Փաշինյանը «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է նոր ատոմակայան կառուցելու հարցը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և «Ռոսատոմ» կորպորացիայի միջև ծավալված համագործակցությունը, որի շրջանակում հաջող իրականացվում են համատեղ մի շարք նախագծեր: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ատոմային էներգետիկայի բնագավառում գործընկերությանը, նշել է «Ռոսատոմ»-ի դերը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հարցում:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին բարձր գնահատականի համար՝ Ալեքսեյ Լիխաչովն արդյունավետ է համարել ՀՀ գործընկերների հետ աշխատանքը և նշել է, որ «Ռոսատոմ»-ը հետաքրքրված է շարունակելու փոխշահավետ գործընկերությունը:
Զրուցակիցները, երկկողմ գործակցության համատեքստում, քննարկել են ընթացիկ ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հեռանկարները: Անդրադարձ է եղել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին: Մտքեր են փոխանակվել Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման, միջուկային բժշկության ոլորտում հնարավոր փոխգործակցության, ինչպես նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման հարցերով գործընկերության շուրջ։
Նշենք, որ Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանը, որն ապահովում է ներէին գեներացիայի 40%-ը, մինչև 2026 թվականն աշխատելու թույլտվություն ունի: Այժմ կառավարությունն աշխատում է, որպեսզի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը վերանորոգման և արդիականացման հաշվին երկարաձգվի մինչև 2036 թվականը:
Միչնույն ժամանակ քննարկվում է նաև նոր ատոմակայան կառուցելու հարցը, որի համար ըստ կառավարության գնահատման անհրաժեշտ է 8-10 տարի: Կառավարությունը դեռևս չի կողմնորոշվել նոր ԱԷԿ-ի հզորության հարցում: Քննարկվում է մի քանի տարբերակ՝ կառուցել մեկ 1200 մեգավատ կամ երկու հատ 1000 մեգավատ հզորությամբ էներգաբլոկ։ Ներկայիս գործող ԱԷԿ-ի հզորությունը կազմում է 400 մեգավատ է: Ըստ կառավարության`երկարաժամկետ հեռանկարում ավել արտադրված էներգիան և՛ սպառում կունենա, և՛ կնպաստի ավելի էժան ինքնարժեքով էներգիա ստանալուն։