23.11.2024
Արևմտյան մայրաքաղաքներում մեզ «բարի աչքով» չեն նայելու՝ ՌԴ հասցեին փնթփնթալու համար
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի հետ բանակցողներից մեկը Մուրադովի մտերիմն է․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. Արցախում ռուս խաղաղապահների շտաբում երեկ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումն է կայացել: Ի տարբերություն նախորդների, երեկ նաեւ լուսանկար տարածվեց։ Տեսանք, որ Արցախից Ադրբեջանի հետ բանակցող են նշանակվել Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանն ու ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը։ Վերջինս Վիտալի Բալասանյանի՝ ԱԽ քարտուղար աշխատելու ընթացքում համանուն անունով վարչությունն էր ղեկավարում ու Վիտոյի հետ մշտապես ներկա էր լինում ադրբեջանցիների հետ հանդիպումներին։ Բալասանյանի պաշտոնանկությունից հետո, կառույցի օպտիմալացման հետեւանքով, այս վարչությունը լուծարվել է։ Մարտիրոսյանն ադրբեջանցիների հետ բանակցություններին մասնակցել է խաղաղապահների նախկին ղեկավար գեներալ Մուրադովի միջնորդությամբ, ում հետ նա մտերիմ հարաբերություններ ունի: Նախ՝ ռուսական բանակում են միասին ծառայել, դրանից բացի, Մարտիրոսյանի որդին 44-օրյա պատերազմում անհետ կորածների թվում է։ Վերջինս որոնողական աշխատանքներին ակտիվ մասնակցություն է ունեցել` ռուս խաղաղապահների հետ, ու այդպիսով ավելի սերտացել է նրանց կապը։ Նկատենք, որ երեկվա հանդիպմանը արցախյան բանակցողների շարքերում երրորդ անձ էլ կար, լուսանկարում, սակայն, նրա թեւի մի փոքր մասն է երեւում: Արցախյան աղբյուրները չեն բացառում, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Կաշենի հանքի սեփականատերը։ Իսկ Ադրբեջանը Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովին էր ուղարկել, ով, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ծնվել է Մարտակերտում, սովորել է Շուշիի դպրոցում։


«Հրապարակ» թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Արցախի թեման սահուն ջնջում են ներհայաստանյան օրակարգից։ Երեկ ԱԺ-կառավարություն հերթական հարցուպատասխանի ընթացքում, որին ընդդիմադիրները կրկին չէին մասնակցում, ընդամենը մեկ հարց է եղել Արցախին առնչվող։ Պատգամավոր Էմմա Պալյանը հետաքրքրվել է խաղաղության պայմանագրի ճակատագրից, ավելի կոնկրետ Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված առաջարկների ճակատագրից, որին ի պատասխան՝ Փաշինյանն ասել է, որ մեր ուղարկած տարբերակին Ադրբեջանը դեռ չի արձագանքել։ Փոխարենը` շուրջ մեկուկես ժամ քննարկել են ժողովրդագրական, ոստիկանական բարեփոխումների, կրթական, առողջապահական ոլորտի հարցեր, մինչեւ անգամ աղջիկ երեխաների աբորտն արգելելու հարցերը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կառավարությունը շարունակում է արտաքին անվտանգության ապահովումը համարել առանցքային մարտահրավեր: Այս մասին նաեւ նշված է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.)՝ 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցում: 2022 թվականն ամփոփվել է 12,6% տնտեսական աճով: Զեկույցում ներկայացված են տվյալներ նաեւ սեպտեմբերյան ագրեսիայի մասին. ագրեսիայի հետեւանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ քաղաքացիական 3 անձ, վիրավորվել է 293 զինծառայող եւ քաղաքացիական 7 անձ, գերեվարվել է 20 զինծառայող: 2021 եւ 2022 թվականների ընթացքում Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիաների հետեւանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի ավելի քան 150 քառակուսի կիլոմետր հատված։ Զեկույցի մեջ անվտանգության ապահովումը՝ որպես մարտահրավեր, ոչ մեկ անգամ է նշված: Սա նշանակում է, որ իշխանությունները եւս խոստովանում են, որ 2018 թվականից ի վեր չեն կարողանում ապահովել Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգությունը, եւ սա՝ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն ամեն առիթով հայտարարում էր. «Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են եւ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում»: Փաստացի այսօր ոչ ոք չի ապրում ազատ, երջանիկ կամ անվտանգ Հայաստանում, այսինքն՝ այս խոստումը եւս չկատարվեց, գուցե՝ անհաղթահարելի երեւույթների հետեւանքով, բայց փաստը փաստ է:


«Փաստ» օրաթերթը գրում է. Այդպիսի արտահայտություն կա՝ «դիվանագիտական լեզու»: Սովորաբար «դիվանագիտական լեզուն» գործածվում է քաղաքական հարաբերությունների «բարձրագույն լիգայում», բարձրաստիճան դիվանագետների քննարկումներում, հայտարարություններում, ասուլիսներում: Մյուս կողմից՝ երբ բարձրաստիճան դիվանագետներն սկսում են զգացմունքային բառեր ու արտահայտություններ գործածել, պետք է հասկանալ, որ բանը բանից անցել է կամ առնվազն բանը բուրդ է: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրերս այցելել էր Բաքու, որտեղ հանդիպեց Ալիևի հետ, ապա իր ադրբեջանական գործընկերոջ հետ ասուլիսվեց: Եվ ահա, այդ ասուլիսում Լավրովին ուղիղ հարց են տալիս, թե նա ինչպե՞ս կմեկնաբանի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե՝ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը ՀՀ անվտանգությանն ուղղված սպառնալիք է: Լավրովն էլ ոչ տարավ, ոչ բերեց, թե՝ «Հայաստանի ղեկավարի հայտարարությունն ամբողջությամբ թողնում եմ նրա խղճին»: Այո, խղճին է թողնում: Փաշինյանի... Իսկ հետո էլ Լավրովը բավականին երկար խոսեց այն մասին, որ Հայաստան գործուղված Եվրամիության դիտորդներն են տարածաշրջանի համար վտանգ ներկայացնում, և որ իրենք տեսնում են, թե «ինչպես է Եվրամիությունը բացահայտ չարաշահում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ունեցած իր հարաբերությունները, այդ թվում Հայաստանի տարածքում առաջ տանելով լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկածներ առաջացնող իր, այսպես կոչված, առաքելությունը...», և այլն, և այլն (կարդացած կլինեք):


Ի՞նչ ենթադրություններ կարելի է անել Լավրովի ոչ այնքան դիվանագիտական, որքան՝ հրապարակախոսական հռետորաբանությունից: Նախ՝ «ռազմավարական դաշնակից» համարվող Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները հասել են վատացման կրիտիկական կետի, չնայած Կրեմլը հանդուրժում է Փաշինյանի ռեժիմը միայն այն բանի համար, որ ունի ինչ-ինչ եռակողմ պայմանավորվածություններ, որոնց իրականացումը, կարծում է, տարածաշրջանում իրենց ինչ-որ բան դեռ կարող է տալ: Երկրորդ՝ Ռուսաստանում ըստ արժանվույն կամ համարժեք են գնահատել Հայաստանի անվտանգությանն սպառնալու մասին Փաշինյանի հայտարարությունը: Եվ եթե արդեն նրա խղճին են հղում անում, ապա կարելի է չկասկածել, որ հետևանքները կարող են բավականին անխիղճ լինել, բայց արդեն ոչ թե Փաշինյանի, այլ առհասարակ՝ Հայաստանի ու հայության համար: Երրորդ՝ Ռուսաստանը նախընտրում է խոսել կամ պայմանավորվել Հայաստանի ռազմավարական թշնամի Ադրբեջանի հետ, այդ թվում՝ ուղղակիորեն հայկական շահերին վերաբերող հարցերում: Իսկ ո՞ւր է Հայաստանը: Իսկ Հայաստանը այդ քննարկումներում ընդամենը սեղանին դրված օբյեկտ է, որն ով ինչպես ուզում, այնպես էլ կտրում-կարկատում է: Ի դեպ, Լավրովը միայն Բաքու գնաց, Երևան չեկավ:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավորները որոշել են ամեն շաբաթ խորհրդարան կանչել նախարարներից կամ ուժային կառույցներից որեւէ մեկին՝ փակ քննարկման: Այս ընթացքում խորհրդարան են եկել ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, երեկ էլ ԱԺ էր եկել ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը: Հնարավոր է՝ առաջիկայում ՔՊ-ականների հետ փակ հանդիպման գա նաեւ Արարատ Միրզոյանը: ՔՊ-ական պատգամավորներին «հրահանգվել է» մեկ մարդու պես գալ ու ներկա լինել այդ բոլոր հանդիպումներին: Մեր տեղեկություններով՝ այս հանդիպումներին թեեւ «հույժ գաղտնի» հարցեր չեն քննարկվում, բայց ՔՊ-ականները փորձում են ամեն կերպ փակ պահել հանդիպման մանրամասները: Այս հանդիպումները տեղի են ունենում հիմնականում հարցուպատասխանի ձեւով. իշխող ֆրակցիայի պատգամավորները հարցեր են ուղղում նախարարներին, երբեմն նաեւ «ուղղորդումներ» են տալիս:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պատրաստվում է ԳՇ պետ Էդուարդ Ասրյանին լսելուց հետո հանձնաժողով հրավիրել ԳՇ նախկին պետերին: Ստացվում է, որ առաջիկայում հանձնաժողով պետք է ներկայանան ԳՇ նախկին պետ, ներկայումս անորակ հրթիռների գործով մեղադրյալ Արտակ Դավթյանը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ ԳՇ նախկին պետերին լսելուց հետո գործը կհասնի պաշտպանության նախարարներին: Այստեղ հանձնաժողովում հարց է բարձրացվել նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ նախարար եղած Դավիթ Տոնոյանի մասին, որը կալանքի տակ է. հարց է հնչել՝ ինչպե՞ս պետք է լուծել նրան ԱԺ կանչելու հարցը: Մեր տեղեկություններով՝ որոշվել է, որ հանձնաժողովը կգնա «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալ», թեեւ քննիչը արգելանք է դրել նրա բոլոր տեսակցությունների վրա: Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովն օրերս կենդանության նշաններ ցույց տվեց։ Մեկ տարի առաջ ստեղծված հանձնաժողովը միայն օրերս առաջինը հանձնաժողով հրավիրեց Զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին: Նա պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնը։ Նշենք՝ առաջիկայում «ԱԺ կանոնակարգ»-ում փոփոխություն է կատարվելու, ըստ որի՝ հանձնաժողով չներկայացողներին պատասխանատվության կենթարկեն։


«Հրապարակ» թերթը գրում է. Պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող որոշ կառույցներում դժգոհություններ են հասունացել: Նախարարության եւ «Դեմոկրատիան՝ այսօր» ՀԿ-ի համագործակցության շրջանակներում այդ կառույցներում դասախոսություններ են կարդում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325՝ «կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» բանաձեւի վերաբերյալ։ Նման դասախոսություն են կարդացել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների համար, մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում, խաղաղապահ զորքերի բրիգադի զինծառայողների համար եւ այլուր։ 1325 բանաձեւն ընդգծում է կանանց դերը հակամարտության լուծման, խաղաղարարական, խաղաղաշինական եւ բանակցային գործընթացներում, կարեւորում է կանանց հավասար մասնակցությունը նշված բոլոր գործընթացներում՝ որպես անվտանգության եւ խաղաղության հաստատման կարեւորագույն երաշխիք: Սակայն դասախոսություններում ոչ այնքան կանանց դերի մասին են խոսում, որքան՝ խաղաղության: Մեզ ահազանգած զինվորականները տարակուսում էին, որ ՊՆ գերատեսչություններում խաղաղություն են քարոզում, փոխանակ պատերազմի պատրաստվեն եւ զինվորական գործ քարոզեն: Այս իշխանությունների` պետության հանդեպ դավաճանությունը, ըստ զինվորականների, հասել է այնտեղ, որ անգամ զինծառայողներին են փորձում խաղաղության նարատիվը ներշնչել եւ հակապատերազմական քարոզչություն իրականացնել, փոխանակ բանակը համալրելու, զենք ներկրելու եւ ռեւանշի քարոզ տանելու։ Ի դեպ, «Դեմոկրատիան՝ այսօր» ՀԿ նախագահ Գյուլնարա Շահինյանը նախկինների կադրերից է` տարիներ առաջ Երեւանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետն էր:


«Հրապարակ» թերթը գրում է. Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի ցանկում է ներառված Ազգային անվտանգության ծառայությանը Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրում հողատարածք տրամադրելու հարցը։ Խոսքը 1 մլն 121 հազար դրամ կադաստրային արժեքով, 1.2 հա մակերեսով հողատարածքի մասին է։ Ներկայում այդ հողամասը համարվում է պետության սեփականությունը, սակայն պետական որեւէ մարմնի ամրակցված չէ։ Թե կոնկրետ ինչի համար է հողատարածքը տրամադրվում Ազգային անվտանգության ծառայությանը, նախագծում չի նշվում։ Կառավարության որոշման նախագծի հեղինակն ԱԱԾ-ն է, որպես հիմնավորում նշում են, որ հողատարածքն ԱԱԾ-ին պետք է «իր առջեւ դրված խնդիրների արդյունավետ իրականացման համար»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը վերջերս նշանադրվել է նույն իշխանական խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի օգնականի՝ Ռոման Տերտերյանի հետ: Վերջինս նախկինում ազգությամբ ռուս պատգամավոր Ալեքսանդր Սանդիկովի օգնականն էր: Հատկանշական է, որ Մարիամ Պողոսյանը եւս նախկինում եղել է պատգամավորի օգնական. Նա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի օգնականն էր եւ այս գումարման խորհրդարանում պատգամավոր դարձավ: Մեր տեղեկություններով՝ Մարիամ Պողոսյանը եւ Ռոման Տերտերյանը բավականին երկար ժամանակ է, ինչ ընկերություն էին անում, իսկ վերջերս արդեն նշանադրվել են: Զույգը մտադիր է այս տարի ամուսնանալ, եւ երեկ արդեն միասին ծաղիկներ էին խոնարհում մարտի 1-ի զոհերի նորադիր արձանի մոտ: