23.11.2024
ՌԴ խաղաղապահները ջանքեր են գործադրում, սակայն խնդիրը քաղաքական լուծումներ է պահանջում
prev Նախորդ նորություն

Միրզոյանը Մոսկվայում հայտնելու է, որ պատրաստվում են բանակցել Արևմուտքի փաթեթով. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան, հայտարարեց, որ առաջիկայում Մոսկվայում տեղի կունենա եռակողմ հանդիպում Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս դրվագը անակնկալ է եղել ոչ միայն քպական պատգամավորների, այլև նույնիսկ Նիկոլ Փաշինյանի համար: Խոսքը ոչ թե բուն հանդիպմանն է վերաբերում, այլ խորհրդարանում այդ մասին հայտարարելուն: Ավելին, մեր տեղեկություններով, Փաշինյանը նույնիսկ կշտամբել է Միրզոյանին, թե ինչ պարտադիր էր դրա մասին հրապարակավ խոսել: ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, որքան էլ զարմանալի է, Միրզոյանը, ինչպես նախարարության կուլիսներում են ասում, «կուլ չի գնացել» և փորձել է հստակեցումներ մտցնել։ Մասնավորաբար, նա ասել է, որ հնարավոր և դիվանագիտության տեսակետից «թույլատրելի» ամեն հարցում պատրաստվում է հանրությանն իրազեկել գործընթացների բաղադրիչների մասին, մի խոսքով՝ բաց խոսել նրանց հետ։ Ի դեպ, մեր աղբյուրը հայտնում է նաև, որ Մոսկովյան հանդիպմանը իշխանությունները պատրաստվում են վերջնական հստակեցումներ մտցնել գործընթացում։ Ըստ այդմ, նախատեսվող հանդիպմանը Միրզոյանը ռուսական կողմին հայտնելու է, որ պատրաստվում են բանակցությունները շարունակել Արևմուտքի առաջարկած ու արդեն տևական ժամանակ բանակցած փաթեթով՝ բաց տեքստով հասկացնելով, որ հայ-ադրբեջանական, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» բանակցային հարթակը Արևմուտքն է։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախում, չնայած դեկտեմբերի 12-ից սկսված շրջափակման հետեւանքով առաջացած լրջագույն մարտահրավերներին, նաեւ բնակիչներն են կանգնում սոցիալական խնդիրների առջեւ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ որոշ ապրանքների մասով ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ են եղել: Բանն այն է, որ շրջափակված Արցախում տարբեր ապրանքների գները մեծ չափով աճել են, ինչը պայմանավորված էր ապրանքների մատակարարման դժվարություններով, ստվերային երեւույթներով ու գների վերահսկողության խնդիրներով: Դրանից հետո Արցախի կառավարությունը գների վերեւի շեմ էր հաստատել առանձին որոշմամբ՝ պարտավորեցնելով խանութներին հաստատված գներից բարձր գնով չվաճառել ստացված ապրանքները: Պարզվում է նաեւ, որ այս ընթացքում փակ հետաքննություններ ու գործողություններ են կատարվել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի անմիջական համակարգմամբ, որոնց արդյունքում հնարավոր է եղել բացահայտել ու կանխել ստվերային մատակարարման խոշոր դեպքեր:


Օրաթերթի աղբյուրները փոխանցեցին, որ մի քանի օր առաջ Ստեփանակերտում առգրավվել է մասնավոր տնտեսվարողի կողմից խաղաղապահների միջոցով ստվերային կերպով բերած երկու կամազ ապրանք՝ տասնյակ միլիոն դրամ արժողությամբ, որոնց փոխարեն պետք է տեղափոխվեին կառավարության կողմից նախատեսված ապրանքներ: Դրանից հետո էլ կանխել են կրկին պետության նախատեսած ապրանքների փոխարեն Գորիսից երկու կամազ ապրանքի ստվերային տեղափոխությունը: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ում էին պատկանում առաջին բացահայտված ապրանքները, բայց, ըստ ստացած տեղեկությունների, երկրորդ դեպքը կապված է եղել Արցախում վատահամբավ Գագիկ Սարգսյանի (Սպեցնազի Գագո) անվան հետ, ում արդեն բեռնված ապրանքներն էլ նախքան Գորիսից դուրս գալը տեղում թափել է տվել պետական նախարարը՝ պետության համար կարեւոր ապրանքներ տեղափոխելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ասում են նաեւ, որ որոշ պաշտոնյաներ ընդգրկված են եղել այդ ստվերային գործընթացներում, որոնց մասով լրացուցիչ ստուգումներ են կատարվում: 


«Փաստ» օրաթերթը գրում է. Մարտի 27-ին ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն իր խորհրդական է նշանակել Միքայել Հայրիյանին: Արտաքուստ սովորական այս նշանակումն իրականում բավականին ուշագրավ խորքեր ունի: Միքայել Հայրիյանը Արցախի առողջապահության նախարարն է եղել և պաշտոնից ազատվել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարար նշանակվելուց մոտ 20 օր անց: Դրանից հետո նա համալրել էր հակավարդանյանական «կոալիցիան», որին ժամանակին անդրադարձել ենք: Այդ օրերին նա այդ «կոալիցիայի» ամենաակտիվ անդամներից մեկն էր: Եթե այն ժամանակ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը «ստվերից» էր համակարգում այդ խմբի գործունեությունը, ապա Հայրիյանն ապահովում էր «հրապարակային» կողմը: Նա, մասնավորաբար, մի քանի կոշտ գրառումներ արեց՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանին մեղադրելով խնդիրներ ծնող հայտարարություններ անելու, պետական ծառայությունից բացարձակ անտեղյակության մեջ, ապա և նեղացածության ողջ սպեկտրը գործի դնելով՝ հայտարարեց, թե «Արցախը և արցախցին փորձադաշտ չէ ինքնաներկայացման և խաղերի համար»։ Եվ ահա, ինչպես փոխանցում է Արցախի մեր աղբյուրը, Գուրգեն Ներսիսյանը գնահատել է իր «կոալիցիայի» անդամի «չարչարանքները», ջանքերն ու հակավարդանյանական գծի մեջ ունեցած ընդգծված ակտիվությունը և, որպես յուրատեսակ պարգևատրում, նշանակել պետնախարարի խորհրդական:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, կարծես թե, խմբակցության ներսում արտոնյալ դիրքեր ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա այն քիչ պատգամավորներից է, որ հաճախ չի մասնակցում խմբակցության նիստերին, քննարկումներին, ԱԺ նիստերին էլ ակտիվ չէ, բայց ոչ ոք, անգամ՝ ՔՊ խմբակցության ղեկավարությունը, չի համարձակվում նրան նկատողություն անել: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է, որ ՔՊ-ում պատգամավորների բացակայության հարցը խիստ է դրված. այն պատգամավորները, որոնք բացակայում են ԱԺ-ի կամ ֆրակցիայի նիստերից, նկատողություն են ստանում: Հայկ Սարգսյանի դեպքում սա չի գործում. խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չեն համարձակվում նկատողություն անել նրան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սարգսյանին արտոնությունները տվել է հենց Փաշինյանը, նրա հովանու ներքո է, դրա համար էլ Հայկ Սարգսյանից փորձում են հեռու մնալ խմբակցության երիտղեկավարները: Հավելենք, որ Հայկ Սարգսյանը, բացի խմբակցության նիստերին ցուցաբերած պասիվությունից, կուսակցության ներքին հարցերին էլ չի խառնվում, թիմակիցների հետ էլ շփումները նվազագույնի է հասցրել: ՔՊ-ականներն էլ հետեւյալ քաղաքականությունն են որդեգրել. Հայկ Սարգսյանից «ինչքան հեռու, այնքան լավ»: Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առթիվ մեկնաբանություններ ստանալ պատգամավոր Հայկ Սարգսյանից, սակայն նրա հեռախոսահամարը տեւական ժամանակ է՝ անջատված է, իսկ մեր նամակները նրա սոցիալական էջերին մնացին անպատասխան:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չինական Zhongtong մակնիշի ավտոբուսների ձեռք բերման գործով, որի շուրջ նախաքննություն է ընթանում Հակակոռուպցիոն կոմիտեում, նոր մանրամասներ են ի հայտ գալիս։ Չինական Zhongtong Bus ընկերությունից ավտոբուսներ ձեռք բերելու նպատակով Երեւանի քաղաքապետարանը մրցույթ էր անցկացրել դեռ 2021թ.։ Արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ընտրությունից հետո մրցույթը չեղարկվել էր։ Հայտարարվել էր նոր մրցույթ, որը կրկին նույն հաղթողն էր ունեցել։ Հատկանշական է, որ երկու պայմանագրերը ունեցել են գրեթե նույն բովանդակությունը եւ ավտոբուսների նույն տեխբնութագրերը։ Ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրների՝ մրցույթը չեղարկվել էր Հրաչյա Սարգսյանի անմիջական հրահանգով։ Ավելին՝ Հրաչյա Սարգսյանը այդ ժամանակ Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ է նշանակում իր մտերիմ Հայկ Հովհաննիսյանին, որը կապի է դուրս գալիս չինական ընկերության հետ ու լծվում Երեւանի տրանսպորտային համակարգը համալրելու «հայրենանվեր» գործին։


«Հայրենանվիրությունը» կատարյալ չէր լինի, եթե հանրությանը մատուցած իրենց ծառայությունների համար պաշտոնյաները կանխավ իրենց «պարգեւատրումը» չկազմակերպեին։ Այդ «պարգեւատրումը» կազմակերպվել է արտարժույթի տատանումից օգտվելու միջոցով։ 150 ավտոբուսներից յուրաքանչյուրի համար վճարվել է 44.249.499 ՀՀ դրամ։ Հասկանալի է, որ չինացիներին ոչ թե հայկական դրամ է վճարվել, այլ ԱՄՆ դոլար։ 2021թ. յուրաքանչյուր ավտոբուսի գինը կազմել էր շուրջ 86 հազար ԱՄՆ դոլար՝ հաշվարկված 518 դրամ 1 դոլարի դիմաց կուրսով։ 2022թ., երբ 1 դոլարի փոխարժեքը հավասար է եղել 405 դրամի, պայմանագրով նույն ավտոբուսի գինը կազմել է շուրջ 109 հազար ԱՄՆ դոլար։ Չեղարկված մրցույթի հետեւանքով եւ նույն պայմաններով նոր մրցույթի անցկացման արդյունքում յուրաքանչյուր ավտոբուսի գինը ավելացել է ավելի քան 22 հազար ԱՄՆ դոլարով։ Ընդհանուր առմամբ՝ 150 ավտոբուսները 2022թ. գնվել է մոտ 3.4 մլն ԱՄՆ դոլար ավել գումարով։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ չինական ընկերությունը վերը նշված գումարի չափով թանկացրել էր իր ապրանքը, սակայն դա այդպես չէ։ Պարզվում է՝ գնումը իրականացվել է Zhongtong Bus ընկերությունից, իսկ փոխանցումը կատարվել է վերջինիս դուստր՝ Beijing Strong Company ընկերությունից միջնորդ օֆշորային կազմակերպությանը, որը ստեղծվել է Արաբական Միացյալ Էմիրություններում հենց այդ նպատակով։ Ըստ իրավապահ աղբյուրներից ստացված տեղեկության՝ առաջացած «միջնորդավճարը» կազմել է մոտ 30 տոկոս, որի մի մասը ստացվել է Դուբայում, իսկ տեղում գործերը «կարգի է բերել» վերը հիշատակված Հայկ Հովհաննիսյանը նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ Դուբայում ապրող եղբոր հետ միասին։ Ներկայումս գործի նախաքննությունը Հակակոռուպցիոն կոմիտեում շարունակվում է, եւ չի բացառվում, որ առաջիկայում նոր կալանավորումների ականատես լինենք։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն եւս կարճեց ԲԴԽ նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրության առիթով հարուցված քրեական վարույթը: «Ժողովուրդ» օրաթերթի այս տեղեկությունը հաստատեց նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական բաժինը: Իսկ հիմա գլխավորի մասին. ստացվում է, որ ԲԴԽ նախկին նախագահների ձայնագրության գործը, որտեղ խոսում էին, թե ինչպես են Ջհանգիրյանին ճնշում՝ ստիպելով պատժել Վարդազարյանին, ՀՀ քննչական կոմիտեի եւ Գլխավոր դատախազության բախումների պատճառն է: Բանն այն է, որ ի սկզբանե այս աղմկահարույց ձայնագրության մասով նախաձեռնված քրեական վարույթը քննում էր ՀՀ քննչական կոմիտեն:


6 ամիս քննելով գործը՝ Քննչական կոմիտեն տուժող չճանաչեց Ռուբեն Վարդազարյանին, քրեական վարույթով որեւէ մեկը մեղադրյալ չներգրավվեց, ու գործը կարճվեց: Այստեղից էլ սկսվեց «հակամարտությունը»: ՀՀ գլխավոր դատախազի «ԱԱԾ-ական» տեղակալ Արթուր Պողոսյանը վերաբացել էր գործի վարույթը կարճելու մասին ՔԿ քննիչի որոշումը: Եվ, ահա, Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն գրեթե 3 ամիս քննեց կարճված գործը, սակայն հարցաքննության չհրավիրեց ոչ՛ Վարդազարյանին, ո՛չ Ջյանգիրյանին. ոչ մի քննչական գործողություն, ըստ էության, չարեց ու որոշեց կարճել: Ըստ լուրերի՝ ինտրիգը հիմքի մեջ է, որին կանրադառնանք առաջիկայում: Այս պահին փաստենք, որ կոմիտեն ու դատախազությունը ներքին գզվռտոցի մեջ են, ու դատախազությունը փորձում է իր ուժը ցույց տալ, թե՝ ձեր որոշումները վերջնական չեն, ու քրեական վարույթները մի մարմնից մյուս մարմին է ուղարկում կամ վերաբացել տալիս…, իսկ հասարակությունն էլ արդարության է հույսով սպասում:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից՝ «ԿԳԲ-ի պադվալից», տեղափոխվել է «Սեւան» ՔԿՀ: Ըստ լուրերի՝ նրա տեղափոխման պատճառն այն է, որ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ն ծանրաբեռնված է կալանքի տակ գտնվող նախկին պաշտոնյաներով, ուստի որոշել են նրան տեղափոխել: Ուշագրավ է, որ, ի տարբերություն «ԿԳԲ-ի պադվալի», մյուս բերդերում գողականներն են տնօրինություն անում, եւ այստեղ հայտնվողներն ավելի անպաշտպան են։ Բայց ենթադրվում է, որ «Սեւան»-ում Նարեկ Սարգսյանն իրեն ավելի լավ կզգա՝ հաշվի առնելով նրա կապերը։ Նշենք, որ 2021 թվականի հունիսի 16-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 5 տարի 6 ամիս ազատազրկման:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Կադաստրի պետական կոմիտեն որոշել է «Հրազդան» մարզադաշտին կից պահուստային դաշտը «խլել» գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից՝ Բուռնաշից, ով տարիներ շարունակ վարձակալությամբ օգտագործում է այն։ Վարձակալության կուտակած պարտքերի պատճառով դատարանն է նման որոշում կայացրել, ինչի մասին մեզ հետ զրույցում հայտնեց Աղաբաբյանը․ «Մենք արենդայով էինք վերցրել: Պատերազմ, կորոնա... վարձը չենք մուծել, պետգույքը տվել ա դատարան, դատարանն էլ որոշել ա, որ դա մերը չի։ Ըհը, անփորձ ջահելներ, հիմա ուզում են խլեն այդ դաշտը՝ չհասկանալով, որ ստադիոնն առանց պահուստային դաշտի կկորցնի իր միջազգային արժեքը եւ ստադիոնը չի աշխատի ընենց, ոնց իրենք կուզենան»։ Աղաբաբյանը տարակուսած է․ «Էսքան գրանտներ, էսքան փող է ծախսել Հայաստանը, թող մի դաշտն էլ տային ստադիոնին, ո՛չ վրեն բան կարան անեն, ո՛չ էլ։ Չնայած՝ կտանեն, վրան շենքեր կսարքեն, կպրծնեն, դրա իրավունքը չունեն, բայց իրավունքն իրենցն ա, ոնց կուզեն, կանեն»։ Մեր դիտարկմանը, թե հեղափոխական իշխանություններին՝ ի դեմս Փաշինյանին, գովերգելն էլ, փաստորեն, չփրկեց իրեն, այդ ուղտն իր դռանն էլ չոքեց, Աղաբաբյանը հակադարձեց․ «Եթե նրանց փնովելը սրանց գովել է նշանակում, ի՞նչ ասեմ»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մարտի 25-ին ՌԴ ՊՆ-ն տեղեկատվություն տարածեց, որ Ադրբեջանի զինուժը, խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, Շուշիի հատվածում հատել է շփման գիծը, զբաղեցրել 2054,0 բարձունքը` Եղցահողի Սարի Բաբա կոչվող լեռից 2,9 կմ դեպի հյուսիս-արեւելք, եւ իրականացնում է դիրքի կառուցման ինժեներական աշխատանքներ: Անմիջապես լուր տարածվեց, որ ադրբեջանական կողմը, գրավելով այս բարձունքը, իր հսկողության տակ է վերցրել Արցախ-Հայաստան լեռնաանտառային ճանապարհը, որով դեռեւս որոշակի կապ էին պահպանում Հայաստանի հետ: Մեր արցախյան աղբյուրից հետաքրքրվեցինք, թե ինչ իրավիճակ է տիրում, որքան են ադրբեջանական հրոսակներն առաջ եկել:


Նշված տարածք այցելած մեր զրուցակիցն ասաց, որ նախ` ոչ թե հողային ճանապարհն են գրավել, այլ ընդհուպ մոտեցել են ճանապարհին, եւ այդ ճանապարհով երթեւեկելը դարձել է վտանգավոր` ճանապարհը հայտնվել է նշանառության տակ, ուստի հայկական կողմը խուսափում է այդ ճանապարհն օգտագործելուց: Թշնամու զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր, եւ դա նաեւ ռուսական խաղաղապահների անգործության, թողտվության հետեւանքն է: Խաղաղապահները փորձում են խաղաղ միջոցներով հետ մղել ադրբեջանցիներին` կոչ են անում, հորդորում են հետ քաշվել ելման դիրքեր, բայց առայժմ՝ անարդյունք: Բացի այդ, մշտապես փոխհրաձգություններ են լինում հայկական պաշտպանական բանակի եւ ադրբեջանցի զինյալների միջեւ: Բայց զոհեր ու վիրավորներ չունենք: Ինչ վերաբերում է հողային, այլընտրանքային ուղիներին, ապա Լիսագորի այս ճանապարհից բացի, այլ շրջանցող ճանապարհներ էլ կան, որոնք կարող են օգտագործվել Հայաստան-Արցախ կապը պահելու համար, բայց դրանք դժվարանցանելի են: