23.11.2024
Քննարկել ՔՊ-ականների վարքագիծը. «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Տեղի է ունենում Ալեքսանդրոպոլ-2 օպերացիան՝ Հայաստանի հաշվին և հայի ձեռքով. Բալասանյան

Հետևելով Արցախի և Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, ակնհայտ է դառնում, որ տեղի է ունենում Ալեքսանդրոպոլ-2 օպերացիան, որը նախագծվել է Հայաստանի սահմաններից դուրս, բայց իրականացվում է Հայաստանի հաշվին և հայի ձեռքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:


"Ըստ պլանի, նախ հայ ժողովուրդը արհեստականորեն կանգնեցվեց դիլեմայի առաջ՝ Արցախը, թե՞ Հայաստանը: Դա արվեց 5000 զոհերի, գրեթե կորսված Արցախի, փակված Լաչինի միջանցքի միջոցով։ Հիմա երկրորդ արարն է սկսվում, որին ակտիվորեն մասնակցում են ամերիկացիները։


Ակնհայտ երկար լեզու է ցույց տալիս բեղավորը, ով չէր կարող անգամ իր երազում պատկերացնել, թե գործերն այսքան լավ կգնան իր համար։ Որ մի օր Երևանում հայերը կսկսեն անպատվել հայերին ադրբեջանական դրոշ այրելու համար։ Ու բեղավորը կսկսի մեկը մյուսի հետևից տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին, որովհետև Արցախի հարցն արդեն լուծել է իր համար։ Իսկ հայերը կհամաձայնեն, որովհետև ամերիկացիներն են խառնված, հո՞ բարեկամներին ամոթով չեն թողնելու:


Իսկ վերջում Հայաստանից կմնա մի փոքր հատված, ինչպես ժամանակին, երբ Լեոյի դիպուկ բնորոշմամբ՝ լողանալու տեղ էին թողել հայերին, բայց չորանալու տեղ չէին թողել։ Հայաստանին կառաջարկվի շատ փոքր տարածքով կվազի պետություն Հայաստան անունով և իրենց թվացյալ երաշխիքներով։ Իսկ ի՞նչ կլինի հետո: Հետո Հայաստանի համար կուրծք ծեծողները, խաղաղասերները կթռնեն, ամերիկացիք գոհունակությամբ կհայտարարեն, որ տիտանական ջանքերի շնորհիվ իրենց հաջողվեց պահպանել Հայաստանի Հանրապետությունը, ու մենք, իսկական հայերս, ստիպված կլինենք կրկնել մեր պատմության հերթական քայլերը՝ նորից ստեղծել պետություն և մտքում խոստանալ, որ անցյալի սխալներն այլևս չենք կրկնելու",- գրել է Բալասանյանը։