ՀՀ ՆԳ նախարարը և UNHCR-ի ներկայացուցիչը խոսել են փոխգործակցությունը խորացնելու մասին
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ապրիլի 14-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) ներկայացուցիչ Կավիտա Բելանիին: Ինչպես հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է նշանակման կապակցությամբ:
«Ներքին գործերի նախարարը, ընդգծելով Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, հատկապես շեշտել է վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, փախստականների հետ կապված օրենսդրության կատարելագործման, ապաստանի, քաղաքացիություն չունեցող անձանց հետ կապված հարցերն ու այլ ուղղություններ: Վահե Ղազարյանը կարևորել է 2023-2024 թվականների ընթացքում միգրացիայի և ոստիկանության բարեփոխումներին ուղղված՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսվող մի շարք միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Կավիտա Բելանին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, փոխադարձ շնորհավորել է Վահե Ղազարյանին՝ Հայաստանի ներքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել՝ իր գոհունակությունը հայտնելով ՀՀ կառավարությանը և Հայաստանի ժողովրդին՝ անսահման հյուրընկալության և վեհանձնության համար` ընդգծելով դրանք որպես լավագույն փորձ։
Նշվում է, որ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող միջոցառումները: Կավիտա Բելանին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին այն քայլերի համար, որոնք իրականացվել են քաղաքացիություն չունեցող անձանց խնդրի կարգավորման ուղղությամբ: Նա նշել է, որ անհրաժեշտ է միավորել ուժերը՝ մինչև այս տարվա վերջ Հայաստանում ապաքաղաքացիությունը վերացնելու նպատակով:
ՀՀ ՆԳՆ փոխանցմամբ՝ կողմերը նաև քննարկել են աշխատանքային խմբի ստեղծման անհրաժեշտությունը՝ ուղղված տարբեր երկրներից ժամանած և տարիներ շարունակ Հայաստանում բնակվող փախստականների խնդրի լուծմանը: Մասնավորապես, կարևորվել է փախստականների կողմից Հայաստանի քաղաքացիության ձեռք բերումը, որպեսզի նրանք շարունակեն Հայաստանն իրենց տունը կոչել և մշտապես հաստատվեն։ Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շուրջ: