ԱՄՆ-ը Հայաստանին «խորհուրդ է տալիս» հրաժարվել ռուսական բազայի և սահմանապահների տեղակայումից՝ փոխարենը խոստանալով «ապահովել անվտանգությունը», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ն հաճախ է լքում իր դաշնակիցներին:
«Գիտեմ, որ հայերին, մենք նման տեղեկություն ունենք, նրանք (ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները) ասում են, թե եկեք մեզ մոտ, ռուսներին քշեք ձեր տարածքից, սահմանապահներին էլ, մաքրեք ռազմաբազան, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը: Բացահայտ սադրանք: Սա էլ դիվանագիտություն չէ ... այլևս չկա այդ դիվանագիտությունը։ Կա ուղղակի կաշառք», - հայտարարել է Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքն իրեն պահում նրանց հետ, ում վրա նախկինում ինչ-որ խաղադրույք էր կատարում։ Նրանք լքեցին Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին, որը «արաբական գարնան» սկզբում արժանապատվորեն հրաժարական տվեց, ոչ մի տեղ չփախավ ... ԱՄՆ-ը լքեց Աֆղանստանի ղեկավարությունը, որի վրա նրանք հույս էին դրել այս երկրի քսանամյա օկուպացիայի ժամանակ», - հիշեցրել է Լավրովը։
Նրա խոսքով, Արեւմուտքը մեթոդաբար եւ ցինիկ կերպով ճնշում է ԵԱՏՄ-ում եւ ԱՊՀ-ում Ռուսաստանի դաշնակիցներին՝ նրանց խոստանալով «ոսկե սարեր»։ «Բազմաթիվ փաստեր կան՝ հիմնված մեր ամենամոտ դաշնակիցների, ռազմավարական գործընկերների գործողությունների, հայտարարությունների վրա, որոնք ասում են, որ իրենց (մեղմ ասած) շատ անհարմար դրության մեջ են դրել», - ասել է Լավրովը։
Միևնույն ժամանակ, դաշնակիցներն իրենք են փորձում չանել որևէ բան, որը կբերի տնտեսական վնաս։
«Նրանք հայտնվել են երկու կրակի արանքում։ Տնտեսական կապերի առյուծի բաժինն Ռուսաստանի Դաշնության, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի հետ է կապված։ Բայց Արևմուտքի մասնաբաժինը Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի տնտեսության մեջ աճում է։ Արևմուտքը մեթոդաբար և ցինիկաբար պահանջում է իրենց շահերին հակասող քայլեր չձեռնարկել՝ խոստանալով «ոսկե սարեր»։ Չնայած իրականում դա միայն վերածվում է ներքին գործերին միջամտության»,- ասաց նախարարը։
Միևնույն ժամանակ, Արևմուտքն ընդլայնում է ՀԿ-ների իր ցանցն այս երկրներում, որոնք ֆինանսավորվում են բյուջեից, առաջին հերթին ԱՄՆ-ից, Բրիտանիայից և ԵՄ-ից: Նման կազմակերպությունները հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում «ավելի ու ավելի հանգիստ են զգում և նույնիսկ փորձում» երաժշտություն պատվիրել։
«Բայց այս ամենի հետ մեկտեղ ես համոզված եմ, որ այդ երկրները համերաշխ են Ռուսաստանի Դաշնության հետ։ Նրանք իսկապես մեր դաշնակիցներն են»,- հավելել է նա: