Սաֆարյան. 2023թ. անցյալ տարվա հաջող զարգացումների մի մասը կարող է շարունակվել
Մեր հետազոտությունները անցած 9 տարիների ընթացքում աներկբա վկայում են, որ Հայաստանը ճիշտ է արել, 2015թ. անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը: Անցած 9 տարիների ընթացքում Հայաստանի արտահանումը դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ աճել է ավելի քան 10 անգամ: Մեր արտաքին առևտրի այդ ուղղությանն է այսօր բաժին ընկնում արտահանման 31% և ներկրման 41%: Ռուսաստանը Հայաստանից արտահանվող պատրաստի արտադրանքի սպառման գլխավոր շուկան է: Պատրաստի արտադրանքի արտահանումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության զարգացման համար: Կարևոր է, որ պատրաստի արտադրանքի արտահանման մեծացման գործընթացն այդ ուղղությամբ շարունակական միտում ունի: Այս մասին Եվրասիական փորձագիտական ակումբի «Հայաստանի շահերն ու սպասելիքը եվրասիական ինտեգրման գործընթացից» թեմայով հրապարակային դասախոսությունների շարքի շրջանակում հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:
Նա հիշեցրեց, որ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերն է: Ռուսական ներդրումների ամբողջական փաթեթը անցյալ տարվա վերջի տվյալներով կազմում է 2 մլրդ. դոլար: Ռուսաստանը Հայաստանում խոշորագույն տնտեսավարողն է: Ռուսական ուղիղ տրանսֆերտները մեծագույն մասն են կազմում Հայաստան ուղղված բոլոր տրանֆերտների: Ռուսաստանյան Դաշնությունը հայ միգրանտների համար շարունակում է մնալ ամենագրավիչ աշխատանքային շուկան և այս միտումը նույնպես տեսանելի հեռանկարում պահպանվելու է:
"Ռուսաստանցի զբոսաշրջիկները կազմում են Հայաստան եկող արտասահմանյան զբոսաշրջիկների ամենամեծ խումբը: Զբոսաշրջությունը գնալով ավելի մեծ տեղ է զբաղեցնում մեր տնտեսական և սոցիալական իրողություններում: Այս ամենը գալիս է ընդգծելու այն ճշմարտությունը, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները շատ կարևոր են Հայաստանի Հանրապետության տնտեսական և քաղաքական զարգացման համար, ինչպես նաև մեր երկրի անվտանգության և կայունության ամրապնդման տեսանկյունից: Իր հերթին սրանից բխում է, որ Հայաստանում պետք է իշխի այն գիտակցությունը, որ չպետք է արվեն քայլեր, որոնք կվտանգեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հիմնարար բնույթը: Հայաստանը պետք է ելնի այն դրույթից, որ մեր երկրի անվտանգության ամրապնդմանն ուղղված միջազգային գործընացները պետք է վարվեն այնպես, որ դրանք չվնասեն Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին, այլ փոխլրացման սկզբունքով հավասարակշռեն և բալանսավորեն մեր պետական քաղաքականությունը, դրանով նպաստելով մեր փխրուն տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը",- ասաց բանախոսը:
2022թ. աննախադեպ տնտեսական հաջողության տարի էր Հայաստանի համար: Տնտեսական ակտիվության աճի 14%-անոց մակարդակի պայմաններում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 12%-ով և սա, ըստ Սաֆարյանի, աշխարհի մաշտաբով խոշոր տնտեսական նվաճում է:
"2023թ. անցյալ տարվա հաջող զարգացումների մի մասը կարող է շարունակվել, սակայն պետք է նկատի ունենալ, որ այս տարին (ըստ միջազգային խոշորագույն վարկանիշային կազմակերպությունների կանխատեսումների) կարող է լինել տնտեսական աճի էական դանդաղեցման և նույնիսկ ռեցեսիայի տարի: Էապես դանդաղելու է ԱՄՆ-ի և Եվրոպական միության տնտեսական աճը: Եվ այդ մասին մենք ձեզ այսօր մանրամասնորեն կպատմենք",- վստահություն հայտնեց Արամ Սաֆարյանը: