VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը մտադիր է ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալ: Հանձնաժողովն ուսումնասիրելու է պատգամավորների կողմից թույլ տված վարքականոնների խախտման բոլոր դեպքերը: Տեղեկացանք, որ ընդդիմադիրների այս նախաձեռնության համար հիմք են հանդիսացել, մասնավորապես, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ՝ Երեւանի կենտրոնում քաղաքացուն վիրավորելու եւ նրա վրա թքելու դեպքը, ՄԻՊ թեկնածուի քննարկման ժամանակ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խուլիգանական վարքագիծը, ինչպես նաեւ փետրվարի 3-ին Լաչինի միջանցքի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությունը, թե 120 հազար արցախցու համար չարժէ ռիսկի տակ դնել 3 միլիոն հայաստանցու ճակատագիրը: Ահա այս միջադեպերն ուսումնասիրելու հարցով ընդդիմադիրներն առաջարկում են ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է, որ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվում է Ազգային ժողովի որոշմամբ, իսկ հանձնաժողովը ստեղծելու նախագիծ ներկայացնելու իրավունքն ունի խմբակցությունը. նախաձեռնողը «Հայաստան» խմբակցությունն է: Ժամանակավոր հանձնաժողովի անդամների թիվը եւս սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ, իսկ հանձնաժողովի կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը: Ըստ նույն օրենքի՝ հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ, ինչն էլ ենթադրում է, որ ՔՊ-ականները մեծամասնություն են կազմելու ստեղծվելիք հանձնաժողովում: Պարզ չէ՝ իշխող մեծամասնությունն անդամներ ընդհանրապես կտա այդ հանձնաժողովին, թե այն կմնա այդպես էլ չձեւավորված:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդդիմությանն առաջարկել են ԱԺ տնտեսական, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր մնացած պաշտոնում թեկնածուներ առաջադրել։ Այսինքն՝ ընդդիմության շարքերից իրենց համար ցանկալի անձանց հանձնաժողովի նախագահ ընտրել։ Թե ովքեր են ՔՊ-ի նախընտրած ընդդիմադիրները, չեն հայտնել, քանի որ ընդդիմադիրները կտրականապես հրաժարվել են՝ ասելով, որ իրենք ում ուզեն, նրան էլ պետք է առաջադրեն հանձնաժողովի նախագահի թեկնածու, իսկ ՔՊ-ն պետք է հաշվի նստի դրա հետ։ Հիշեցնենք, որ վերոնշյալ հանձնաժողովների նախագահներն ընդդիմության ներկայացուցիչներն էին՝ Վահե Հակոբյանն ու Արմեն Գեւորգյանը, որոնք հրաժարվեցին նախագահի պաշտոններից, երբ անցած տարի Դիմադրության շարժման պատճառով ՔՊ-ն Իշխան Սաղաթելյանին պաշտոնանկ արեց ԱԺ փոխխոսնակի պաշտոնից։ Միայն Թագուհի Թովմասյանը պահեց հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Իշխանականների այս «մեծահոգության» պատճառը միջազգային հանրության ճնշումներն են, որոնք պահանջում են խորհրդարանում ապահովել ընդդիմության՝ օրենքով հասանելիք պաշտոնները»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովի ամբիոնից հերթական անգամ հանդես եկավ հայտարարություններով, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Մասնավորապես, խոսքը 2021 թվականին Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված մի ձայնագրության մասին է, որտեղ Նիկոլ Փաշինյանը խոսում է Ղարաբաղի հարցից եւ ասում, թե՝ «ինձ գժի տեղ կդնեմ»: Եվ, ահա, երեկ խորհրդարանում Փաշինյանը հանկարծ հիշեց մոտ 2 տարի առաջ հրապարակված ձայնագրությունը՝ հարցադրումով հայտարարելով. «Կարո՞ղ է այդ մարդը մեր խմբակցության անդամ է եղել, հիմա էլ ուրիշ խմբակցության անդամ է։ Եկել է, հեղափոխական թիմի նիստը ձայնագրել է, տարել տվել է Սերժ Սարգսյանին»։ Սա լկտի սուտ է մի քանի պատճառով. նախ՝ ձայնագրության հրապարակումից հետո ՀՀԿ-ական շատ գործիչներ, այդ թվում՝ Արմեն Աշոտյանը, հրապարակել էին տեղեկություններ այն մասին, որ այդ ձայնագրությունը արվել է Արցախի ժողովրդի կողմից 2019թ.-ին՝ նեղ շրջանակով հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել պատվիրակություն Արցախից՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։
Ստել է Նիկոլ Փաշինյանը, քանի որ ձայնագրությունը բավականին մոտիկից է արված, իսկ «հեղափոխական նիստերի» ժամանակ Նիկոլ Փաշինյանը միշտ խոսել է ամբիոնի մոտից կամ դիմացի սեղանի մոտից (ինչպես վերջերս ադրբեջանի դրոշի գույներով ժամացույցի դիմաց էր նստած), եւ նույնիսկ տեսականորեն անհնար էր, որ որեւէ պատգամավոր կարողանար ձայնագրել Փաշինյանին այդքան մոտիկից եւ պարզ լսողությամբ: Ստել է Փաշինյանը, քանի որ ձայնագրության հրապարակման ժամանակ հենց իրենք ՔՊ ներսում քննարկել են բոլոր վարկածներն ու բացառել պատգամավորներից որեւէ մեկի դերակատարության տարբերակը՝ գալով եզրակացության, որ իրեն գժի տեղ դնելու մասին Փաշինյանը խոսել է Կառավարությունում՝ նեղ կազմում: Եւ ուրեմն ինչո՞ւ էր նա երեկ զգույշ, հարցական ձեւակերպումներով, առանց անուն տալու թիրախավորում ընդդիմադիր պատգամավորներից մեկին. նշանակում է, որ կա քաղաքական որոշում ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ նոր արշավի: Իր ագրեսիայով նա տվեց մեկնարկը: Մենք կհետեւենք զարգացումներին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն այեւս չի կարողանում թաքցնել իր սեփական վախերը: Սրա մասին վկայում է նաեւ երեկվա՝ մեծաթիվ թիկնապահների ու ոստիկանների ուղեկցությամբ խորհրդարան գալը: Փաշինյանն այս անգամ իսկապես գերազանցել էր ինքն իրեն. նախ՝ նրա՝ երեկվա խորհրդարան գալն աննախադեպ էր նրանով, որ պատմության մեջ առաջին անգամ վարչապետի մեծաթիվ թիկնապահներ հայտնվել էին ԱԺ դահլիճի ներսում: Պատմության մեջ չի եղել դեպք, որ վարչապետի թիկնապահը մտնի ԱԺ նիստերի դահլիճ, իսկ Փաշինյանն այս հարցում էլ է որոշել «պատմություն» կերտել: Ֆրակցիաների շարքերից յուրաքանչյուրի վերեւում կամ ներքեւում նստած էին նրա թիկնապահները եւ հսկում էին պատգամավորներին: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց նաեւ, որ ԱԺ դահլիճ մտնող բոլոր մուտքերի մոտ, բացի ՊՊԾ աշխատակիցներից, կանգնած են նաեւ Փաշինյանի՝ քաղաքացիական հագուստով, բայց զինված թիկնապահները: Այս աստիճան ուժեղացված անվտանգությունը վկայում է մեկ բանի մասին՝ Փաշինյանը վախենում է, իսկ թե ինչից, միայն նա կիմանա: Փաստացի հեղափոխությունից հետո մետրոներով ու հեծանիվներով շրջող իշխանության ներկայացուցիչներն այլեւս առանց թիկնապահների քայլ չեն անում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Շուրջ երկու տարի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական գործով կալանավորված ԳՇ ավիացիոն վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի դստերը ազատել են աշխատանքից: Նա աշխատում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կալանքի տակ գտնվող վարչության նախկին պետի դուստրը ապրիլի 16-ին պետք է կապիտանի կոչում ստանար, սակայն ապրիլի 13-ին լրացել է պայմանագրի ժամկետը, եւ ԱԻՆ նորանշանակ նախարար Կամո Ցուցուլյանը չի ցանկացել պայմանագիրը շարունակել նրա հետ, ՊՆ պաշտոնյայի դստերը ազատել է պաշտոնից՝ անգամ չտալով կապիտանի կոչում: Սա եւս՝ քաղաքական ռեպրեսիաների շարքից:
«Հրապարակ» թերթը գրում է. Տեղ գյուղի բնակիչների համար ադրբեջանական զինուժի սպառնալիքներից ոչ պակաս սպառնալիք է դարձել համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը՝ իր թիմով։ Նա, կարելի է ասել, համայնքում «բեսպրեդել» է հաստատել։ Մեր տեղեկություններով՝ 2 օր առաջ Ղուլունցի եւ համայնքի բնակիչ, 23-ամյա Աշոտ Գալստյանի միջեւ վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, երկուստեք թիմակիցներին են կանչել, եւ խմբակային ծեծկռտուք է եղել։ Մեզ ասացին, որ Ղուլունցի գլուխն է թեթեւ վնասվել, իսկ 23-ամյա երիտասարդը դեմքի շրջանում բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է «Հերացի» հիվանդանոց։ Հիվանդանոցի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ խիստ հսկողություն է սահմանված տղայի պալատի մոտ, այսօր նա մի քանի վիրահատության կենթարկվի։ Նա գրեթե չի խոսում, սակայն ակնհայտ է, որ ծեծի է ենթարկվել։ Մենք կապվեցինք Աշոտ Գալստյանի հոր հետ, ով, լսելով հարցը, խուսանավեց․ «Բան չկա, չեմ կարող խոսել»՝ 10 րոպեից զանգեք, սակայն 10 րոպե հետո դարձավ անհասանելի։ Իսկ համայնքապետ Ղուլունցն իրեն բնորոշ ագրեսիվ պահվածքով հայտարարեց, թե սուտ են ասում, «չկա ըտենց բան», հետո էլ հոխորտաց, թե․ «Ասենք՝ Գալստյանի տղուն բան է եղել, ձեր ի՞նչ գործն է, դուք ձեր գործով զբաղվեք․․․ եթե Գալստյանն ասում է, որ իր տղուն ծեծել են, թող դիմի ոստիկանություն»։ Նշենք, որ Ղուլունցի թիկունքը նախկին մարզպետ, ներկայում պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանն է, ում որդին մարզի դատախազն է։ Հավելենք, որ երեկ նաեւ Տեղի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանն էլ հայտարարեց, որ Ղուլունցի մաֆիան իրեն ծեծի է ենթարկել։
«Հրապարակ» թերթը գրում է. ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի կազմակերպած հավաքը տհաճ ավարտ է ունեցել։ Մեր տեղեկություններով, ապրիլի 16-ին Ստեփանակերտի «Նադեժդա» հանդիսությունների սրահում համախոհների հետ հանդիպման ավարտից հետո կրքերն այնքան են շիկացել, որ լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի, եւ սրահի բակում հավաքի մասնակիցներից մեկը դանակահարել է ԱՀ ԱԺ պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանին, ով Բաբայանի կուսակիցն է։ Պատգամավորը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, սակայն երեկ չպատասխանեց մեր զանգերին։ Տեղեկացրել էինք, որ Բաբայանը պատրաստվում է ապրիլի վերջին վրանային հավաք սկսել Վերածննդի հրապարակում եւ ակտիվ հանդիպումների շարք է սկսել Արցախում։ Սակայն հիշյալ հավաքին՝ 4 հարյուր տեղանոց սրահում անգամ 100 մարդ չի եղել։
«Հրապարակ» թերթը գրում է. Տարբեր մասնագիտական շրջանակներում շարունակում են քննարկել Արամ Նիկոլյանի արարքը։ Մանավանդ այն, որ նա Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների հագուստներն էր կարում եւ, առհասարակ, կայացած դիզայներ է, եկամտաբեր բիզնես ունի, եւ ոչինչ չէր դրդում՝ նման քայլի գնալ։ Ինչ վերաբերում է ծանրամարտի առաջնության կազմակերպմանը, ապա Եվրոպայից ժամանած հյուրերը, իրոք, զարմացած են եղել, թե ինչ շքեղ եւ ծախսատար բացման միջոցառում էր կազմակերպել Հայաստանը։ Մեզ ասացին, որ եվրոպական երկրների մի շարք դեսպաններ ապշել են, թե ինչպես են պատերազմական վիճակում գտնվող, աղքատ ու այսքան խնդիրներ ունեցող երկրում նման թանկ միջոցառում կազմակերպել։ Անգամ համեմատության մեջ նշել են, որ շատ ավելի բարեկեցիկ եւ հարուստ երկրներում նման կարգի գումարներ օդ չեն նետում Եվրոպայի առաջնության բացումներ կազմակերպելու համար։ Տարակուսել են նաեւ, թե ուրիշ դեպքերում էլ հայերն ասում են՝ փող չունենք, պետական պարտք են վերցնում, փող են ուզում մեզնից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Շիրակի մարզում շարունակվում է կալանավորների հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը: Մասնավորապես՝ բացի այն, որ մի քանի ամիսը մեկ Շիրակի մարզի դատավորները տեղափոխվում են այլ դատարաններ, եւ գործերը կրկին սկսվում են քննվել սկզբից, գործում է նաեւ դատական նիստերը հետաձգելու այլ «սկզբունք», մասնավորապես՝ գործը ուղարկվում է դատարան, որոշվում է անձի խափանման միջոցի հարցը, եւ եթե դատարանը կալանավորումը թողնում է անփոփոխ, ապա հետագայում դատական նիստեր ուղղակի չեն կայանում: Այսինքն՝ մի շարք գործերով նշանակված դատական նիստերը անընդհատ հետաձգվում են կամ ուղեկցող խմբի անգործության հետեւանքով, կամ դատարանը պատճառաբանում է, որ ծանրաբեռնված է:
Կան գործեր, որոնցից մեկով 2022 թվականի հունիսից մինչ օրս որեւէ դատական նիստ տեղի չի ունեցել, քանի որ կա՛մ ուղեկցող խումբը չի ներկայացրել կալանավորին դատարան, կա՛մ դատավորի ծանրաբեռնվածության պատճառով նիստը չի գումարվել: Մեկ այլ գործով էլ անձը շուրջ երեք տարի գտնվում է անազատության մեջ, այդ ընթացքում գործը անցել է մի քանի դատավորների վարույթներով, սակայն դատական նիստերը կրկին հետաձգվում են վերը նշված նույն պատճառներով, իսկ մարդը շարունկում է անորոշ մնալ կալանքի տակ: Սույն եւ այլ գործերով եւս արդեն իսկ առկա են Կոնվենցիայի դրույթների կոպտագույն խախտումներ, քանի որ որեւէ խոսք չի կարող գնալ արդար դատաքննության մասին այն պարագայում, երբ ամիսներ շարունակ դատական նիստեր տեղի չեն ունենում։ Բացի վերը հիշատակված խնդիրներից, կալանավորներից որոշները ունեն առողջական լուրջ խնդիրներ, այդ թվում՝ հաշմանդամության կարգ: Արձանագրվել են նաեւ դեպքեր, երբ անձը կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին, սակայն ներկա պահին ամիսներ շարունակ կալանավայրում սպասում է, թե երբ պետք է ի վերջո դատական նիստ տեղի ունենա: Այսինքն՝ կալանավորումը խափանման միջոց չէ, այլ կրում է պատժի տարրեր: Վերը նշված խնդիրներով պայմանավորված՝ մի շարք կալանավորներ պատրաստվում են հացադուլ իրականացնել առաջիկայում: