Արևմտյան մայրաքաղաքներում մեզ «բարի աչքով» չեն նայելու՝ ՌԴ հասցեին փնթփնթալու համար
Արևմտյան մայրաքաղաքներում մեզ «բարի աչքով» չեն նայելու՝ միայն այն պատճառով, որ առավոտից- երեկո փնթփնթում ենք ռուսների հասցեին. այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը և շարունակում.
«Առաջին անգամը չէ, որ իշխանության վերնախավում հայ- ադրբեջանական հարաբերությունների, ԼՂ խնդրի կարգավորման հարցում տրամագծորեն տարբեր դիրքորոշումներ են:
ԱԳ նախարարի ու ԱԽ քարտուղարի հրապարակային կարծիքների տարբերությանն արդեն «վարժվել» էինք, հիմա էլ Ալեն Սիմոնյանն է իր «ինքնատիպ» մոտեցումներով «աջաբ սանդալի» վերածում պաշտոնական Երևանի տեսակետ ասվածը:
Եթե անգամ Երևանում խաղաղության պայմանագրի կառուցվածքի ու բովանդակության մասին ընդհանուր մոտեցում չկա, ինչո՞ւ կամ ինչպե՞ս ենք ակնկալում, որ արտաքին աշխարհում՝ մեր հարևանների կամ միջնորդների մոտ, պետք է դրական ըմբռնում ձևավորվի հայկական օրակարգի շուրջ:
Կամ՝ ինչքանո՞վ է ադեկվատ, որ հենց Լավրովի Բաքու այցի օրը, Հայաստանի խորհրդարանի ղեկավարն անում է «առավելագույնը»՝ Մոսկվայի ու Բաքվի օրակարգերի «ներդաշնակությունն» ապահովելու համար՝ ռուսական կողմին մեղադրելով «ջղաձգումների ու նյարդային արձագանքների» մեջ:
Եթե անգամ Հայաստանի ստրատեգիական կողմնորոշման փոփոխություն է նախապատրաստվում, անիմաստ է դա անել նման պրիմիտիվ ձևով՝ պատասխանատվության խնդիր չձևակերպելով Արևմուտքի առջև:
Արևմտյան մայրաքաղաքներում մեզ «բարի աչքով» չեն նայելու՝ միայն այն պատճառով, որ առավոտից- երեկո փնթփնթում ենք ռուսների հասցեին:
Սա քաղաքականություն չէ, այս ամենը լիրիկական զեղում է հիշեցնում:
Բայց, թերևս, անիմաստ ու անլուրջ է ադեկվատություն պահանջել Հայաստանի այսօրվա վերնախավից՝ նկատի ունենալով նրա իմպուլսիվ վարքագիծը, դիլետանտիզմը, իռացիոնալիզմը»,- գրել է Սուրենյանցը: