Սարգսյան. Երևանը ողջունում է ամերիկյան կապիտալի ներկայության ընդլայնումը Հայաստանում
Հայաստանը ողջունում է ամերիկյան կապիտալի ներկայության ընդլայնումը երկրի տնտեսությունում: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի հայ համայնքի հետ հանդիպմանը:
«Մեր նպատակն է զարգացնել տնտեսապես կայուն և ներդրումների համար գայթակղիչ Հայաստան: Մենք այստեղ ունենք որոշակի հաջողություններ բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ, «բաց երկնքի» քաղաքականությունում, ներդրումների խրախուսման և ազատ տնտեսական գոտիների ստեղծման հարցում», - նշել է նա:
Նրա խոսքով, Հայաստանում անընդհատ ավելանում է ամերիկյան կապիտալի ներկայությունը և այսօր Հայաստանում աշխատում է ամերիկյան կապիտալով ավելի քան 400 ընկերություններ: «Իսկ այս տարի, հույս ունեմ մոտակա օրերի ընթացքում, երկրում կսկսի գործել Contour Global ընկերությոնը՝ 250 միլիոն դոլար ներդրումային ներուժով, ինչի կլինի ամերիկյան ամենախոշոր ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ», - նշել է նախագահը:
Սարգսյանը նաև շատ նշանակալից է համարել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Առևտրի և ներդրումների մասին» (TIFA) համաձայնագրի կնքումը, որը նոր դռներ է բացում տնտեսական համագործակցության համար: Համաձայնագիրը կնքվել է մայիսի 7-ին՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ-ի առևտրի նախարարի տեղակալ Դեն Մուլանիի կողմից: Փաստաթուղթը ենթադրում է բարենպաստ պայմանների ստեղծում ներդրումների և ապրանքաշրջանառության ավելացման համար երկու երկրների միջև:
Բացի այդ, համաձայնագրի շրջանակներում ստեղծվելու է ներդրումների հարցով հայ-ամերիկյան խորհուրդ, որը տարին մեկ անգամ հանդիպումներ է անցկացնելու Հայաստանի և ԱՄՆ-ի գործարարների միջև:
Նախագահը իր ելույթում նաև կոչ է արել ԱՄՆ-ի հայերին ակտիվորեն մասնակցել Հայաստանի տնտեսական կյանքում: Նրա խոսքով, Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին նոր հնարավորություններ է ստեղծում այդ համագործակցության համար: Նա նշել է, որ Հայաստանի ու ԱՄՆ-ի, Նորվեգիայի, Ճապոնիայի, Կանադայի, Շվեյցարիայի միջև գործում է առևտրային արտոնյալ GSP ռեժիմը, իսկ ԵՄ-ի միջև՝ GSP+ ռեժիմը, ինչը շատ կարևոր է տնտեսական համագործակցության ընդլայնման համար:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2014թ.-ին ԱՄՆ-ի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 220.9 միլիոն դոլար: 2013թ.-ի համեմատ նվազել է ՝ 2.5%-ով: Բացասական բալանսը նախորդ տարի կազմել է 45.8 միլիոն:
Հայաստանի առևտրային հիմնական գործընկերներ են Ռուսաստանը և ԵՄ-ը: Հայաստանում ներդրումների ծավալով ԱՄՆ-ն միայն հինգերորդն է: Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների առումով առաջատարն է Ռուսաստանը, ում ներդրումային պորտֆելը հասնում է երեք միլիարդ դոլարի: