VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Տարօրինակ լուրեր են մեզ հասնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Մեր աղբյուրները պատմում են, որ հոգեւոր դասը խիստ մտահոգված է կաթողիկոսի՝ վերջին շրջանում ակնառու դարձած վախերի համար: Իհարկե, կաթողիկոսը երբեւէ առանձնակի քաջությամբ չի փայլել, եւ դրա վառ ապացույցը նրա ողջ գործունեությունն է, սակայն, այնուամենայնիվ, վերջին շրջանում վախերի սրացումը գերազանցել է բոլոր սպասումները: Մեր աղբյուրներն ասում են, որ Գարեգին Բ-ն ամենուր փնտրում է դավաճաններ եւ մատնիչներ, սակայն ոչ թե Հայաստանի ինքնիշխանության, Արցախի հայաթափման, այլ բացառապես իր անձի անվտանգության եւ կաթողիկոսական աթոռը չկորցնելու համատեքստում: Իրազեկ աղբյուրները նշում են, որ Գարեգին Բ-ի վախերն այնքան են մեծացել, որ Մայր Աթոռի առանձին բաժիններում, աշխատանքային սենյակներում, նույնիսկ Մայր Աթոռի տարածքում գործող ռեստորանում, որտեղ հաճախ են ճաշում հոգեւոր դասի ներկայացուցիչները, սկսել են համատարած գաղտնալսում իրականացնել: Հոգեւորականները կարծում են, որ այս պաթոլոգիկ վախերի պատճառն իշխանությունների հետ չկարգավորված հարաբերություններն են: Դա է պատճառը, որ կաթողիկոսը փորձում է կոմպրոմատներ ունենալ հանրության շրջանում քիչ թե շատ ճանաչված հոգեւորականների վրա՝ անհրաժեշտ պահին նրանց ուզած ձեւով «կարգի հրավիրելու» համար: Ամենից հետաքրքիրն այն է, որ հնարավոր է նաեւ հրապարակվեն տարբեր հոգեւորականների առանձին զրույցներ, տեսագրություններ ու վարկաբեկիչ նյութեր, որպեսզի նրանք հիմնովին վարկաբեկվեն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար գեներալ գնդապետ Ալեքսանդր Լենցովը վաղը կմեկնի Բաքու։ Մեր տեղեկություններով, նա այդ մասին հայտնել է մայիսի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ հանդիպման ընթացքում։ Ուշագրավ է, որ սա երկրորդ հանդիպումն է՝ այն տեղի է ունեցել խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում, այլ ոչ թե առաջին հանդիպման նման՝ նախագահականում, ինչը նշանակում է, որ հանդիպման շահագրգռվածություն ցուցաբերել են արցախցի պաշտոնյաները, որոնց, կարելի է ասել, վերջին հույսը մնացել է գեներալ Լենցովը։ Մեր աղբյուրները պատմում են, որ Լենցովն ասել է, թե իբր իրենց համար եւս անցանկալի իրավիճակ է ստեղծվել, սակայն բոլոր հարցերին կարող է պատասխանել միայն Բաքվից վերադառնալուց հետո»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները, բնականաբար, մեծ հետաքրքրություն են առաջացրել Լաչինի միջանցքում տեղադրված անցակետերի ֆոնին: Երեկ Աժ իշխանական պատգամավորների շրջանում հարցուփորձ արեցինք՝ ինչ գիտեն, ինչ է կատարվում Արցախի շուրջ: Արդյոք Արցախի Հանրապետությունը ունի՞ ապագա, եւ որտե՞ղ է այն: Պարզվեց, որ իշխանականների միայն նեղ շրջանակ է տեղյակ, թե ինչ են բանակցում հայկական եւ ադրբեջանական կողմերը Վաշինգտոնում. շատ դեպքերում ՔՊ-ականները մամուլից են տեղեկանում բանակցությունների մանրամասների մասին: Կարելի է ասել՝ ՔՊ-ականները շունչները պահած սպասում են, որ այսօր Փաշինյանը խորհրդարանում կներկայացնի՝ ինչ է բանակցում Հայաստանը Վաշինգտոնում, ի վերջո, նոր փաստաթուղթ լինելու է, թե ոչ: Իշխանական պատգամավորներն իրենք էլ հասկանում են, որ պահն իսկապես լուրջ է, դանակը ոսկորին է հասել, եւ Հայաստանն այլեւս մանեւրելու տեղ չունի, դրա համար էլ փորձում են հանրության ականջին կաթեցնել արցախահայությանը Ադրբեջանի կազմում որպես էթնիկ փոքրամասնություն դիտարկելու հնարավորության մասին, իրենց խոսքով՝ միջազգային հանրության անվտանգային երաշխիքների առկայության պայմանով: Իսկ թե ինչ երաշխիքներ են դրանք, ով պետք է տա այդ երաշխիքները, կամ այդ երաշխիքները կարող են արդյոք զսպել Ադրբեջանի ցեղասպանական նկրտումները, թերեւս իշխանականներն իրենք էլ չգիտեն»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Տարիներ առաջ Փաշինյանը հայտարարում էր, որ պետք է փակել «խնամի-ծանոթ-բարեկամով» Հայաստանի էջը եւ բացել քաղաքացիական Հայաստանի էջը: Վստահեցնում էր, որ իր վարչապետության ժամանակ «խնամի-ծանոթ-բարեկամ» ինստիտուտը չի գործելու։ Բայց, արի ու տես, ինչպես մյուս դեպքերում, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն չի կատարում իր խոստումը, այլ փաստացի հեղափոխական իշխանությունը «խնամի-ծանոթ-բարեկամ» խմբապետական Հայաստանի նոր էջ է բացել: Պարզվում է՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, ով նախկինում Ալեն Սիմոնյանի օգնականի պաշտոնն էր զբաղեցնում, իր բարեկամներին ԱԺ-ում աշխատանքի է տեղավորում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հասմիկ Հակոբյանը պատգամավորի օգնականից պատգամավոր դառնալուց հետո հասցրել է հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին տեղավորել ԱԺ-ում՝ աշխատանքի: Արմեն Հակոբյանը ԱԺ վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում է աշխատում: «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով մեկնաբանության համար դիմեց Հասմիկ Հակոբյանին, որը, բնականաբար, չհերքեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ ոչ մեկը չպետք է տուժի՝ մյուսի պաշտոնով պայմանավորված: Այսպիսով, պատգամավորը փորձում էր համոզել, թե իր հայրը ԱԺ-ում է աշխատում՝ ոչ իր գործոնով պայմանավորված, մինչդեռ հայտնի ճշմարտություն է, որ պատգամավոր Հակոբյանի հայրը աշխատանքի է տեղավորվել ԱԺ-ում, երբ Ալեն Սիմոնյանն է դարձել ԱԺ նախագահ, եւ նախկինում երբեք չի աշխատել ԱԺ-ում: Ստացվում է՝ «ԽԾԲ»-ական գործելաոճը մերժող հեղափոխականները ոչ միայն չեն հրաժարվել նախկինների արատավոր բարքերից, այլ հենց իրենք են «ԽԾԲ»-ն ծաղկեցրել գրեթե բոլոր ոլորտներում: Շարունակելի…
«Հրապարակ» թերթը գրում է. «Խաչատուր Աբգարեանը վարչական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահի՝ դատարանից պահանջելով, որ Վահագն Խաչատուրյանին պարտավորեցնի՝ դադարեցնել Խ․ Աբգարեանի ՀՀ քաղաքացիությունը։ Այսինքն՝ քաղաքացին ցանկանում է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, սակայն ՀՀ նախագահը չի դադարեցնում նրա քաղաքացիությունը, Աբգարեանն էլ դիմել է դատարան։ Հետաքրքիր է, որ Վահագն Խաչատուրյանի դեմ կա՛մ հայց են ներկայացնում, որ ՀՀ քաղաքացիություն տրամադրի, կա՛մ էլ քաղաքացիությունը դադարեցնի։ Հավանաբար, ՀՀ նախագահը դեռ լավ չի հասկացել՝ ում քաղաքացիություն տա, ում՝ քաղաքացիությունից զրկի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմը ապրիլի 25-ին 27 մլն 600 հազար դրամ է փոխանցել Ջեմմա Թադեւոսյան անհատ ձեռնարկատիրոջը՝ Փաշինյանի հորինած Քաղաքացու օրվա առիթով մի քանի խոշորացված համայնքներում մշակութային միջոցառումներ, այն է՝ բանախոսություններ կազմակերպելու համար։ Պայմանագիրն անհատ ձեռնարկատիրոջ հետ կնքվել է ապրիլի 25-ին։ Նշենք, որ «Ջեմմա Թադեւոսյան» ԱՁ-ի հետ 2022 թվականին պետական հիմնարկները բավականին մեծ արժողությամբ պայմանագրեր են կնքել, օրինակ, ԵՊՀ-ն՝ 84 մլն եւ 7 մլն դրամի, ՊՆ-ն՝ 17 մլն եւ 3 մլն դրամի։ Բայց մենք համացանցում ոչինչ չհայտնաբերեցինք այդ ԱՁ-ի հետ կապված: Կարծում ենք` դրա տակ այլ անձինք են թաքնված: Հարցում ենք արել` պարզելու, թե ովքեր են բանախոսություններով հանդես եկել, ինչի վրա է ծախսվել «Քաղաքացու օրվա» համար դուրս գրված այս 70 հազար դոլարից ավելի գումարը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Մամուլի ազատության օրն է: 1994թ.-ից սկսած` ամեն տարի՝ մայիսի 3-ին, նշվում է Մամուլի ազատության համաշխարհային օրը: Եվ չնայած ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է», սակայն լրագրող-իշխանությունների կողմից մամուլի դեմ ամենաշատ քայլերն են իրականացվել ՀՀ-ում հեղափոխությունից հետո: Հեղինակավոր Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տարեկան վերջին զեկույցում նշվել է, որ Հայաստանում խոսքի ազատությունը շարունակում է սահմանափակված մնալ՝ իշխանությունների ջանքերով։ Մասնավորապես, 2022 թվականի գարնանն Ազգային ժողովը վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված տուգանքի վերին շեմը բարձրացրել է: Ավելի ուշ օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթով խորհրդարանը քրեականացրեց հանրային դեմքերին վիրավորանք հասցնելը։ Ալեն Սիմոնյանի՝ Ազգային ժողովի նախագահ ընտրվելուց հետո էլ խորհրդարանում սահմանափակվեց լրագրողների ազատ տեղաշարժի իրավունքը:
Freedom House-ի զեկույցի համաձայն՝ Հայաստանը 55 միավորով շարունակում է մնալ «մասնակի ազատ» երկիր։ Արձանագրվել են լրագրողների նկատմամբ 20-ից ավել բռնության դեպքեր: Այժմ անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի մի քանի որակումներին՝ արված լրագրողների հասցեին: 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում բազմիցս աչքի է ընկել ատելության խոսքով: «Այսօր Հայաստանի լրատվական դաշտը, կներեք արտահայտությանս, վերածվել է իսկական աղբանոցի»,- քարոզարշավի ընթացքում ասել է նա։ 2020 թվականի փետրվարի 20-ին Փաշինյանը հայտարարել էր. «Լրատվամիջոցների 99%-ը եւ լրագրողների 70%-ն իշխանություններից փող են ստացել: Կամ այս տարի, խոսելով լրագրողների աշխատելաոճի մասին, Փաշինյանը նշել էր, որ իրեն զարմացնում է՝ ինչպես է լրագրողների «պարսը» հետապնդում ԱԺ պատգամավորին: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, որ նախկին լրագրող է, ընդդիմադիր թերթի խմբագիր է եղել, ամենաշատն է թիրախավորել լրագրողներին: Նրա օրոք շարունակել են ոտնահարվել լրագրողների իրավունքները, ու մամուլի ճնշման համար մեծ թվով օրենսդրական նախաձեռնություններ են ընդունվել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը, մեր տեղեկություններով, Թուրքիա է մեկնելու կառավարական ինքնաթիռով, քանի որ Երեւան-Անկարա ուղիղ չվերթ չկա։ ԱԺ նախագահի խոսնակը երեկ չցանկացավ մեկնաբանել այս տեղեկությունը։ Պատվիրակությունը մասնակցելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին, որին մասնակցելու են անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարները, նաեւ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստ է կայանալու: Անկարա կմեկնեն նաեւ ՔՊ-ականներ Բաբկեն Թունյանն ու Գեւորգ Պապոյանը։ Տեղեկացանք նաեւ, որ հնարավոր է Սեւծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովի նախագահությունն անցնի Հայաստանին: Այժմ Ուկրաինայի հերթն է, բայց պատերազմով պայմանավորված, վերջինս պատրաստվում է հրաժարվել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատը խնդիրներ է հայտնաբերել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՊՈԱԿ-ի կողմից կնքված 9 վարձակալության պայմանագրերում չի պահպանվել անտառների վարձավճարների սահմանված նվազագույն չափը: Այս հանգամանքը հանգեցրել է մի իրավիճակի, որ 2019-2020 թվականների ժամանակահատվածում 14 մլն դրամի վարձավճարներ չեն գրանցվել: Այլ խախտումներ եւս կան. բացակայում են ՊՈԱԿ-ի «Մեկ անձից գնում» ընթացակարգի համաձայն կատարված գործարքների հաշվետվությունները: Նաեւ մատուցվել են այնպիսի ծառայություններ, որոնք նորմատիվ իրավական ակտերի կանոններով չեն եղել: Նշենք, որ այս ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանն արդեն իշխանական թիմի ներկայացուցիչ էր: Նա 2019 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար, 2020 թվականի ապրիլի 8-ին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն։ Նա նախկինում այդ ՊՈԱԿ-ում էր աշխատում, այսինքն՝ նա հեղափոխական գործիչ չէ, սակայն այդ հանգամանքն էլ չի խանգարում, որ նրա գործունեության ընթացքում եւս խնդիրներ լինեն»: