Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և խոսել «ծայրահեղ լարված» աշխարհաքաղաքական իրավիճակի, անվտանգության հիմնախնդիրների և տնտեսական զարգացումների մասին: Այդ մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Հանրապետության նախագահը զրույցը սկսել է աշխարհաքաղաքական խնդիրների քննարկումից` նշելով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհն այսպես ծայրահեղ լարված վիճակում չի եղել: «Ուզենք, թե ոչ՝ այս խնդիրները մեզ ևս անդրադառնալու են: Դրա հետ կապված՝ ցանկանում էի նաև Ձեր ներկայությամբ ասել, որ ես գնահատում եմ այն աշխատանքը, որ Կառավարությունն է տանում, Դուք անձամբ եք տանում, մեր դիվանագետներն են տանում», - ասել է նախագահը:
Նախագահի կարծիքով, հասարակությունը պատրաստ չէ այն տեղեկատվությունը, որ կառավարությունը ներկայացնում է հանրությանը անվտանգության խնդիրների վերաբերյալ: «Ինչո՞վ են պայմանավորված ընկալման այս մոտեցումը, ձևը, մեկնաբանությունները: Կարծում եմ, որ մենք դեռևս Խորհրդային միության հին ստերեոտիպի մեջ ենք՝ որ ինչպե՞ս կարող է կառավարությունը կամ իշխանությունը բաց լինել հասարակության հետ: Այն ժամանակ ամեն ինչ փակ էր, լավագույն դեպքում՝ մենք ենթադրությունների հիման վրա էինք մեր կարծիքները կազմում կամ փորձում հասկանալ՝ երկրում ինչ է կատարվել», - ասել է նա` կոչ անելով կառավարությանը «ավելի հրապարակայնացնել» իր գործունեությունը և որպես հրապարակման թեմա առաջարկել դիտարկել Մեղրի-Ագարակ հատվածում կառուցվող ճանապարհային հանգույցը:
Իր հերթին վարչապետ Փաշինյանը, կարևորելով հանրության հետ ակտիվ հաղորդակցությունը, նշել է, որ հաճախ «կառավարությունների մեր ընկալումն այն է, որ մենք հանրությանը պետք է հաղորդենք միայն լավ լուրեր կամ ամեն ինչին նայենք միայն լավ դիտանկյունից»:
«Այդ պրոբլեմը, այդ դիլեման, իմիջիայլոց, ուզում եմ ասել, որ նաև երկար ժամանակ հետապնդել է, այդ թվում՝ ինձ, մինչև 2020 թվականի պատերազմը, որովհետև այն իրականությունը, որ 2018 թվականի դրությամբ մենք ունեցել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում, այդ բովանդակությունը, որն ունեցել ենք, ընդհանրապես որևէ ընդհանուր հաղորդակցություն չի ունեցել հանրային ընկալումների հետ, այն ընկալումների հետ, որոնք մենք ունեցել ենք Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի և բովանդակության հետ կապված: Ըստ էության, այո՛, դա ռազմավարական որոշում է, որ մենք պետք է հանրության հետ հաղորդակցվենք», - նշել է վարչապետը:
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրի կատարման ընթացքին, ապա դրա վերաբերյալ հաշվետվությունից Փաշինյանը կատարել է «երկու շատ կարևոր ընդգծում»:
«Առաջին թվարկումը, հիշատակումը, որ շատ կարևոր է ինձ համար, վերաբերում է առողջապահության ոլորտին: 2017 թվականի համեմատ՝ 2022 թվականի արդյունքներով մենք պետպատվերով առողջապահական ծառայությունների ծավալը կրկնապատիկից ավելացրել ենք, այսինքն՝ 125 տոկոս աճ ենք ունեցել 2017 թվականի համեմատ. 2017 թվականին քանի դեպք Հայաստանի Հանրապետության քաղաքացին սպասարկվել է պետպատվերով, 2022 թվականին այդ թիվը 125 տոկոսով աճել է, այսինքն՝ կրկնապատիկից ավելի աճ է ունեցել:
Հաջորդ վիճակագրական տվյալը, որն ինձ համար կրկին շատ կարևոր է, հետևյալն է. 2022 թվականի ընթացքում հայկական ավիաընկերությունները 900 000-ից ավելի ուղևորի փոխադրում են իրականացրել: Սա շատ կարևոր է, որովհետև մեր քաղաքական հանձնառությունն է եղել նաև, որ մենք պետք է հայաստանյան ավիաընկերություններ ունենանք, և ըստ էության՝ շուկայի շուրջ 25 տոկոսը հենց հայկական ավիաընկերություններն են: Սա շատ կարևոր է նաև հայրենադարձության իմաստով, որովհետև 2022 թվականի ընթացքում ավիացիայի ոլորտում շուրջ 200 աշխատատեղ է ստեղծվել, և շատ բարձրակարգ օդաչուներ՝ Հայաստանում ծնված, մեծացած, ովքեր Հայաստանում աշխատանք չեն ունեցել և միայն արձակուրդներին են եկել, հիմա աշխատում են Հայաստանում և նաև կարող են արձակուրդն անցկացնել Հայաստանում», - ասել է վարչապետը:
Վահագան Խաչատուրյանը որպես տնտեսական հաջողության կարևոր ցուցիչ նշել է գործազրկության ծավալի կրճատումը, որը նվազել է մինչև 11,5 տոկոս: Նախկինում եղել է մինչև 25-30 տոկոս:
Նախագահը նշել է, իր կրածիքով, երկու կարևոր խնդրի մասին: «Տարածաշրջանում լիարժեք խաղաղության հաստատում, մեր տարածաշրջանը դարձնել միջազգային համագործակցության կենտրոն և երկրորդը՝ իհարկե, ժողովրդավարություն: Հետնահանջ չունենք այն սկզբունքներից, որոնք ընտրել ենք: Կառավարությունը դա է իրականացնում», - ասել է Վահագան Խաչատուրյանը, որի հետ համաձայնել է Նիկոլ Փաշինյանը:
«Այո, ակնհայտորեն, անվտանգությունը, արտաքին անվտանգության և խաղաղության ապահովումը բացարձակ առաջնահերթություն են, և նաև դա է պատճառը, որ մեր համատեղ աշխատանքը, ըստ էության, մեր օրակարգի մեծ մասը նվիրված է դրան: Բայց ինձ համար կարևոր է նաև, որ չնայած այդ ամենին՝ մենք բարեփոխումների օրակարգը ոչ միայն չենք ձախողել, այլև, ընդհակառակը, հենց Կառավարության հաշվետվության զեկույցի առանցքային միտքը դա է, որ այս ամեն ինչին մեր արձագանքը ինչ-որ առումով պետք է լինի ասիմետրիկ: Ի՞նչ նկատի ունեմ՝ մենք զարգացման օրակարգից, բարեփոխումների օրակարգից ոչ մի վայրկյան չպետք է շեղվենք՝ իհարկե, շարունակելով ավելի ու ավելի կենտրոնացած մնալ անվտանգային օրակարգի վրա», - եզրափակել է վարչապետը: