23.11.2024
Ահա ինչպիսի թշվառ վիճակում է հայտնվել Փաշինյանի ղեկավարած Հայաստանը. Սուրենյանց
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանին Գերմանիայում շատ կոշտ զգուշացրել են. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի սկզբին Գերմանիա այցելած Նիկոլ Փաշինյանին արեւմտյան գործընկերները շատ կոշտ զգուշացրել են, որ փակի դեպի Ռուսաստան «զուգահեռ արտահանման» եւ բանկային փոխանցումների խողովակները ու չօգնի Ռուսաստանին` հաղթահարելու արեւմտյան տնտեսական սանկցիաների ծանր բեռը: Մեր աղբյուրներն ասում են, որ նա շատ է ազդվել այդ խոսակցությունից եւ վերադառնալով Հայաստան` իր մոտ է հրավիրել ԿԲ նախագահին, կառավարության անդամների ու ՊԵԿ ղեկավարին եւ հանձնարարել է խստիվ փակել այդ խողովակները: Այդ պահից ի վեր այն բոլոր հայկական ընկերությունները, որոնք վերջին մեկ տարում բավականին աշխույժ ապրանքաշրջանառություն եւ եկամուտներ ունեին, քանզի Ռուսաստանի որոշ ապրանքների պահանջարկն էին բավարարում, միանգամից զրկվել են ամեն ինչից: Մեզ ասացին, որ անգամ օդանավակայանում են խիստ հսկողություն սահմանել, որ ուղեւորները բեռների մեջ չիպեր եւ IT տեխնոլոգիաների համար անհրաժեշտ պարագաներ պայուսակներում Ռուսաստան չտանեն: Շատ ընկերություններ չեն կարողանում բանկային փոխանցումներ անել ԱՄՆ եւ Եվրոպա` ապրանքների ձեռքբերման համար, եւ ամեն ինչ դադարեցվել է: Այս ոլորտում գործող բիզնեսմենները զարմանում են, թե ինչքան պետք է վախեցած լինի երկրի ղեկավարը, որ առաջին իսկ կեսբերան հրահանգն այսպես հնազանդորեն կատարի` չփորձելով շրջանցելու ճանապարհներ գտնել: Մանավանդ՝ դա նշանակում է, որ քո երկիր միլիարդների գումար այլեւս չի մտնելու, եւ քո բիզնեսմեններն են խիստ տուժելու»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, Ռուսաստանը ՀՀ-ում իր դեսպանատան միջոցով վերջերս հարցում է իրականացրել Հայաստանում, որը, մեղմ ասած, խայտառակ արդյունքներ է գրանցել Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ դրական վերաբերմունքի հարցում։ Եթե մինչեւ 2018-ի հեղափոխությունը հայաստանցիների ավելի քան 70 տոկոսը դրական վերաբերմունք ուներ ռազմավարական գործընկերոջ նկատմամբ, ապա այժմ այդ ցուցանիշը գրեթե կրկնակի նվազել է եւ մոտավորապես 40 տոկոս է կազմում։ Կրեմլում այս փաստը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել, բայց առայժմ չգիտեն ինչ անել եւ չեն պատրաստվում կտրուկ միջոցների դիմել, քանի որ հընթացս փորձել են ճշտել նաեւ Արեւմուտքի նկատմամբ ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը եւ հանգստացել են, երբ տեսել են, որ այստեղ շեշտակի աճ չի գրանցվել: Փոխարենը, ըստ հարցումների, ավելացել է ՀՀ քաղաքացիների` Իրանի նկատմամբ վստահության ցուցանիշը»:


«Հրապարակ» թերթը գրում է. ԱԺ ՔՊ-ական որոշ պատգամավորներ ներսում հարց են բարձրացրել Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու մասին եւ ուզում են նման գործընթաց սկսել։ Այդ խմբի, այսպես կոչված, պարագլուխն Անդրանիկ Քոչարյանն է: Նրանք մեղադրում են Թովմասյանին, որ նա հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի հայտարարություններին չի միջամտել: Հիշեցնենք, որ Ղազարյանը հայտարարել էր, թե 2018-ին տեղի է ունեցել «ադրբեջանաթուրքական» հեղափոխություն։ ՔՊ-ականները կարծում են, որ Թովմասյանը պարտավոր էր Ղազարյանին հարկադրել ներողություն խնդրել, մանավանդ, որ Թովմասյանն էլ է մասնակցել այդ հեղափոխությանը եւ դրա շնորհիվ խմբագրից՝ պատգամավոր, ապա հանձնաժողովի նախագահ դարձել: Ի դեպ, նիստի ժամանակ եւս նրանք նման կոչով դիմեցին ՄԻՊ թեկնածուին, սակայն Ղազարյանը ներողություն չխնդրեց։ Հիմա ՔՊ-ում մի խումբ փորձում է գեներացնել Թովմասյանի՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետկանչի գործընթացը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատարանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կրկին Հայաստանից մեկնելու թույլտվություն է տվել։ Մեզ հայտնի դարձավ, որ դատարանը թույլատրել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Գուրգենի Խաչատրյանին 2023թ. ապրիլի 12-ից 17-ը ներառյալ մեկնել Հայաստանի Հանրապետությունից՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար։ Հիշեցնենք, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերջին նիստը չէր կայացել. դատավորը բացել է նիստը եւ փակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Խաչատրյանի առողջական վիճակը վատ է. դա է պատճառը, որ դատարան չի ներկայացել: Ինչպես հայտնի է, հունվարի 18-ին Գագիկ Խաչատրյանին դատարանը թույլատրել էր մեկնել արտերկիր բուժման նպատակով։ Նա 2023 թվականի հունվարի 20-ից մինչեւ փետրվարի 10-ը բացակայել էր երկրից, եւ չնայած մեղադրող դատախազը դեմ էր՝ մտավախություն հայտնելով, որ Խաչատրյանը Հայաստան չի վերադառնա, այնուամենայնիվ, Խաչատրյանը գնաց եւ հետ եկավ: Ինչպես հայտնի է, Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված միլիոնավոր դոլարների չարաշահման, կաշառք վերցնելու եւ փողերի լվացման համար։ Խոսքը 41 միլիոն դոլարի մասին է։ Գլխավոր դատախազությունը Խաչատրյանին մեղադրում է նաեւ ապօրինի ճանապարհով հարստանալու համար։ Գագիկ Խաչատրյանից եւ նրան փոխկապակցված 20-ից ավելի անձանցից բռնագանձման ենթակա է 210 անշարժ գույք, որից 60-ը՝ Երեւան քաղաքում: Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, մասնակցություն իրավաբանական անձ հանդիսացող 33 կազմակերպությունում, նաեւ ավելի քան 40 միլիարդ դրամ:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Խորհրդարանում երեկ սահմանային իրավիճակի շուրջ փակ քննարկում է տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել այդ քննարկումից: Քննարկման հիմնական օրակարգում եղել է Տեղ գյուղի ապրիլի 11-ի սահմանային միջադեպը եւ դրա նախորդ օրը՝ ապրիլի 10-ին ադրբեջանցի զինծառայողների՝ ՀՀ տարածք ներթափանցումը: Տեղեկացանք, որ քննարկումը եղել է հարցուպատասխանի ֆորմատով. սկզբում հարցեր են ուղղել ընդդիմադիր պատգամավորները, այնուհետեւ՝ ՔՊ-ական պատգամավորները: Հարցերը հիմնականում ուղղված են եղել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին, վերջինս էլ, ինչպես մեզ հաջողվեց պարզել, հիմնականում խուսափողական պատասխաններ է տվել: Ինչ վերաբերում է Տեղ գյուղում հակառակորդի իրականացրած սադրանքին, ԳՇ պետն ընդունել է, որ դա հայկական կողմի բացթողման հետեւանքն է նաեւ:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանից հետո պետք է հրավիրվի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Ինչպես հայտնի է, վերջինս գտնվում է ԱԱԾ մեկուսարանում: Այս պահին, մեր տեղեկություններով, հանձնաժողովի ներսում երկու տեսակետ կա. կա՛մ պետք է իրենք թույլտվություն ստանան եւ գնան նրա մոտ, կա՛մ պետք է ընթացակարգերով դիմում գրեն եւ այնպես անեն, որ Դավիթ Տոնոյանին կարողանան բերել ՀՀ Ազգային ժողով։ Հավելենք, որ առաջիկայում այս հանդիպումների շարքը շարունակվելու է, եւ նոր հրավիրվողներ էլ կլինեն: Բանն այն է, որ քննիչ հանձնաժողովի գործունեությանը քիչ ժամանակ է մնացել, եւ պետք է արագացնել աշխատանքները, ամփոփել դրանք եւ ներկայացնել եզրակացություն: Այն պետք է լինի Նիկոլ Փաշինյանին պատերազմական հանցանքներից ազատելու մասին փաստաթուղթ: Ասել է թե՝ Փաշինյանն ԱԺ-ին հրահանգել է իրեն մաքրել պատերազմի եւ պարտության բոլոր մեղքերից ու մեղադրանքներից։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետի աշխատակազմը, ի թիվս այլ հարցերի, թերանում է անգամ հասարակ մամուլի ասուլիս կազմակերպելու հարցում: Խոսենք փաստերով. երեկ վարչապետի աշխատակազմն ասուլիս էր կազմակերպել՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը նվիրված: Ի սկզբանե բանախոսների համար նախատեսված սեղանին դրված էին այն մարդկանց անունները, որոնք պետք է մասնակցեին մամուլի ասուլիսին: Ի սկզբանե դրված էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտի, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանի եւ «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Հրաչյա Ռոստոմյանի անունները: Ասուլիսը դեռ չսկսված՝ պարզվեց, որ մեկ բանախոսի անուն մոռացել են տեղադրել սեղանին, այնինչ նա շատ կարեւոր անձ է: Անգամ Կարեն Գիլոյանն առաջարկեց իր տեղը զիջել հենց այդ մարդուն, սակայն քանի որ նրա անունը չկար, որոշում կայացվեց սեղաններից հեռացնել բոլոր անունները: Խոսքը վերաբերում էր Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդին: Ուշագրավ է, որ Հրաչյա Ռոստոմյանն այդպես էլ չմասնակցեց ասուլիսին։ Վարչապետի ու կառավարության աշխատակազմը մինչ այդ խառնված ինչ-որ կազմակերպչական հարցեր էր լուծում, ջուրը այստեղ կամ այնտեղ դնելու հարցը երկար քննարկում, սակայն անգամ բանախոսների անունները պատրաստել չեն կարողանում: