VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների շտաբի դիմաց իրականացված բողոքի ակցիայից հետո ռուսական կողմը, ըստ որոշ տեղեկությունների, լուրջ դժգոհություններ է հայտնել Արցախի իշխանություններին, որ թույլ են տալիս նման ակցիաներ արվեն արգելափակված Արցախում։ Հիշեցնենք, որ նախանցած կիրակի՝ ադրբեջանցիների իրականացրած ահաբեկչությունից հետո, որին զոհ գնաց 3 ոստիկան, ՀԿ սեկտորի մի խումբ ներկայացուցիչներ՝ Տիգրան Պետրոսյանի, Արթուր Օսիպյանի ղեկավարությամբ, բողոքի ակցիա արեցին խաղաղապահների կենտրոնական հավաքատեղիի առջեւ՝ պահանջելով իրականացնել վերահսկողական գործառույթները։ Չնայած ցուցարարների քանակը բավականին փոքր էր՝ 20-30 հոգի, սակայն երեկ Փաշինյանի հայտարարությունից պարզ դարձավ, որ ՀՀ իշխանություններն այդ փաստն օգտագործում են որպես հայ-ռուսական հարաբերությունների, մասնավորապես ռուսական կողմի պարտավորությունները չկատարելու եւ այդ պատճառով հակառուսական տրամադրություններ ձեւավորելու ապացույց: «Ինձ համար Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում ամենակարեւոր խնդիրն այն է, որ շատ անսպասելի բան է տեղի ունեցել ԼՂ-ում, երբ ռուս խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանի դիմաց ԼՂ բնակիչների բողոքի ակցիա է տեղի ունեցել: Սա մտահոգություն է, եւ ես հարկ եմ համարել Ռուսաստանի Դաշնության նախագահին այդ մտահոգությունները փոխանցել»,- երեկ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ էլ ավելի խորացնելով կասկածները, որ Արցախի ՀԿ սեկտորի հայտնի ներկայացուցիչներն իր ցուցումով են հակառուսական ակցիա իրականացրել, որպեսզի ինքը կարողանա դա ռուսների դեմ օգտագործել։ Հիշեցնենք, որ 2018-ից հետո էլ ՀԿ սեկտորի հիշյալ ներկայացուցիչները Փաշինյանի հովանու ներքո Արցախում ակտիվ գործողություններ էին ծավալում՝ փորձելով, այսպես կոչված, հեղափոխությունը Հայաստանից Արցախ տեղափոխել, ինչը չստացվեց։
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Պուտինի հետ իր վերջին խոսակցությունը նվիրված է եղել հիմնականում ԼՂ էսկալացիայի վտանգին: Հարցին, թե ՌԴ-ն կո՞ղմ է Արցախի՝ Ադրբեջանի հետ ինտեգրացիային, ասաց. «Ես կոռեկտ չեմ համարում այդ հարցերի վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը բարձրաձայնել, մանավանդ որ ՌԴ-ն բազմիցս բարձրաձայնել է իր դիրքորոշումը»։ Արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը համոզված է՝ ՌԴ-ն դեմ է ինտեգրմանը, հակառակ դեպքում խաղաղության պայմանագրի ՌԴ առաջարկած տարբերակում Արցախի հարցը նույնը կլիներ, ինչ արեւմտյան տարբերակում է։ Մինչդեռ ՌԴ-ն առաջարկում է հարցը թողնել հետագա ժամանակներին: Բացի այդ, Հակոբյանի խոսքով, ինտեգրման մասին բառ անգամ չկա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ «Եթե եռակողմ հայտարարության մեջ անգամ ակնարկ լիներ ինտեգրման մասին, ապա խաղաղության իր առաջարկած տարբերակում Արցախի մասին կետ չէր լինի, եւ չէր արձանագրի, որ դեռ վաղ է խոսել Արցախի ճակատագրի մասին, այդ հարցը պետք է թողնել հետագա բանակցություններին»,- ասաց Հակոբյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն 4-րդ անգամ է երկարացրել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փետրվարի 27-ին դատարանը որոշել է, որ նա եւս երկու ամիս պետք է մնա կալանքի տակ: Հավելենք, որ արդեն 6 ամիս է, ինչ Արզումանյանը կալանքի տակ է: Հիշեցնենք, որ 2022թ.-ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։ Երեկ էլ Նիկոլ Փաշինյանն իր սուլիսում, հենց Արզումանյանին ակնարկելով, ասում էր, թե մարդիկ միջնորդում են, որ ներողամիտ լինենք: Բա չբացահայտվի՞՝ ինչպես ընկավ Շուշին: Այլ կերպ ասած, երեկ Փաշինյանը, քննչականի փոխարեն, գրեց Արզումանյանի մեղադրական դատավճիռը:
«Հրապարակ» թերթը գրում է. Քովիդի հայտնի գործով կիրակի օրը կալանավորված Գեւորգ Սիմոնյանին իրավապահները տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ։ Որպես կանոն, պաշտոնատար անձինք կալանքը կրում են «Վարդաշեն» ՔԿՀ-ում կամ ԱԱԾ-ի «Երեւան-Կենտրոն»-ում, սակայն փոխքաղաքապետին ոչ միայն «Արմավիր» են տարել, որը գտնվում է «զոն նայողների» հսկողության տակ, այլեւ, պարզվում է՝ նրան եւ նույն գործով մյուս անձին՝ «Մեդլայն» բժշկական կլինիկայի տնօրեն Բաբկեն Շահումյանին, նույն խցում են նստեցրել, ինչը կալանավայրերի պրակտիկայում ընդունելի է համարվում: Այդպես վարվում են միայն այն ժամանակ, երբ տվյալ խուցը գաղտնալսվում է, եւ նույն գործով «հանցակիցներին» իրար հետ նստեցնելով հույս են ունենում, որ կալանավորվածները գործից կխոսեն, եւ նոր փաստեր ձեռք կբերի նախաքննության մարմինը։ Ի դեպ, մեր տեղեկություններով, փոխքաղաքապետը խնդրել է իրեն տեղափոխել մենախուց: Թե ինչու է Սիմոնյանը նախընտրում այդպիսի ծանր փորձության ենթարկվել` մենակ նստել, դժվար է ասել: Հիշեցնենք, որ մենախցային ռեժիմում է գտնվում նախկին Պնախարար Դավիթ Տոնոյանը, ժամանակին մենակ է նստել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես արդեն հայտնել ենք, ՔՊ-ն երեկ վարչության նիստ է արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ նիստից: Տեղեկացանք, որ նիստը 4 ժամից ավել է տեւել, անցել է գերլարված մթնոլորտում: Փաշինյանը շատ անտրամադիր է եղել: Նիստի սկզբում ՔՊ-ականները Փաշինյանից հետաքրքրվել են Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներից, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի հետ կապված: Վարչապետն ասել է, որ այդ հարցում որեւէ լավ բան չկա: Նիստը թեժացել է հատկապես Արսեն Թորոսյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների թեմայի արծարծման ժամանակ: Արսեն Թորոսյանը ամեն կերպ փորձել է արդարանալ Փաշինյանի ու թիմակիցների առաջ, տարբեր պատճառաբանություններ է բերել, թե ինչպես է ստացվել, որ իր պաշտոնավարման օրոք կորոնավիրուսի պայքարի անվան տակ այդքան չարաշահումներ են եղել: Արսեն Թորոսյանը ՔՊ վարչության նիստը լավ առիթ է համարել Փաշինյանի հետ հանդիպելու ու նրան բացատրություններ տալու համար, սակայն նրան այդպես էլ չի հաջողվել լեզու գտնել, համոզել վարչապետին իր հետ մեղմ վարվել: Փաշինյանը շատ չոր է արձագանքել Արսեն Թորոսյանի արդարացումներին, գրեթե չի լսել նրան: Վարչապետը, մասնավորապես, ասել է, թե սպասում է նախաքննության ընթացքին, որից հետո պարզ կլինի, թե ում հետ են գործ ունեցել: Վարչության մյուս անդամները վախից չեն խառնվել խոսակցությանը, լուռ են եղել: Թորոսյանն էլ ասել է՝ եթե իրեն թիմում չեն հավատում, ապա անելիք չունի: ՔՊ-ում չեն բացառում, որ բանը հասնի նրան, որ Թորոսյանն առաջիկայում վայր դնի մանդատը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մարտի 8-ի կապակցությամբ ՔՊ-ական կանանց երկու շոկոլադե չուպաչուպս է նվիրել: Գրել էինք, որ Հակոբ Արշակյանի այս քայլը ծաղրի առարկա է դարձել ՔՊ-ում, իշխող ֆրակցիայի կանանցից ոմանք անգամ դեն են նետել Արշակյանի նվիրած չուպաչուպսները՝ համարելով դա անարգանք իրենց նկատմամբ: ԱԺ փոխնախագահը, պարզվում է, վրդովվել է մեր այս հրապարակումից եւ որոշել է անուղղակի արձագանքել մեզ՝ առանց կոնկրետացնելու. «Գիտնականներն ասում են, որ շոկոլադը երջանկացնում եւ ժպիտներ է պարգեւում մարդկանց։ Մի՛ վախեցեք դեղին մամուլից, իրար նվիրե՛ք հայկական շոկոլադ»,- գրել է Արշակյանը: Արշակյանի այս գրառումն ավելի ծանր վիճակի մեջ է դրել իրեն: Ֆեյսբուքյան օգտատերերը շարունակել են ծաղրել Արշակյանին՝ գրելով. «Հետաքրքիր է՝ դուք, շոկոլադ ուտելուց ու դեղին մամուլ կարդալուց բացի, ուրիշ գործ չունե՞ք անելու։ Ամբողջ սահմանի երկայնքով կուտակումներ կան թշնամու կողմից, Արցախը բլոկադայի մեջ է, սահմանամերձ բնակավայրերում մարդիկ տագնապով սպասում են պատերազմի վերսկսման, իսկ ԱԺ փոխնախագահը՝ թե բա շոկոլադ ու դեղին մամուլ… »։
«Ինչու՞ մտածեն. տակները՝ չոր, փորները՝ կուշտ։ Մտածելու համար ուղեղ է պետք»,- արձագանքել է մյուս օգտատերը: «Լավ է շոկոլադ, քան չուպաչուպս»,- արձագանքել են ֆեյսբուքյան օգտատերերը Արշակյանի գրառմանը: Հակոբ Արշակյանին իր իսկ գրառման ներքո օգնության են հասել ՔՊ-ական կանայք՝ Մարինե Խաչատրյանը եւ Հասմիկ Հակոբյանը, շնորհակալություն են հայտնել Արշակյանին համեղ նվերի համար: Զարուհի Բաթոյանը գրել է. «Մամաս շատ հավանեց, ասում է՝ կարող ես կրկնել, Արշակյա՛ն ջան»: Բաթոյանի սոցապնախարար անցյալն է հիշել ֆեյսբուքյան օգտատեր Հակոբ Արշակյանը. «Նախշու՛ն ջան, պատվարժա՛նս, կարգ ու թոշակ չստացած քաղաքացին ինչպե՞ս հասնի այդ շոկոլադին, երբ ունի լիքը մուծումներ եւ պարտքեր մշտապես…»: Կարճ ասած, անգամ իշխանության երբեմնի սիրելի «Ֆեյսբուք»-ում քննադատությունն ավելի շատ է: Եւ, հետեւաբար, հարց է առաջանում՝ մեզ արձագանքելու իմաստը՞…
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը արցախցիներից պարբերաբար ահազանգեր է ստանում, որ գնաճն Արցախում նոր ռեկորդներ է սահմանել, հատկապես մրգերի եւ բանջարեղենների գները աստղաբաշխական թվերի են հասել: Արցախի ամբողջական բլոկադայի պայմաններում հատկապես վերջին օրերին անհնար է դարձել անգամ սննդամթերքի ներկրումը: Արցախից ահազանգեցին, որ լոլիկի 1 կիլոգրամի գինը հասել է 3000-3500-ի, սմբուկինը՝ 3500, պղպեղինը՝ 4500, շոկոլադի 1կգ-ը (տեսականի գրեթե չկա) 7000-8000-ի սահմաններում է տատանվում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մրգերի ու բանջարեղենի շատ տեսակներ, օրինակ՝ խնձոր, նարինջ, գազար, առհասարակ, չկան։ «Կտրոնները ձեռքներիս՝ շրջում ենք, բայց չենք կարողանում խանութներից անգամ առաջին անհրաժեշտության միրգ կամ բանջարեղեն գնել»,-ասաց արցախցի մեր զրուցակիցը: Սրան զուգահեռ՝ Արցախում գործազրկությունն է ավելացել, իսկ աշխատավարձերը կտրուկ նվազել են: Ստացվում է՝ արցախցիները, որ արդեն 3 ամսից ավելի է՝ շրջափակման մեջ են, թշնամու ուղիղ նշանառության տակ, նաեւ հումանիտար աղետի հետեւանքներն են ամենայն դառնությամբ կրում։
«Հրապարակ» թերթը գրում է. Սյունիքից տեղեկացանք, որ մի քանի օր առաջ Որոտան համայնքում սահմանապահ է ինքնասպան եղել: Ինքնասպան եղած անձն Աբովյանից էր, որտեղ երեկ հուղարկավորել են սահմանապահին։ Սակայն ուշագրավ է, որ պատկան մարմինները, այս դեպքում՝ ԱԱԾ-ն, այդ մասին որեւէ հաղորդագրություն չեն տարածել։ Սյունեցի մեր զրուցակցի պնդմամբ` թե՛ ԶՈՒ-ում, թե՛ սահմանապահ զորքերում ինքնասպանության դեպքերը վերջին շրջանում հաճախացել են, սակայն այս համակարգում տիրող անտերության եւ դրա արդյունքում արձանագրվող դեպքերի չնչին տոկոսի մասին է միայն պաշտոնապես հաղորդվում։