Հայաստանում որոշել են հարկել աշխատանքային միգրանտներին: Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը բուռն քննարկումների առիթ է հանդիսացել երկրի խորհրդարանում: Պատգամավորների կարծիքները կիսվել են: Իշխող ՀՀԿ կուսակցության պատգամավորները հանդես են գալիս «պրոտեքցիոնիստական» դիրքերից:
«Աշխատանքային միգրանտները հարկեր են մուծելու հայկական բյուջե: Ի՞նչն է այստեղ վատ»,- նշում են նրանք: Օրենսդրական նախաձեռնության ընդդիմախոսները կառավարության նախաձեռնությունը անվանել են հարկային թակարդ, ինչի հետևանքով շատ աշխատանքային միգրանտներ «վերջնականապես կհրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից»: «Շրջանառության հարկի» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխությունները, որոնք ներկայացրել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար
Վախթանգ Միրումյանը մայիսի 5-ին խորհրդարանում, պարտավորեցնում են արտերկրում աշխատող Հայաստանի քաղաքացիներին 13% շրջանառության և 5%-ոց շահութահարկ մուծել Հայաստանում: Միրումյանը նշել է, որ փոփոխությունները կխթանեն դրսում աշխատող Հայաստանի քաղաքացիների գրանցումը երկրի ներսում, փոխանցում է
EADaily-ն:
Խնդիրն այն է, որ շատ միգրանտներ Ռուսաստանում աշխատանքային գործունեություն են ծավալում ստվերում: Թե ինչպես է կառավարությունը գրանցելու և հետո հարկելու սև շուկայում աշխատող միգրանտներին, փոխնախարարը չի պարզաբանում: Չնայած ՌԴ-ի կողմից միգրացիոն օրենսդրության խստացումից հետո աշխատանքային միգրանտները ուղղակի պարտավոր են ՌԴ-ի տարածքում 30 օր գտնվելուց հետո ֆիքսել իրենց կարգավիճակը՝ գրանցվել և աշխատանքային պայմանագիր կնքել գործատուի հետ:
Այս առումով, Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը կօգնի հայկական իշխանություններին բացահայտել միգրանտների իրական թիվը և հարկել նրանց: Հայաստանի կառավարությունը ոչ մի վատ բան չի տեսնում տվյալ նախաձեռնության մեջ: «Մեր քաղաքացիների մի մասը աշխատում է արտերկրում: Ինչ վատ է, որ նրանց հարկեն: Օրենսդրական նախաձեռնության իմաստն այն է, որ դրսում աշխատող և հարկ մուծող մեր քաղաքացիներն այդ գումարները մուծեն Հայաստանի բյուջե: Դրանից կշահի միայն մեր պետությունը», - նշել է Միրումյանը խորհրդարանում:
Փորձագետների գնահատականներով, արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացիների թիվը տատանվում է 200.000-300.000-ի սահմաններում: Յուրաքանչյուր տարի արտասահմանից՝ հիմնականում ՌԴ-ից, ուղարկվող մասնավոր տրանսֆերտների թիվը հասնում է մոտ 2.5 միլիարդ դոլարի: Այդ թիվը գրեթե հավասար է ՀՀ տարեկան բյուջեին: Ստացվում է, որ ընդհանուր առմամբ 18%-ոց հարկը տրանսֆերտների ընդհանուր ծավալից կազմում է 400 միլիոն դոլար, ինչը ներդրումների բացակայությունից տուժող Հայաստանի տնտեսության համար լավ խթան կարող է դառնալ:
Չնայած այն հանգամանքին, որ 2015թ.-ի բյուջեով նախատեսվում է 4.1%-ոց տնտեսական աճ, միջազգային մասնագիտական կազմակերպությունները Հայաստանի համար կամ ռեցեսիա են կանխատեսում կամ տնտեսական աճ՝ առավելագույնը 2.3%-ի սահմաններում: Հայկական տնտեսության վատթարացումը բացատրվում է Ռուսաստանի տնտեսական ճգնաժամով, որը հանդիսանում է Հայաստանից միգրանտների հիմանկան աշխատաշուկան:
Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ
Հրանտ Բագրատյանը խիստ քննադատեց կառավարության նախաձեռնությունը: «Այդ օրենքը չի կարող աշխատել: Եթե կառավարությունը ցանկանում է եկամուտ ունենալ, թող երկրում աշխատատեղեր ստեղծի և մարդիկ չմեկնեն արտագնա աշխատանքի: Մեր նպատակը կայանում է նրանում, որպեսզի մարդիկ մնան Հայաստանում, այլ ոչ թե բյուջե լցնելու ակնկալիքով նրանց ճանապարհել արտերկիր», - նշել է Բագրատյանը:
Ընդդիմադիր պատգամավորները քննադատել են կառավարությանը, որ միգրացիայի քանակը նվազեցնելու և տնտեսության ակտիվացմանը նպաստելու փոխարեն զբաղված է աշխատանքային միգրանտների հարկմամբ: «Հանգիստ թողեք աշխատանքային միգրանտներին: Օրենքը, որը կոչված է մարդկանց ստիպել ինչ-որ բանի, չի աշխատելու: Ճնշմանը միշտ էլ պատասխանելու է հակազդեցությունը», - նշել է ընդդիմադիր ԲՀԿ կուսակցության անդամ
Միքայել Մելքումյանը:
Օրինաց երկիր խմբակցության ղեկավար
Հեղինե Բիշարյանի կարծիքով, կառավարությունը ցանկանում է ոչ թե հարկել միգրանտներին, այլ «նրանց հետ փայ մտնել»: «Աշխատանքային միգրանտները լավ կյանքից չէ, որ մեկնում են արտերկիր: Նրանք Հայաստանում օգնում են իրենց ընտանիքներին և հարազատներին: Օրենքի տրամաբանությունը այսպիսին է՝ ում տեղն էս քեզ դրել, որ աշխատում էս դրսում կերակրում էս սեփական ընտանիքը, իսկ ինձ՝ կառավարությանը, ոչինչ չես տալիս»,-նշել է նա:
Իր հերթին, ԲՀԿ խմբակցության անդամ
Վահան Բաբայանը նշել է, որ կառավարության նոր որոշման պատճառով շատերը վերջնականապես կհրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից: «Դրա հետևանքով Հայաստանը կզրկվի և 13% շրջանառության հարկից, և 5% շահութարկից», - նշել է նա: Նրա խոսքով, կառավարությունը անգամ չի տիրապետում տեղեկատվությանը, թե ինչքան միգրանտ է աշխատում օրինակ ՌԴ-ում, ոչինչ չգիտի կապիտալի շրջանառության մասին, քանի շինարարական կազմակերպություն է իր բիզնեսը իրականացնում ՌԴ-ում կամ ԵՏՄ այլ երկրներում: