3.10.2024
Նիկոլի ելույթը Ռեյկյավիկում դավաճանական էր՝ Արցախի մասով, և հիմար. Աշոտյան
prev Նախորդ նորություն

Արցախում ներքաղաքական զարգացումներն ակտիվ փուլ են մտել. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ճգնաժամի խորացմանը, Արցախում ներքաղաքական զարգացումներն ակտիվ փուլ են մտել։ Այսօր՝ մայիսի 18-ին, ասուլիսով հանդես է գալու Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ հայտարարելով նոր ճակատի մասին։ Օրերս գրել էինք, որ Վարդանյանի նախաձեռնությամբ եւ ԱԺ 4 ուժերի մասնակցությամբ «Արցախի փրկության ծրագիր» է մշակվել, որը 1 ամիս առաջ ներկայացվել է Անվտանգության խորհրդին եւ նախագահին, իսկ մայիսի 9-ի հանրահավաքում Վարդանյանը Հարությունյանին վերջնագիր ներկայացրեց՝ կա՛մ իրագործեք ծրագիրը, կա՛մ մենք կիրականացնենք։ Ասուլիսին եւս 4 հոգի են մասնակցելու՝ նախաձեռնության ակտիվիստները, սակայն ԱԺ ուժերի ներկայացուցիչները չեն լինի, նախ՝ քանի որ այսօր սկսվում են ԱԺ նիստերը, ապա՝ որպեսզի այն չդիտարկվի որպես քաղաքական նոր կոալիցիայի մեկնարկ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախում ներքաղաքական կյանքը Սամվել Բաբայանի հանրահավաքից հետո փոթորկվել է: Արցախում վստահ են, որ Սամվել Բաբայանի շուրջ ստեղծված այս բեմադրությունն ավելի շատ Փաշինյանի նախաձեռնությունն է, որը Բաբայանն իրականացնում է ՔՊ-ական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի եւ Գագիկ Մելքոնյանի միջնորդությամբ: Այլ կերպ ասած, Անդրանիկ Քոչարյանն ու Գագիկ Մելքոնյանը Բաբայանի երեւանյան կուրատորներն են, եւ հենց նրանց դրդմամբ է Բաբայանը խժդժություններ անում Արցախում: Նկատենք, որ հանրահավաքը Արցախում կայացավ բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո, որտեղ Փաշինյանը ճանաչեց խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը թողնելով Ադրբեջանի կազմում, սակայն Սամվել Բաբայանն այդ մասին ոչինչ չասաց: Նա միայն հայտնեց, թե դա Հայաստանի իրավունքն է, մենք պիտի մեր անելիքներն իմանանք, սակայն իրականում հանրահավաքով գոլորշի բաց թողեց, որ դժգոհությունը պարպվի եւ շեղվի Փաշինյանի վրայից։ Հիմա Արցախում բոլորը շունչները պահած սպասում են նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմանը՝ կնշանակի արդյոք Բաբայանին պետնախարարի պաշտոնում, թե ոչ: Արցախի մեր աղբյուրները չեն բացառում, որ Փաշինյանի ճնշման ներքո Հարությունյանը կգնա այդ քայլին, որքան էլ որ իր սրտով չլինի, բայց եւ անհավանական են համարում Բաբայանին այս փուլում այդ բարձր պաշտոնը վստահելը:


«Հրապարակ» թերթը գրում է. Արցախի նախագահը որոշել է համաներում հայտարարել` նախագիծն արդեն խորհրդարան է ուղարկվել։ «Համաներման մասին» օրենքի նախագծով առաջարկվում է մինչեւ 2023 թ. ապրիլի 1-ը հանցագործություն կատարելու մեջ կասկածվող կամ կատարած որոշ կատեգորիայի անձանց նկատմամբ հայտարարել համաներում: Որի անհրաժեշտությունը միտված է «հետպատերազմյան ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող շարունակական ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, այդ թվում` Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհի արգելափակման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հետեւանքները որոշ չափով մեղմացնելուն»: Համաներումը նվիրվում է արցախյան շարժման 35-ամյակին եւ տարածվելու է ավելի քան 100 մարդու վրա։ Ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանն առաջարկել է նախագծից հանել պետական պաշտոնյաներին առնչվող  հանցագործությունները, որոնք պետությանը պատճառել են առավել խոշոր չափի՝ առնվազն 3 մլն դրամի վնաս։ Չնայած նախագիծը սահմանում է պետությանը պատճառված վնասի փոխհատուցում, ապա նոր՝ ներում: Գալստյանն ասում է, որ դա նախադեպ կդառնա` պաշտոնյաները կարող են անխնա յուրացնել պետական միջոցները՝ հաշվարկով, որ եթե անգամ բռնվեն, համաներման տակ կընկնեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում կրկին առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը: Նա 2017-2019թթ․ զբաղեցրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնը։ 2019թ․-ից Փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան։ ԱԺ-ում նրան կներկայացնի պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Հիշեցնենք, որ Անահիտ Սարգսյանի թեկնածությունը նույն պաշտոնում առաջադրել էին 1 տարի առաջ եւս՝ հունիսին, բայց քանի որ խորհրդարանական ընդդիմությունն այդ շրջանում բոյկոտել էր ԱԺ նիստերը, փողոցում էին պայքարում, խորհրդարանում թեկնածուին ներկայացնող չեղավ, եւ կանոնակարգ օրենքով հարցի քննարկումը հետաձգվեց»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին ժամը 12- ին «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպությունը սահմանամերձ Կոռնիձոր համայնքում նախատեսում է անցկացնել հավաք՝ «Արցախը մերն է, Արցախը Հայաստան է, Հայաստանն՝ Արցախ» նշանաբանով։ ՀԿ-ն կոչ է անում Արցախի և Հայաստանի առջև ծառացած գոյաբանական խնդիրներով մտահոգ բոլոր քաղաքացիներին՝ «ոտքի և տեր կանգնել վտանգված Արցախին, մեր իրավունքներին, ուղղելու մեր մեջքը, քանի դեռ չենք կորցրել մեր արժանապատվությունը, որպեսզի ցույց տանք ողջ աշխարհին, որ հայ ժողովուրդը համաձայն չէ այն ամենի հետ, որ ցանկանում են իրեն պարտադրել»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս նախաձեռնությունը կարող է դառնալ մեծ շարժման նոր սկիզբ: Ի մասնավորի, մեր աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին քաղաքական մի շարք ուժերի միջև ակտիվ կոնսուլտացիաներ են ընթանում՝ հակաիշխանական հուժկու հանրահավաքներ անցկացնելու հարցով։ Հիմնական պահանջներն են լինելու՝ Արցախը Ադրբեջանին հանձնելու բրյուսելյան գործընթացի կասեցում և Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարական։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի տեղադրման շուրջ բորբոքված կրքերը չեն դադարում։ Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, թե այնքան էլ ճիշտ չի համարում այդպիսի հուշարձանի տեղադրումը, եւ որ այդ որոշման մասին տեղյակ էլ չի եղել։ Իսկ, ահա, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն էլ հայտարարել է, թե որոշում կայացնողներն այլեւս իրենց քաղաքական թիմի անդամ չեն։ «Իրականում այն մարդիկ, ովքեր այդ որոշումները կայացրել կամ իրականացրել են կամ համաձայնությունները տվել են եւ՛ ԱԳՆ-ում, եւ՛ Երեւանի քաղաքապետարանում, իմ տեղեկություններով, նրանք այլեւս մեր քաղաքական թիմի անդամ չեն։ Միգուցե նրանցից շատերը երբեք չեն էլ եղել մեր քաղաքական թիմի անդամ»,- Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդմանն ասել է Պապոյանը։ Նկատեցի՞ք՝ նույն հարցի շուրջ իշխանության երկու ներկայացուցիչներ տարբեր բաներ են խոսում: Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործող իշխանության անդամ է: 2023 թ. ապրիլի 4-ին նա նշանակվել է վարչապետի խորհրդական, եւ նրա օրոք են ձեռք բերվել բոլոր պայմանավորվածությունները: Այնպես որ, մանիպուլյացիան չի անցնի: Ավելին՝ Հայկ Մարությանին ՔՊ-ն գահընկեց արեց, քանի որ ինքնագլուխ որոշումներ էր կայացնում: Նրա գնալուց հետո ամեն մանրուք զեկուցվում է Նիկոլ Փաշինյանին: Որքան էլ Հրաչյա Սարգսյանը փորձի հակառակն ապացուցել, հավատարժան չեն նրա խոսքերը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գործուղումներ մեկնելու հարցում բավականին ակտիվ է։ Նա այս տարի՝ մինչեւ մայիսի 15-ը, չորս գործուղման է մեկնել։ Նախարարի առաջին գործուղումը եղել է հունվարի 19-21-ը, երբ Ավանեսյանն Իրան էր մեկնել։ Այնտեղ նա մասնակցել է «Ազդեցիկ կանանց առաջին միջազգային համագումար»-ին։ Գործուղումից հետո ներկայացված հաշվետվությունից ArmLur.am-ը տեղեկանում է, որ այնտեղ Ավանեսյանը հանդիպումներ է ունեցել, նաեւ աշխատանքային խումբ ստեղծելու որոշում կայացրել։ Մարտի 17-19-ը նա մեկնել է Կատար, այնտեղ մասնակցել համաժողովի, եւ որոշում է կայացվել շարունակել համագործակցությունը։ Ավանեսյանը մարտին երեք անգամ է գործուղման մեկնել եւ Կատարից վերադառնալուց երեք օր անց մեկնել է Սանկտ Պետերբուրգ, այնտեղ կրկին համաժողովի մասնակցել։ Հաշվետվությունից տեղեկանում ենք, որ որեւէ փաստաթուղթ, հուշագիր չի ստորագրվել, միայն եղել են հանդիպումներ եւ ելույթներ։ Մարտին եւս մեկ անգամ է գործուղում եղել, այս անգամ էլ՝ մարտի 29-ից 31-ը՝ Շվեյցարիա։ Այսինքն՝ մարտ ամիսը նրա համար բավականին ակտիվ է եղել։ Այստեղ եւս փաստաթուղթ չի ստորագրվել, սակայն աշխատանքային խմբի մեկնարկ է տրվել հետագա աշխատանքների համար։ Առկա տվյալների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանի վերջին գործուղումը մինչ այս պահը եղել է Հնդկաստան ապրիլի 25-ից 29-ը, որի ժամանակ նախարարը մասնակցել է գագաթնաժողովի։ Իսկ ու՞մ հաշվին են եղել գործուղումները՝ կհարցնեք դուք. մեծ մասը եղել է պետական բյուջեի հաշվին, որոշ մասը՝ հրավիրող կողմի, սակայն ամենաթափանցիկ կառավարությունը թաքցնում է անդամների գործուղման ծախսերը:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հաշված օրեր են մնացել՝ վճռելու, թե ինչպես վարվել Միջազգային քրեական դատարանին անդամակցության, այսինքն` Հռոմի ստատուտի հետ։ Համենայնդեպս, երեկվա դրությամբ համաձայնագիրն ԱԺ չէր ուղարկվել, ինչի մասին պաշտոնապես հայտնեցին խորհրդարանից, թեպետ եկող շաբաթ կմեկնարկեն ԱԺ հերթական նիստերը։ Ինչպես հայտնի է, մարտի 23-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, եւ ՀՀ կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը՝ եռամսյա ժամկետում: Այսինքն՝ մայիսի 23-ը վերջնաժամկետն է, եւ համաձայնագիրը պետք է ընդունվի կամ մերժվի ՀՀ ԱԺ-ի կողմից։ Ստատուտի վավերացմամբ Հայաստանը ոչ միայն կկարողանա դիմել Միջազգային քրեական դատարան, եւ Ադրբեջանի ագրեսիայի հարցերը կարող են քննվել այդ դատարանում, այլեւ պարտավոր է կատարել այդ դատարանի որոշումները, իսկ տարեսկզբին միջազգային դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշում է կայացրել։ ՍԴ որոշումից հետո ՌԴ պաշտոնական շրջանակներից կոշտ արձագանքներ հնչեցին։ Նպատակահարմա՞ր է արդյոք այժմ այդ համաձայնագրի վավերացումը՝ երեկ հարցրինք ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին։ «Ճիշտն ասած՝ դժվարանում եմ պատասխանել, որովհետեւ քաղաքական դաշտն այսօր այնքան հրահեղուկ է, որ պատկերացնելու չէ, որովհետեւ մենք չգիտենք՝ մի քանի օր հետո իրավիճակը ոնց կփոխվի, հիմա աշխարհաքաղաքական այնպիսի մեծ տեղաշարժեր են լինում, որ դրանց հետեւից հասնելն ուղղակի անհնար է, ուր մնաց՝ դրանցից առաջ անցնես»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հայաստան ներմուծված 1տոննա կոկաինի դեպքով ԱԱԾ-ն դուրս է եկել մեծ շղթայի հետքի վրա, որում ներգրավված են ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում ապրող քաղաքացիներ։ Իրավապահ համակարգում կասկածներ կան, որ Հայաստան ներմուծելու գործընթացը հովանավորվել է խոշոր «տանիքների» կամ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ուստի կալանավորումների շարք է սպասվում այդ գործի շրջանակներում: Իսկ թե ովքեր են ներգրավված գործում, կներկայացնենք մանրամասներ առաջիկայում։ Հիշեցնենք՝ երեկ ԱԱԾ-ն հայտնեց, որ 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված եւ իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողություններով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող եւ մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության եւ Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել Կոկաին տեսակի՝ շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց /շուրջ 250 միլիոն եվրո արժողության/, որը հայտնաբերվել եւ գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Քրեական վարույթով նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, կատարվել են հարցաքննություններ, տեղեկատվության պահանջ է ուղարկվել իրավասու մարմիններ, հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն: Նախաքննությունը շարունակվում է:


«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ մասնագետների համոզմամբ, օրվա իշխանությունների ակնհայտ ուղղորդմամբ քրեական վարույթների քանակով, որոնք ունեն բացահայտ քաղաքական ենթատեքստ՝ առանց իրավական հենքի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը անընդհատ նորանոր ռեկորդներ է խփում։ Մեր ունեցած տեղեկություններով, այս տեսակետից դատական համակարգում բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում։ Ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, քաղաքական ենթատեքստ ունեցող այն քրեական վարույթները, որոնք արդեն ուղարկվել են դատարան, լուրջ գլխացավանք են դարձել դատավորների համար։ Համակարգում խոսում են, որ մի շարք դատավոր ներ, հասկանալով երկրում ստեղծված բավական ռիսկային փուլը և իշխանությունների հանդեպ գոյություն ունեցող տոտալ անվստահությունը, փորձում են իրենց «ճիշտ պահել»։ Մասնավորաբար, վերջին մի քանի ամիսներին ակնհայտ քաղաքական բովանդակություն ունեցող մի շարք գործեր դատարանների կողմից անժամկետ հետաձգվել են։ Այստեղ հատկանշական է այն, որ հետաձգումն իրականացվում է հենց դատավորի նախաձեռնությամբ, այլ ոչ թե պաշտպանական կողմի։ Թերթի հետ զրույցում դատական համակարգին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է նաև, որ այդ դատավորները, նման գործիքակազմ կիրառելով, փորձում են ստեղծված իրավիճակում «ինքնամաքրվել» և քաղաքական նկատառումներով «իջեցված» հրահանգները չկատարել, մինչև «ջրերը զուլալվեն»։


 


 


 

Թուրքիայի նախագահի թեկնածու Սինան Օղանը հայտնի հակահայ է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում