24.11.2024
Սաֆարյան. 2023թ. անցյալ տարվա հաջող զարգացումների մի մասը կարող է շարունակվել
prev Նախորդ նորություն

Մոտակա տարիների տնտեսական իրողությունները թելադրելու են ամրապնդել կապերը Ռուսաստանի հետ

Մեր ժամանակի գլխավոր իրողությունը Արևմուտք-Ռուսաստան գլոբալ առճակատումն է իր բոլոր բացասական և խիստ մտահոգող հետևանքներով: Այս մասին Եվրասիական փորձագիտական ակումբի «Հայաստանի շահերն ու սպասելիքը եվրասիական ինտեգրման գործընթացից» թեմայով հրապարակային դասախոսությունների շարքի շրջանակում հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:


Նա նշեց, որ այս պայմաններում աշխարհի զարգացած, ինչպես նաև զարգացող տնտեսությունները էական վնասներ են կրում և ստիպված են հաղթահարելու բազմաթիվ սպառնալիքներ և մարտահրավերներ: Իրենց փորձագետները ուսումնասիրում են Ռուսաստանում ընթացող տնտեսական և քաղաքական գործընթացները, հասկանալու համար, թե որո՞նք են լինելու Հայանստանի կողմից արվող քայլերը մի կողմից մեր անվտանգությունը հնարավորինս ամրապնդելու, և մյուս կողմից, տնտեսությունն ու սոցիալական ոլորտը զարգացնելու համար:

"Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները գլոբալ և տարածաշրջանային գործընթացների իրականացվող մշտադիտարկման արդյունքում անում են կանխատեսումներ, որոնց համաձայն բարենպաստ քաղաքական զարգացումների արդյունքում, նույնիսկ տնտեսության համար գլոբալ անբարենպաստ իրողությունների պայմաններում, այս տարի ևս կարող են արձանագրվել տնտեսական հաջողություններ: Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, վարկանիշային այլ հեղինակավոր կազմակերպություններ կանխատեսում են, որ Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4 կամ մի փոքր ավելի տոկոս: Մենք կարծոմ ենք, որ դա վերջնական սահման չէ և նպաստավոր միտումների շարունակականության պարագայում Հայաստանի համախառն ներքին արդյունքը կարող է աճել 5, նույնիսկ 6%-ով: Դրա համար Հայաստանի իշխանությունները պետք է շարունակեն վարել պետական մեքենայի կատարելագործմանն ու ամրապնդմանն ուղղված քայլեր, ճկուն տնտեսական քաղաքականություն և ամենասերտ կերպով համագործակցել ինչպես բիզնես ոլորտի, այնպես էլ փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ",- նշեց Սաֆարյանը:

Բանախոսը տեղեկացրեց, որ արդեն երրորդ տարին է արձանագրում են, որ էապես աճում են ոչ միայն Ռուսաստանի, այլև Ղազախստանի և Բելառուսի հետ մեր բազմաբնույթ տնտեսական կապերը: Սա ուրախացնող իրողություն է, որը մեր կարծիքով կարող է շարունակվել նաև մոտակա տարիներին:

"Մենք ափսոսանքով ենք արձանագրում, որ Ռուսաստանի հայ համայնքի դերակատարությունը հայ-ռուսական համագործակցության և փոխգործակցության մեջ սպասված մակարդակը չունի: Այնինչ Ռուսաստանի հայ համայնքը կարող էր շատ ծանրակշիռ փաստարկ լինել այսօրվա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական գործընթացներում, նպաստելով Հայաստանի Հանրապետության հզորացմանն ու զարգացմանը: Ելնելով տնտեսական իրողություններից, Եվրասիական ձորձագիտական ակումբը կոչ է անում Հայաստանի քաղաքական ուժերին վարել քաղաքական պայքարը այնպես, որ դա բացասաբար չազդի տնտեսական համագործակցության որակի վրա: Մենք համոզված ենք, որ մոտակա տարիների տնտեսական իրողությունները թելադրելու են ամրապնդել կապերը Ռուսաստանի Դաշնության և ետխորհրդային տարածքի մյուս գործընկերների հետ: Մենք ուշադրությամբ հետևելու ենք եվրասիական ինտեգրացիոն տարածքում ընթացող զարգացումներին: Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես և նախկինում, այժմ և ապագայում էլ պետք է ամենակառուցողական և շահագրգռված մասնակցությունը ունենա այդ գործընթացին, նպատակ ունենալով բարելավել Հայաստանի բնակչության սոցիալական և տնտեսական վիճակը: Մենք կարծում ենք նաև, որ կարևորագույն ուղղություններից մեկը մեր երկրի բնակչության տարբեր տարիքային խմբերի աշխարհայացքի և առաջնահերթությունների միջև խզում թույլ չտալն է: Պետք է գտնվեն միջոցներ և հնարավորություններ երիտասարդ սերնդին հայ-ռուսական բարեկամության և համագործակցության ավանդույթների ոգին փոխանցելու և եվրասիական ինտեգրման գործընթացի հանդեպ մեր հասարակության, այդ թվում երիտասարդության, շահագրգիռ մասնակցությունը ապահովելու համար: Դրա համար էլ, Եվրասիական փորձագիտական ակումբը հրապարակային դասախոսությունների շարք է կազմակերպել Հայաստանի տարբեր մարզերում",- հավելեց Արամ Սաֆարյանը: