Հայաստանը միայն կշահեր ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայումից. Լավրով
ՀԱՊԿ-ը պատրաստ էր օգնել Հայաստանին, սակայն մեր հայ գործընկերները խնդրեցին հետաձգել դիտորդական առաքելության տեղակայման մասին փաստաթղթի ընդունումը։ Այս մասին Ցարգրադին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ն ապացուցեց իր կենսունակությունը, երբ Ղազախստանն օգնություն խնդրեց 2022 թվականի հունվարին։
«Մենք պատրաստ էինք նույն կերպ օգնել ՀԱՊԿ անդամ Հայաստանն է։ 2022 թվականի աշնանը Կազմակերպության երևանյան գագաթնաժողովի համար փաստաթուղթ է պատրաստվել Հայաստանի տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդական առաքելություն տեղակայելու մասին՝ համաձայն մեր հայ դաշնակիցների խնդրանքի։ Փաստաթուղթը լիովին համաձայնեցվել է արտգործնախարարների մակարդակով։
Հետո վերջին պահին հենց գագաթնաժողովում հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչ այժմ այն մնում է թղթային տեսքով և չի կարող իրականացվել։ Բայց եթե Երևանը հաստատեր այն, ինչ արդեն համաձայնեցված էր և պատրաստ մնար ստորագրման ու ուժի մեջ մտնելու, համոզված եմ, որ Հայաստանը կհաղթեր և ավելի կայուն իրավիճակ կստանար»,- ասել է Լավրովը։
Նույն հարցազրույցի ժամանակ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Հայաստանին «խորհուրդ է տալիս» հրաժարվել ռուսական բազայի և սահմանապահների տեղակայումից՝ փոխարենը խոստանալով «ապահովել անվտանգությունը»: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն հաճախ է լքում իր դաշնակիցներին: