Մոնղոլիան կարող է զգալի արտոնություններ տրամադրել հայկական բիզնեսին
«ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ուղղված է փոխադարձ առևտրի հեշտացմանն ու խթանմանը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հայտարարել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
2025 թվականին ստորագրված համաձայնագիրը կարգավորում է տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես՝ մաքսային կարգավորումը, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները, ինչպես նաև այլ ոլորտների հետ կապված խնդիրները։
Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում կից ներկայացված ցանկերը՝ յուրաքանչյուր կողմի համար 367 ապրանքային դիրքերով: Այս ապրանքների համար կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ։ «Հայկական կողմի ներկայացրած առաջարկներում հիմնականում նշվում էին Հայաստանի Հանրապետություն արտահանման համար առաջնային հետաքրքրություն ներկայացնող ապրանքներ», - ասել է Հովակիմյանը
Փոխնախարարը նշել է, որ մոնղոլական շուկայի բացումը հայ արտահանողների համար մատակարարման ավելի մրցունակ պայմաններ կապահովի այնպիսի ապրանքների համար, ինչպիսիք են՝ ծխախոտային արտադրանքը (Մոնղոլիայի դրույքաչափը՝ 30%), կոնյակը (դրույքաչափը՝ 15%), շոկոլադը (դրույքաչափը՝ 5%), հանքային ջրերը (դրույքաչափը՝ 5%) և պահածոյացված մրգերը (դրույքաչափը՝ 5%)։
«Մոնղոլական կողմից տրամադրվող արտոնությունները կընդգրկեն Հայաստանից Մոնղոլիա արտահանման շուրջ 98%-ը։ Հայաստանից Մոնղոլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքի միջին դրույքաչափը 7,5%-ից կնվազի մինչև 1,2%։ Արդյունքում, մաքսային արտոնությունների հաշվին տնտեսումը Հայաստանից Մոնղոլիա արտահանման դեպքում կարող է կազմել տարեկան մինչև 1 մլն դոլար»,- պարզաբանել է Կառավարության ներկայացուցիչը։
Համաձայնագրով նախատեսվում է նաև երեք տարի գործողության ժամկետ սահմանել՝ հետագայում այն ևս երեք տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Սակայն հնարավոր է, որ կողմերը այլ ժամկետների շուրջ համաձայնության գան։