայաստանից ու Արցախից բացի դուր չեն գալիս նաև ՀՀ զինանշանը և օրհներգը: Դրոշի մասին դեռ բան չի ասել: Նրան հատկապես դուր չեն գալիս Նոյի տապանը՝ Արարատի գագաթին, զինանշանի առյուծը, Հայոց արքայատոհմերի զինանշանները: Դե, զինանշանի առյուծը, կարծում ենք, մի կերպ կդիմանա Նիկոլ Փաշինյանին դուր չգալուն, չնայած, վերջինիս խորհուրդ չէինք տա մոտիկից դա ստուգել: Բայց, այ, որ նրան դուր չի գալիս Հայոց պատմությունն ընդհանրապես... կարծես օրինաչափություն է դառնում: Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը չթաքցրեց, որ ցանկանում է վերացնել ՀՀ գործող զինանշանը, առնվազն այնտեղից հեռացնել առյուծին, ջնջել Արարատը, արքայատոհմերի զինանշանները: Երևի նրա համար հաճելի կլիներ, եթե զինանշանին առյուծի փոխարեն պատկերված լիներ անտեր ու թափառական Չալոն, իսկ Արարատի փոխարեն էլ՝ Հանրային ռադիոյի ջարդված դռան պատկերը: Հնարավոր է:


Դա իր աշխարհընկալման, «երկրի թարս կողմից» լինելու խնդիրն է: Առհասարակ, պարտադիր չէ, որ ցանկացած պետության զինանշանը, օրհներգը (հիմնը), տո՝ անգամ դրոշը դուր գան այդ երկրի անխտիր բոլոր քաղաքացիներին: Իհարկե, տարբեր քաղաքացիներ կարող են մտածել և նույնիսկ առաջարկություններ անել նույն այդ զինանշանը, դրոշը, օրհներգը փոխելու կամ ինչ-ինչ փոփոխություններ անելու վերաբերյալ: Սակայն ցանկացած պետության յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է պատշաճ հարգանքով արտահայտվել ու վերաբերվել իր երկրի պետական խորհրդանիշներին: Իսկ ժամանակին ոչ հարմար դիրքով գտնվող դրոշի համար մեծ շոուով մաքսային աշխատակցին աշխատանքից ազատած Նիկոլ Փաշինյանը, այն էլ՝ ԱԺ ամբիոնից, բացահայտ, անգամ ցուցադրական անհարգալից վերաբերմունք դրսևորեց Հայաստանի զինանշանի նկատմամբ: Նրա արտահայտությունները ծաղրական էին, սարկաստիկ և նպատակ էին հետապնդում վիրավորել հայ մարդկանց ազգային արժանապատվությունը, ինչպես նաև անարգել ՀՀ զինանշանը: Գրեթե բոլոր պետությունները նման դեպքերի համար սահմանում են որոշակի պատասխանատվություն: Բացառություն չէ նաև Հայաստանը: Երկրի պետական խորհրդանիշները ծաղրի ու սարկազմի առարկա չեն, ով ուզում ես՝ եղիր: Չնայած, այսքանը մարսելուց հետո պետական խորհրդանշանները ծաղրելն ինչ է, որ իր (իրենց) համար...


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող Արթուր Հակոբյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործը կարճվեց։ Այսինքն՝ իշխանական պատգամավորի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանական արարքը չքննվեց, եւ պատգամավոր Աղազարյանը չպատժվեց իր խուլիգանական վարքի համար։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով. «Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ քրեական վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Որոշման օրինականությունը ստուգվել է դատախազության կողմից»։ «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս ամիսներ առաջ գրել էր, որ այս գործը կկարճվի, քանի որ այդպես է ցույց տալիս ընթացքը ու նաեւ քաղաքական հրահանգը: Բանն այն է, որ կարտոֆիլ վաճառող Արթուր Հակոբյանը միջադեպից հետո որպես կասկածյալ ձերբակալվել էր ու կարճ ժամանակ անց ազատ արձակվել: Իրավապահները լսել էին նաեւ պատգամավոր Աղազարյանին, ու մինչ օրս գործով այլ քննչական գործողություններ չեն կատարվել, քրեական գործով չկա մեղադրյալ, Արթուր Հակոբյանի նկատմամբ էլ քրեական հետապնդում չի իրականացվել: Դատելով իրավիճակից՝ իրավապահները հասարակական բուռն արձագանքից հասկացան, որ ՔՊ-ական պատգամավոր Աղազարյանը, մեղմ ասած, սարքել էր վաճառական քաղաքացու գլխին, եւ այլընտրանք չունեն, քան քրեական գործը կարճելը: Վերջնարդյունքում քաղաքացու գլխին սարքած, խուլիգանական վարք դրսեւորած պատգամավորը մնաց անպատիժ. ընտրովի արդարադատության հերթական դրսեւորումը։ Հիշեցնենք, որ պատգամավորը մարտի 3-ին աշխատանքի գնալու ճանապարհին՝ Տիգրանյան հասցեում, կարտոֆիլի վաճառքով զբաղվող Հակոբյանի հետ վեճ էր ունեցել, ոտքով հարվածել առեւտրականի կարտոֆիլի պարկերին ու երկու պարկ թափել փողոցում: Միջադեպի պատճառը «կարտոֆիլների փողոց» անունով հայտնի փողոցում կարտոֆիլ վաճառելն է եղել, որը դուր չէր եկել Աղազարյանին:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու` Իգոր Խաչատուրովի արդարացման որոշումը։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին դատախազությունից: Ինչպես հայտնի է, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված էր, քանի որ մայիսի 10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հրապարակել էր որոշում, որով նա արդարացվել էր։ Հավելենք, որ 2022թ.-ի մայիսի 17-ին՝ Երեւանի Կիեւյան փողոցում ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի ժամանակ, Իգոր Խաչատուրովը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։ Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ( իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Խաչատուրովը ակցիայի մեկ այլ մասնակցի հետ խոչընդոտել է փողոցն ազատելու եւ անձանց բերման ենթարկելու՝ ոստիկանության տեսուչի գործողությունները, նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրել` բռունցքով մի քանի անգամ հարվածելով նշված աշխատակցի կրծքավանդակի եւ որովայնի հատվածներին։ Հուլիսի 11-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր փոխել Խաչատուրովի խափանման միջոց կալանավորումը, եւ նա ազատ էր արձակվել՝ 1 մլն դրամ գրավի դիմաց։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորումից հետո շատերն իրենց զորակցությունը հայտնեցին նրան` գրառումներ անելով, հարցազրույց տալով, դատարանի եւ Քննչական կոմիտեի մոտ ակցիաներին մասնակցելով։ Համընդհանուր վրդովմունք կար, քանի որ իրավական հիմնավորումները բացակայում են ե՛ւ բուն քրեական գործում, ե՛ւ հատկապես կալանքի հարցում: Մեծ թվով քաղգործիչներ, մտավորականներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ այս օրերին քննարկում են Արմեն Աշոտյանի պաշտպանության կոմիտե կամ հանձնաժողով ձեւավորելու հարցը, որում կներառվեն այս գործով հետաքրքրված մարդիկ։ Ինչպես նաեւ ստորագրահավաք են սկսել` Աշոտյանին ազատ արձակելու պահանջով: ՀՀԿ մեր աղբյուրները վստահեցրին, որ իրենք կապ չունեն այդ գործընթացների հետ։ Ըստ ամենայնի՝ որոշել են ոչ թե ՀՀԿ-ականներով պաշտպանել նրան, այլ անկախ, անկուսակցական անձանց միջոցով, որպեսզի ավելի ակնհայտ դառնա քաղաքական հետապնդման առկայությունը։ Հիշեցնենք․ Աշոտյանը հունիսի 16-ին կալանավորվեց երկու ամսով։ Ըստ Քննչականի՝ նա խախտել է խափանման միջոցի պայմանները․ իր ծանոթների միջոցով մեղադրյալներին եւ վկաներին կոնկրետ փաստաբաններ է առաջարկել: Կրթության նախկին նախարարը 2012-2018 թվականներին Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եղել։ Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ փողերի լվացման հոդվածներով, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանից երեկ տեղեկացանք, որ կալանքի որոշումը դեռեւս չի ստացել, որպեսզի կարողանա բողոքարկել։ Փաստաբանն ասաց, որ նրան պահում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կարանտինային հատվածում, նա խցում միայնակ է, բայց կարանտինը լրանալուն պես կտեղափոխեն հիմնական խուց»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Financial times-ը մի ուշագրավ աղյուսակ է հրապարակել, թե նախկին խորհրդային երկրներում որքան են կազմում հակառուսական տրամադրությունները: Ավելի ստույգ՝ թե 2021 թվականի համեմատ դրանք ինչ աճ են գրանցել: Ուշագրավ է, որ ամենամեծ աճը գրանցվել է Լիտվայում, Էստոնիայում, Ղազախստանում եւ, բնականաբար` Ուկրաինայում, սակայն փոքր չէ նաեւ Հայաստանում: Իհարկե, սա ոչ այնքան պատերազմի, որքան ապաշնորհ ռուսական քաղաքականության արդյունքն է, որը շատ վատ է աշխատում այս բոլոր երկրներում: Սակայն առավել ուշագրավ է այն, որ բրիտանական պարբերականն այս ցանկում չի ներառել Ադրբեջանը: Եվս մի ապացույց` Ադրբեջանի հանդեպ կողմնակալ վերաբերմունքի»: