24.11.2024
ԿԲ-ն կանխատեսում է 6․9% տնտեսական աճ Հայաստանում
prev Նախորդ նորություն

Ստրասբուրգում քննարկվել են ՀՀ-ում ընթացող դատաիրավական բարեփոխումները

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Ստրասբուրգ կատարած այցի շրջանակում հանդիպել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով)» նախագահ Կլեր Բազի Մալորիի և Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Սիմոնա Գրանատա-Մենգինիի հետ:


Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարար Մինասյանը կարևորվել է Վենետիկի հանձնաժողովի աշխատանքը և նրա ներդրումը Հայաստանում ընթացող դատաիրավական և սահմանադրական բարեփոխումներին: Նախարարը հատուկ անդրադարձ է կատարել Հանձնաժողովի գործուն աջակցությամբ վերջին տարիներին Հայաստանի համար անկյունաքարային հանդիսացող իրավակիրառ հարցերի լուծումներին՝ կապված Սահմանադրական դատարանի նոր մոդելի իրագործման, դատավորների անհամատեղելիության մեխանիզմների և կարգապահական վարույթների, ինչպես նաև և այդ վարույթների արդյունքում ընդունված որոշումների բողոքարկման մեխանիզմների կարգավորման հետ:


Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են նաև ներկայումս ընթացող լայնածավալ դատական և իրավական բարեփոխումների օրակարգի շրջանակներում Հանձնաժողովի հետ համագործակցության և դրա շրջանակների ընդլայնման հնարավորությունները:


Նշվում է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բազի Մալորին բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցության մակարդակը և շնորհակալություն հայտնել Հանձնաժողովի կողմից ներկայացվող կարծիքների նկատմամբ ցուցաբերված հետևողականության համար:


Ամփոփելով՝ կողմերը երկուստեք վստահություն են հայտնել, որ Հանձնաժողովի հետ համագործակցությունը շարունակելու է իր նշանակալի ներդրումը գրանցել Հայաստանում դատական իշխանության անկախության ամրապնդման և իրավական ինստիտուտների զարգացման գործում։