23.11.2024
Հիմա մեզ պետք է նոր «Նեմեսիս»` հանուն մեր ապագա հաղթանակների. Ղազինյան
prev Նախորդ նորություն

Թեւակոխել ենք քաղաքական նոր շրջափուլ․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. Թեւակոխել ենք քաղաքական նոր շրջափուլ՝ դիրքավորման կամ հիասթափության շրջան։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի երբեմնի ակտիվ քննադատներից շատերն այսօր կա՛մ թուլացրել են քննադատության չափաբաժինը, կա՛մ ընդհատակ անցել: Ասենք, «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը, Վահե Հակոբյանը, որոշ իմաստով՝ նաեւ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, 5165 շարժման համահիմնադիր Կարին Տոնոյանը, ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, նախկին բարձրաստիճան զինվորականներ Օնիկ Գասպարյանը եւ այլք։ Մարդիկ, որոնք ամիսներ առաջ անխնա քննադատում էին Նիկոլ Փաշինյանին ու իշխանություններին, այսօր կա՛մ պասիվացել են ու մեղմ լեքսիկոն որդեգրել, կա՛մ ընդհատակ անցել։ Հանուն արդարության նշենք, որ նույն գծի մեջ է նաեւ ԱԺ ընդդիմությունը` իշխանության դեմ 1-2 խոսող է մնացել: Եվ անգամ սկանդալային իրադարձությունները նրանց չեն ստիպում իշխանություններին կտրուկ քննադատել եւ իրենց օգտին ծառայեցնել, օրինակ, քովիդի գծով բացահայտումները: Պարզ է, որ մարդիկ չեն սիրում համառ եւ հետեւողական պայքար մղել` կեսճանապարհից հոգնում են՝ համարելով, որ իրենց քննադատությամբ ոչինչ փոխել չեն կարող: Ոմանց էլ իշխանությունն է իր գործիքակազմով լռեցրել կամ «գնել»։


«Հրապարակ» թերթը գրում է. Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովին մասնակցելու համար մարտի 11-15-ը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը գործուղվել էր Մանամա (Բահրեյնի Թագավորություն)։ Այցն աչքի ընկավ ուշագրավ միջադեպով, որի մասին հանրությանն իրազեկեց անձամբ ԱԺ նախագահը՝ իր էջում։ «Բահրեյնում ելույթիցս հետո ինձ մոտեցան ադրբեջանցի լրագրողները եւ խնդրեցին պատասխանել երկու հարցի: Ի պատասխան ասացի, որ, միեւնույն է` չեք ցուցադրելու»,- գրել էր Սիմոնյանը եւ ներկայացրել իր եւ լրագրողի միջեւ ծավալված երկխոսությունը. «Չէ, չէ, ի՞նչ եք ասում, REAL TV-ն հաստատ կցուցադրի, պատասխանեց ինձ լրագրողը: Հարցրեցին կրակոցների մասին, որի հետեւանքով ԼՂ երեք ոստիկան էր զոհվել: Ասացի՝ մարդկանց կյանքի հետ մի խաղացեք, մենք զենք ԼՂ չենք տեղափոխում, իզուր մի փնտրեք: Երկրորդ հարցը վերաբերում էր ականներին: Պատասխանեցի, որ նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է արձանագրել, որ նման բան չկա: Մինչ հիմա ոչ մի կտոր այդ հարցազրույցից հրապարակված չէ: Փոխարենը ձոն է հնչում, թե ինչպես Սագիբա Գաֆարովան՝ Միլիմեջլիսի նախագահը, բացահայտեց ՀՀ ԱԺ նախագահի ստերը, որ իրականում Լաչինի միջանցքը բաց է, եւ որ հայերը 30 տարի օկուպացրել էին իրենց տարածքները եւ այլն, եւ այլն: Կարճ ասած՝ հին ադրբեջանական սկավառակի նոր պրեզենտացիա»: Վերջում էլ ԱԺ նախագահն «ազատություն» էր մաղթել հարեւան երկրի ժողովրդին եւ մամուլին։


Այս հրապարակումից հետո շատերին հետաքրքրեց՝ ինչպես ու ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ԱԺ նախագահի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Բանն այն է, որ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում տեղի ունեցող միջոցառումների ժամանակ, որպես կանոն, հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ շփումներ տեղի չեն ունենում: Հատկապես պատերազմից հետո Ադրբեջանի ներկայացուցիչները դեմոնստրատիվ կերպով հրաժարվել են բոլոր հնարավոր շփումներից: Անգամ միջոցառումներից հետո տեղի ունեցող հյուրասիրությանն են հրաժարվել մասնակցել, քանի որ պետությունների ներկայացուցիչները սեղանի շուրջ տեղավորվում են այբբենական հերթականությամբ, եւ ստացվում է այնպես, որ մեր եւ հարեւան պետության ներկայացուցիչները բավականին մոտ պետք է նստեն։ Կողմերի «փոխհարաբերությունը» դրսեւորվել է միայն նրանով, որ ամբիոնից արձագանքել-հակադարձել են միմյանց ելույթներին։ Նույն գծի մեջ էլ իրենց պահել են նաեւ պատվիրակությունների այցերը լուսաբանող երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչները:


ԱԺ նախագահի մամուլի խոսնակից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է տեղի ունեցել Բահրեյնի հանդիպումը, ո՞ւմ նախաձեռնությամբ, գուցե երրորդ կողմի միջնորդական առաքելության արդյո՞ւնքն է եղել։ Ծովինար Խաչատրյանը մեզ փոխանցեց, որ հայկական կողմի համար եւս զարմանալի է եղել, երբ ԱԺ նախագահի ելույթից հետո ադրբեջանցիները, սովորույթի համաձայն, մեր պատվիրակներին հայացքներով զննելուց հետո ի վերջո մոտեցել են ԱԺ նախագահին` հարցազրույցի խնդրանքով։ Խոսնակը տեղեկացրեց, որ ադրբեջանական հիշյալ լրատվամիջոցը միայն Ալեն Սիմոնյանի կողմից իր հարցազրույցի մանրամասները հրապարակայնացնելուց հետո է ընդհանուր ռեպորտաժ պատրաստել՝ չհրապարակելով նրա խոսքը: Խոսնակն ասաց. «Ես նույնիսկ իմ հեռախոսահամարը փոխանցեցի, որ նյութը պատրաստելիս խնդիրների դեպքում զանգահարեն, իսկ իրենք հրաժարվեցին իրենցից կոնտակտային տվյալներ փոխանցել»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններն արդեն նախկինի պես լարված չեն: Եվ հենց դա է պատճառը, որ երեկ լրագրողների հետ զրույցում Պապիկյանը վստահ հայտարարեց. «Ես չեմ պատրաստվում իմ առջեւ դրված խնդիրները կիսատ թողնել, չեմ պատրաստվում հրաժարական տալ։ Եվ, այո, շարունակելու եմ իմ սկսած բարեփոխումները, եւ թե որքան կհաջողվի այն իրականացնել, կյանքը ցույց կտա»,- ասաց Պապիկյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ նրա ու Փաշինյանի հարաբերությունները տեւական ժամանակ լարված էին, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կեղծված ընտրությունների համար նրան էին մեղադրում՝ իբրեւ պատասխանատուի: Մեր տեղեկություններով՝ ամեն ինչ հարթվել է, եւ Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ Սուրեն Պապիկյանը կապ չունի 2022 թվականի նոյեմբերին տեղի ունեցած վարչության կեղծված ընտրությունների հետ: Այս իրավիճակում ուշագրավն այն էր, որ Պապիկյան-Փաշինյան լարվածությունից ցանկանում էր օգտվել Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը՝ զբաղեցնելու ՊՆ նախարարի պաշտոնը: Նա չհասավ իր նպատակին։ Մեկնաբանության համար դիմեցինք Ռոմանոս Պետրոսյանին, որը նշեց. «Աբսուրդ է, նույնիսկ մեկնաբանելու բան չկա այդտեղ։ Խնդրում եմ էդ հարթության եւ բովանդակության հարցեր չուղղել ինձ այսուհետ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի շուրջ բարձրացած մեծ աղմուկից ՔՊ-ական պատգամավորները շունչները պահած սպասում են՝ ում հերթն է հաջորդը: Բայնն այն է, որ Թորոսյանի պաշտոնավարման ժամանակ եղած կուռուպցիոն վերջին բացահայտումները իսկապես բարկացրել են Փաշինյանին, որը սիրում է տարբեր առիթներով հայտարարել, թե Հայաստանում այլեւս կոռուպցիա չկա, այնինչ ստացվում է՝ հենց իր թիմակիցներն են կոռուպցիայի կենտրոնում: Թորոսյանի հետ կապված այս աղմուկից հետո Փաշինյանը որոշել է պատժել թիմակիցներից մեկ-երկուսին եւս, որպեսզի օրինակ լինի մյուսներին: Թիմակիցներին «զոհաբերելով»՝ Փաշինյանը մտադիր է մեկ կրակով երկու նապաստակ սպանել. նախ հանրությանը ցույց կտա, որ ինքը կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է մղում ու չի խնայում անգամ սեփական թիմակիցներին, բացի այդ, նաեւ «կզսպի» մյուս թիմակիցներին, որպեսզի չհայտնվեն կոռուպցիոն նման սկանդալների կենտրոնում: Բանն այն է, որ այդ պատմությունները ազդում են հենց Փաշինյանի վարկանիշի վրա: ՔՊ-ական պատգամավորներից շատերն էլ այս ընթացքում հասցրել են կտրուկ բարելավել իրենց սոցիալական վիճակը, նոր բնակարաններ, մեքենաներ ձեռք բերել…, դրա համար էլ շունչները պահած սպասում են, թե Փաշինյանի հրահանգով ու իրավապահների «թեթեւ ձեռքով» ում անունն է հայտնվելու կոռուպցիոն սկանդալի կիզակետում:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանձնարարել է «Մարտի 1»-ի գործը հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանին Հակակոռուպցիոն կոմիտեից պահանջել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի մասով նյութերը, ուսումնասիրել այն մանրակրկիտ եւ որոշում կայացնել: Նշենք, որ 2008 թվականի «Մարտի 1»-ի գործով ցուցարար Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվող ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ գործի վարույթը կարճելու մասին միջնորդություն էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին փաստաբան Վաղարշակ Գեւորգյանը։ Բանն այն է, որ ավելի քան երեք տարի առաջ ՀՔԾ-ն հայտարարել էր, որ բացահայտել են 2008 թվականի մարտի 1-ին արձանագրված 10 մահվան դեպքերից մեկը։ Նշվում էր, որ 2008 թվականին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը հրազենի գործադրմամբ դիտավորությամբ կյանքից զրկել է Զաքար Հովհաննիսյանին: 2019 թվականի հունիսի 7-ին Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց։ Նշենք, որ Զաքար Հովհաննիսյանը հրազենային վնասվածք է ստացել որովայնի շրջանում Մաշտոցի պողոտայի մոտակայքում 2008 թվականի մարտի 1-ի ուշ երեկոյան «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված կրակոցի հետեւանքով։ Հետագայում պարզ դարձավ, որ զենքը չի հայտնաբերվել, հետեւաբար չկա որեւէ ապացույց։ 2019 թվականի օգոստոսի 4-ին Պետրոսյանն ազատ արձակվեց «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, քանի որ լրացել էր կալանքի երկամսյա ժամկետը, իսկ նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն՝ ներկայիս Հակակոռուպցիոն կոմիտեն, կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն մինչ օրս չի ներկայացրել:


«Փաստ» օրաթերթը գրում է. Խորհրդային ժամանակների մի քայլերգ կար՝ հանրահայտ Իոսիֆ Կոբզոնի կատարմամբ: Ասում էր՝ հեղափոխությունն ունի սկիզբ, հեղափոխությունը վե՛րջ չունի: Հիմա մերն է, ավելի ճիշտ՝ «քայլողներինը»: Նախօրեի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե բա՝ «հեղափոխությունը չի հասել իր տրամաբանական ավարտին, հեղափոխությունը շարունակվում է»: Այս դեպքում իսկապես կարելի է ասել՝ էդ մեզ սպառնո՞ւմ ես: Չէ՛, լո՞ւրջ: Բոլորս էլ գիտենք, տեսնում ենք, որ «հեղափոխությունը», ազգի ու պետության գլխին թափվող շարունակական փորձանքների տեսքով ու որպես մի հավաքական պատուհաս, շարունակվում է: Թե բա՝ «փլուզվող աշխարհ», «փլուզվող շենք», չմոռանանք՝ «ակը տակից թռած ավտո»: Իրավիճակում, կամ ավելի տեղին է ասել՝ մղձավանջի, եթե կուզեք՝ քպղձավանջի պայմաններում, որի մեջ հայտնվել ենք, հայտարարել, թե՝ «հեղափոխությունը շարունակվում է», նույնն է, թե ասես՝ «պատուհասը շարունակվելու է»: Թեպետ, երևի դա էլ նկատի ուներ, ասելն էլ ինչպե՞ս է լինում: Նիկոլ Փաշինյանի մի քանի ժամանոց ճապաղ ասուլիսի հիմնական միտքն այն էր, որ փորձանքներն ու կորուստները շարունակվելու են: Այո, տեսնում ենք, որ «հեղափոխությունը շարունակվում է»: Եվ քանի դեռ «հեղափոխությունը շարունակվում է», «ապագա» չի լինելու, առնվազն Հայաստանի, Արցախի ու հայության համար: Չի՛ լինելու, որովհետև այդ «հեղափոխության» գլխավոր թիրախը Հայաստանն ու Արցախն են, նպատակը՝ Հայաստանն ու Արցախը կործանելն է: Քանի դեռ վերջնական կործանումը արձանագրված չէ, իսկ «շարժիչ ուժն» էլ ղեկի մոտ է, «հեղափոխությունը շարունակվելու է»: Այսինքն՝ շարունակվելու են աղետները, մահերը, կորուստները: «Պրոֆեսիոնալ հեղափոխականներին» (այսինքն՝ իրենց համար «հեղափոխությունը» մասնագիտություն է, ապրուստի միջոց) նման շարունակությունը պետք է, դա իրենց հացուջուրն է: Բայց երկրի հետ կործանվող մնացյալի՞ ինչին է պետք այդ մահաբեր ու երկրաքանդ «հեղափոխության» շարունակումն ու «տրամաբանական ավարտը», թող յուրաքանչյուրն ինքնուրույն հետևություն անի:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախկինում անդրադարձ կատարել ենք կրիպտոարժույթների ու բլոքչեյն համակարգերին. դրանք լայն թափով զարգանում ու աճում են աշխարհում։ Կան երկրներ, որտեղ պետությունն օրենսդրական մակարդակով կարգավորել է ոլորտը, տեղ-տեղ նույնիսկ պետությունն է թողարկում սեփական կրիպտոարժույթը։ Հայաստանում ոլորտը ներկայացնող ամենախոշոր ընկերություններից մեկը հանդիսացող TETChange-ից մեզ փոխանցեցին, որ կրիպտոշուկայում նկատվող ակտիվության ֆոնը մեր երկրում տնտեսական զարգացման լավ հնարավորություն է ստեղծում, ամենաքիչը այն լրացուցիչ ազդակ կարող է հաղորդել տնտեսության զարգացմանը: Ընկերության հիմնադիր Հրաչյա Դանիելյանը մեզ հետ զրույցում օրինակ բերեց հարեւան Վրաստանը, որտեղ մշակվում է նախագիծ, ինչը կկարգավորի կրիպտոարժույթների ինտեգրացիան՝ որպես ֆինանսական համակարգի մաս: Նա ավելացրեց նաեւ, որ չնայած մեզանում ոլորտը կարգավորված չէ, բայց առանձին ընկերություներ ստանձնել են համակարգը կարգավորող պիոներների դերը ու ցանկացած պահի պատրաստ են օգնել պետության համապատասխան մարմիններին՝ զարգացնելու ոլորտը: TETChange ընկերությունից մեզ փոխանցեցին, որ Հայաստանի տնտեսության վրա կրիպտոարժույթների եւ բլոկչեյն տեխնոլոգիաների իրական ազդեցության մասին չկան մասնագիտական հաշվարկներ, չկա նաեւ դրանց զարգացման դեպքում տնտեսության իրական սեկտորի աճի մասին ռեալ պատկերացումներ: Դանիելյանը հավելեց նաեւ, որ պատրաստ են ցուցաբերել համապատասխան մասնագիտական աջակցություն ՀՀ կենտրոնական բանկի մասնագետներին, եթե նման առաջարկ ստանան: Հատկանշական է, որ համաշխարհային լուրջ ընկերությունների ուսումնասիրությունների համաձայն՝ մինչեւ 2023թ. վերջը կրիպտոարժույթ օգտագործողների թիվը կհասնի մի քանի հարյուր միլիոն մարդու, ավելին՝ շատ տնտեսագետներ կարծում են, որ կշահեն այն պետությունները, որոնք հնարավորինս արագ կընդունեն կրիպտոփոխանցումները՝ որպես պաշտոնական վճարամիջոց: Ի դեպ, անցած տարի վերջապես ԲՈԿ-ը գրանցել է ոլորտի վերաբերյալ առաջին թեկնածուական թեզը, որի հեղինակը «Տետչենջ» ընկերության հիմնադիրն է, իսկ թեզի թեման՝ «էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի եւ կրիպտոարժույթների ֆինանսական կառավարման հիմնախնդիրները»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Արդեն մոտ 5 տարի Հայաստանի պետության ղեկին հայտնված Նիկոլ Փաշինյանի անչափ սիրելի թեմաներից մեկը «արդար ընտրությունների» մասին հնարածին պաթոսն է: Իբր՝ իրենք չեն կեղծում, չեն կաշառում, վարչական ռեսուրսներ չեն կիրառում և այլն, և այլն: Հա, ու ինքն, իբր, ամենից հաճախ ու ամենից շատ «հրաժարական տված» ղեկավարն է: Այո, «հրաժարականներ» նա շատ է տվել, բայց բոլորն էլ ձևական կամ՝ «տեխնիկական», այսինքն՝ միայն այն բանի համար, որ արտահերթ ընտրություններ լինեն: Ըստ որում, այդ ընթացքում նա փաստացի շարունակել է վարչապետություն անել, դա էլ չմոռանանք: Ընտրությունների մասին: Եթե որևէ մեկը կարծում է, թե ընտրությունների միջոցով Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հնարավոր կլինի ձերբազատվել, ապա նա առնվազն քաղաքականապես միամիտ է: Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք բոլոր կարգի ընտրությունները, առավել ևս՝ համապետական, ընթացել են իշխանության կողմից ահաբեկման, բռնաճնշումների, ընտրողներին ծառայությունների կամ ապրանքների տրամադրման (խոստանալու), աննախադեպ վարչական ռեսուրս կիրառելու պայմաններում և միջավայրում: Ախր, Նիկոլ Փաշինյանի կուսակցությունում նույնիսկ իրենց վարչության ընտրություններն էլ են կեղծում, հետո այն կարգի աղմուկ են բարձրացնում, որ բոլորն են դրա մասին իմանում:


Բայց ժողովրդի կամարտահայտության (կամքի արտահայտության, ընտրելու) նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի վերաբերմունքն ամենից ցայտուն երևաց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ: Ավելի ճիշտ՝ հետո: Թեթևակի հիշեցնենք մի քանի օրինակ: Այն բանից հետո, երբ Վանաձորում տեղական ընտրություններում հաղթեց ոչնիկոլական թեկնածուն՝ Մամիկոն Ասլանյանը, նրան անմիջապես կալանավորեցին ու մինչև հիմա, իբր թե, «գործ» են քննում: Փաստն այն է, որ երկրի երրորդ խոշոր քաղաքը ղեկավարում է ոչ այն անձը, որին քվե է տվել ընտրողների մեծ մասը: Հասկանալի է, որ Փաշինյանին հաճո ինչ-որ մեկին են նշանակել՝ ընտրված, բայց կալանավորված քաղաքապետի փոխարեն: Իսկ Բերդում մի փոքր այլ տարբերակ էր: Այստեղ նախապես էին կալանավորել համայնքապետ Հարություն Մանուչարյանին, բայց անազատության մեջ գտնվելու պայմաններում էլ նրա գլխավորած դաշինքը 2022-ի սեպտեմբերին հաղթեց ՏԻՄ ընտրություններում: Սակայն Հարություն Մանուչարյանին բանտից ազատեցին միայն այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ համայնքապետի պաշտոնին չի առաջադրվելու: Սյունիքի խոշոր համայնքների ղեկավարների «հետևից ընկնելու» փաշինյանական էպոպեան նույնպես հանրահայտ է: Առհասարակ, համայնքապետները վերջին 4-5 տարում, թերևս, ամենից հաճախ ձերբակալվող-կալանավորվողներն են եղել, Փաշինյանի ռեժիմի քաղաքական հակառակորդ ուժերի ներկայացուցիչներին եթե միառժամանակ նկատի չունենանք:


Բայց, որքան հիշում ենք, որևէ կալանավորյալ համայնքապետի վերաբերյալ «գործ» աղմկահարույց դատավարության չի հասել: Հիշեցնենք, որ 2022ի սեպտեմբերի ՏԻՄ ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն պարտվեցին մի ամբողջ շարք համայնքներում: Եվ՝ ի՞նչ: Իսկ այն, որ եթե Փաշինյանի «իրավապահ մարմինները» ՏԻՄ ընտրություններում հաղթած ոչ-քպական թեկնածուներին ուղիղ կերպով չէին կալանավորում, ապա ավագանիների քպական անդամներն ամեն հնարավոր բան անում էին, որպեսզի տապալեն նորընտիր ավագանու աշխատանքը, բոյկոտում էին, որպեսզի նոր ընտրություններ լինեն: Օրինակ՝ մի քանի համայնքում այդ «տակտիկայով» իրենցով արեցին համայնքապետարանները (ասենք՝ Վեդիում, օրինակների պակաս չկա):


Կարճ ասած, կապ չունի, թե ով ում կընտրի, միևնույնն է, Նիկոլ Փաշինյանը պիտի յուրայիններին դնի: Ու մի հատ էլ դրանից հետո խոսի «ժողովրդավարության չեմպիոնների լիգայից» ու նման բաներից: Այ, օրինակ՝ Սիսիանում էլ շուտով պիտի ՏԻՄ «ընտրություններ» լինեն: Այսինքն, փաստացի վերընտրություններ: Դե, որովհետև այստեղ էլ ՔՊ-ի «տակտիկան» իր դեմ էր ուղղվել, այստեղ ոչ-քպականներն էին բոյկոտել ավագանու նիստերը, և հնարավոր չէր եղել համայնքի ղեկավար ընտրել: Մարտի 26-ին Սիսիանում «կրկին փորձիր» են անելու: Բավականին հետաքրքիր կազմերով, ի դեպ: Այստեղ Սիսիանը ղեկավարելու հավակնություններ ունի, ավելի ստույգ՝ ընտրություններին պարզապես մասնակցում է «Քաղաքացու որոշումը», որն, ինչպես հայտնի է, շատերի կողմից մերձիշխանական, Նիկոլ Փաշինյանի համար՝ պահեստային կուսակցություն է համարվում: Սիսիանում մարդկանց աչքից չի վրիպել, որ տեղական իշխանության համար պայքարի մեջ մտած այս ուժի համամասնական ցուցակի վերնամասում ներկայացված թեկնածուները կա՛մ ՀՀՇ-ի հետ կապ ունեն, կա՛մ, այսպես ասած, «սորոսական» են համարվում: Բարձր տեղերում նույնիսկ թեկնածու կա, որը նախկինում կապված էր «Ապրելու երկիր» կուսակցության հետ, իսկ հիմա՝ ընդամենը մի քանի ամիս անց, կտրուկ «հեղափոխվել» է: Ամեն պարագայում հետաքրքիր «ռեբրենդինգ» կամ «սոուս» է. հհշ-ա-սորոսա-քպ-ա-մերձական: Եվ եթե Սիսիանում ընտրություններից հետո մասնակից-մրցակիցներից ոչ մեկին չկալանավորեն, կարելի է չկասկածել, որ հայտարարվել է Նիկոլ Փաշինյանին ձեռնտու քվեարկության արդյունք: Ահա և ձեզ «ժողովրդավարության» չեմպիոնական բատիստը, էհ, կներեք, «բաստիո՛նը»: